Չենք ցանկանում դառնալ գազի ճորտը. Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորկյանը գրում է.

««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մտադրությունը 2020թ. հուլիսի 1-ից գազի գինը 36 տոկոսով բարձրացնելու մասին, կարող է պայթյունի էֆեկտ ունենալ Հայաստանի տնտեսական կյանքում և լրջորեն խաթարել մեր բնականոն զարգացման ընթացքը:

Ընդունված ձեռագրի համաձայն՝ սկզբից ներկայացվում է մի աստղաբաշխական թիվ, այնուհետև՝ ինչ-որ բանակցությունների արդյունքում չնչին զիջումներ են արվում՝ տպավորություն ստեղծելով, թե ընդառաջվել է հայկական կողմին:

Արդյունքում՝ լուծվում է իրենց առջև դրված խնդիրը:
Գաղտնիք չէ, որ աշխարհում գազի գինը մշտապես լուծվում է քաղաքական որոշման արդյունքում, այլ կերպ ասած՝ գազն առաջին հերթին քաղաքական գործիք է՝ տարբեր շահեր առաջ քաշելու և լուծելու համար, և ակնհայտ է, որ մեր դեպքում նույնպես, ինչպես միշտ, գազի վերջնական գինը սահմանվելու է քաղաքական պայմանավորվածության արդյունքում:

Եվ այստեղ խնդիրը դառնում է ոչ այնքան գազի գինը, այլև առաջին պլան է մղվում երկու ռազմավարական դաշնակից պետությունների միջև խնդիրների լուծման տրամադրվածությունը:

Հայաստանը Ռուսաստանի հետ միասին գտնվում է միևնույն ռազմաքաղաքական, ինչպես նաև մեկ միասնական տնտեսական համակարգում, որպիսի պայմաններում փոխադարձ շահերի անտեսումը կարող է էապես նվազեցնել այդ համակարգերի նկատմամբ ունեցած վստահությունն ու հեղինակության աստիճանը:

Իմ խորին համոզմամբ, այսպիսի արտակարգ իրավիճակում, որում հայտնվել է ողջ աշխարհը, նման հայտի ներկայացումը չի բխում Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունների բնույթից, էությունից, ԵԱՏՄ փիլիսոփայությունից, և առահասարակ երկու ժողովուրդների հարաբերությունների բովանդակությունից:

Կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները պետք է փորձեն հնարավորինս արագ պարզել Ռուսաստանի գործընկերներից, թե ո՞րն է այն քաղաքական գինը, որ Կրեմլը փորձում է ստանալ այս որոշման միջոցով, և արդյո՞ք այն վճարվող գին է, եթե, իհարկե, արդեն պարզ չէ:

Գազի գինը համաշխարհային շուկայում ներկայումս նվազում է, և առնվազն տարակուսանք է առաջացնում վերը նշված հայտի ներկայացումը:
Այս իրողությունների առկայությունը պետք է ճիշտ հակառակ որոշման հիմք դառնար, և այսօր պետք է քննության առնվեր գազի գնի շոշափելի նվազման հարցը:

Ի՛նչ խոսք, Հայատանի իշխանությունները կանգնած են լրջագույն խնդրի առաջ:

Ամենաբարձր մակարդակով պետք է քննարկել Ռուսաստանի հետ՝ գազի գինը գոնե ներկայումս անփոփոխ թողնելու համար, եթե ոչ նվազեցնելու:

Բացի այդ, ժամանակն է վարել իսկապես սուվերեն քաղաքականություն՝ այլընտրանքային էներգետիկ ռեսուրսների ձևավորման, ստեղծման և ապահովման ուղղությամբ՝ պարզորոշ հասկացնելով ռուս գործընկերներին, որ դրանով լուծվում է բացառապես Հայաստանի տնտեսական անվտանգության խնդիրը, որը չի կարող որևէ կերպ ուղղված լինել ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դեմ:

Այլ կերպ ասած, պետք է շատ պարզ խոսենք մեր բարեկամների հետ, որ չենք ցանկանում դառնալ գազի ճորտը»: