Թոշակ, աշխատավարձ բարձրացնելու համար պարտք չենք վերցնում, պարտքը ծախսում ենք միայն կապիտալ նպատակներով. Փաշինյան

Հայաստանի կառավարությունը պարտքը ծախսում է միայն կապիտալ նպատակներով, աշխատավարձ, թոշակ բարձրացնելու համար պարտք չի վերցնում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներում:

«Մենք պարտքի կառավարման ռազմավարություն ունենք: Կառավարության ծրագրով նաև արձանագրել ենք, որ մինչև 2026թ պարտքի ցուցանիշը ՀՆԱ-ի նկատմամբ 60 տոկոսից ցածր լինելու դեպքում մենք գոհ կլինենք: Բայց, ըստ էության, այս ցուցանիշը մենք գնահատում ենք, որ իրականացրել ենք առաջանցիկ: 2022-ի արդյունքներով պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշը կազմում է 46.7 տոկոս: 2017-ին այդ ցուցանիշը եղել է 58.9 տոկոս»,-ասաց Փաշինյանը:

Նա հաստատեց, որ նոմինալ պարտքը մեծացել է: Սակայն, ըստ վարչապետի, մեծացել է նաև հասկանալի պատճառներով, անխուսափելիորեն, որովհետև, վարկային ծրագրեր կան, օրինակ՝ Հյուսիս-հարավը և այլն, որոնք  ի սկզբանե պլանավորված է եղել իրականացրել արտաքին ռեսուրսների հաշվին: Կորոնավիրուսի կառավարումը ևս շատ մեծ ռեսուրսներ է տարել Հայաստանից, արտաքին պարտքն այդ ժամանակ նույնպես մեծացել է:

«Պարտք ասելով՝ մենք նկատի ունենք վարկային բեռը: Սակայն եկեք հարցին նայենք հակառակ տրամաբանությամբ․ եթե որևէ ընտանիքի բարեկեցությունն աճում է, սկսում են ավելի շատ եկամուտներ ստանալ, նրանց պարտքի բեռն ավելանո՞ւմ է, թե՞ պակասում: Այսօր, մեծ մասամբ, ավելանում է, որովհետև, երբ հնարավորություններ են ավելանում, նրանք նախընտրում են ավելի մեծացնել իրենց բարեկեցության մակարդակը: Շատ կարևոր է արձանագրել, որ շատ վաղուց Հայաստանում պարտքը ծախսում ենք միայն կապիտալ նպատակներով և մենք, օրինակ, ընթացիկ ծախսեր իրականացնելու համար պարտք չենք վերցնում, այսինքն՝ թոշակ, աշխատավարձ բարձրացնելու համար պարտք չենք վերցնում: Ընթացիկ ծախսերի դեպքում, երբ մի անգամ այդ ծախսը ստանձնեցիր, այն հավերժ մնում է»,-ասաց վարչապետը:

Նա վստահեցրեց, որ աշխատավարձերի բարձրացման համար միայն սեփական եկամուտներն են օգտագործում: