Եվրոպան օրակարգ է բերում հայ ռազմագերիների հարցը. «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը «Արմենպրեսի» փոխանցմամբ, գրել է.

«Եվրոպական կառույցները գերիների խնդիրն այսօր բերել են իրենց հիմնական օրակարգ: Մարտի 9-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է Նախարարների կոմիտեին տեղեկացնել Ադրբեջանի կողմից գերեվարված հայերի վերաբերյալ կիրառված միջանկյալ միջոցների մասին։ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ 249 հայերից 72-ը դեռևս Ադրբեջանում են, որոնց գերությունն ու կալանավորումն ադրբեջանական կողմը ճանաչել է, իսկ մնացած 112 անձանց մասին հավաստիացրել է, որ տեղեկություն չունի:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը, պահելով ռազմագերիներին, փորձում է նրանց օգտագործել հայկական կողմի դեմ ճնշումներ գործադրելու համար, որը ոչ միայն մարդասիրական լուրջ խնդիր է, այլև ուղղակիորեն փաստում է, որ Ադրբեջանի առաջնորդը, մեղմ ասած, անկեղծ չէ իր արտահայտություններում և գործընկեր միջազգային կառույցների հետ հարաբերություններում:

Եթե իրականում Ադրբեջանը ձգտում է ինչ-որ կերպ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, ապա ռազմագերիներին վաղուց պետք է վերադարձրած լիներ:

Դրան կհաջորդեին տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, փախստականների վերադարձն իրենց բնակության մշտական վայրեր: Այսօր Ադրբեջանի պահվածքը կարող է ընդամենը հարցի լուծումը տանել փակուղի՝ վտանգի տակ դնելով նաև եռակողմ հայտարարության դրույթների կատարումը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։