Սեւ ուրբա՞թ. «Այսօր փաստացի 10 հազար դրամանոց ապրանքը կարելի է վաճառել 15 հազարով, հետո՝ 12 հազարով, անունը դնել զեղչ»

Սեւ ուրբա՞թ. «Այսօր փաստացի 10 հազար դրամանոց ապրանքը կարելի է վաճառել 15 հազարով, հետո՝ 12 հազարով, անունը դնել զեղչ»
Սեւ ուրբա՞թ. «Այսօր փաստացի 10 հազար դրամանոց ապրանքը կարելի է վաճառել 15 հազարով, հետո՝ 12 հազարով, անունը դնել զեղչ»

Հայաստանին սպառողին պաշտպանելու համար օրենսդրական կարգավորումներ են պետք, պետությունը պետք է սպառողի կողքին կանգնելու հստակ քաղաքականություն վարի։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով «Սև ուրբաթ» կոչվող ակցիային։

«Մենք, ցավոք սրտի, չունենք նորմալ իրավական դաշտ, որը կկանոնակարգեր զեղչերի ոլորտը։ Բացի դա, որևէ պետական կառույց անգամ ազդակ չի տվել, որ՝ գիտեք, խիստ ենք լինելու, որ գոնե կանխարգելիչ էֆեկտ լինի։ Այսօր փաստացի 10 հազար դրամանոց ապրանքը կարելի է վաճառել 15 հազարով, հետո՝ 12 հազարով, անունը դնել զեղչ»,- «Մեդիալաբին» ասում է Բաբկեն Պիպոյանը։

Նրա խոսքով՝ օրենսդրական բացի պայմաններում տնտեսվարողներից շատերը կարող են իրենց չարաշահումներ թույլ տալ։ Բայց միաժամանակ, ըստ մասնագետի, չենք կարող պնդել, որ Հայաստանում միայն չարաշահումներ են, որովհետև կան նաև քաղաքացիներ, որոնք այս օրերին իրական զեղչերի են հանդիպում։

Հայաստանում վերջին տարիներին պարբերաբար անցկացվող «Սև ուրբաթ» ակցիան, որ նպատակը խանութների ապրանքները զեղչելն է, թեև սպառողներին վստահություն չի ներշնչում, սակայն ակցիայի օրերին առևտրի կենտրոններն ու խանութները լեփ-լեցուն են հաճախորդներով։ «Աննախադեպ զեղչեր՝ «Սև ուրբաթի» շրջանակներում», «Իրական զեղչ», «Մեծ զեղչեր»՝ գրեթե բոլոր խանութների գովազդները վերջին օրերին այսպես են սկսվում։

Այս տարի «Սև ուրբաթը» նշվում է նոյեմբերի 29-ին: Սպառողները պարբերաբար բարձրացրել են խնդիրը, որ «Սև ուրբաթի» օրերին իրականում Հայաստանի խանութներում ոչ մի էական զեղչ չի լինում:

«Ֆեյսբուքում» մի շարք օգտատերեր կարծիք են հայտնում, որ իրականում «Սև ուրբաթ» չկա, խաբեություն է։ «Խաբում են, չհավատա՛ք, ես դրա մեջ եմ աշխատում, տեսնում եմ, թե ինչպես են խաբում մարդկանց»,- «Ֆեյսբուքում» գրել է օգտատերերից մեկը։

Կահույքի սրահներից մեկում զեղչերի հայտարարության վերաբերյալ օգտատերերը գրել են, որ իրականում զեղչեր չեն եղել։ «Խաբեություն է, տարածե՛ք՝ մարդիկ չգնան հասնեն էնտեղ»,- գրել է օգտատերերից մեկը։

Մեկ այլ օգտատեր հաշվարկել է, որ իր նախընտրած հագուստը, որի գինը նախկինում տեսել էր, ոչ թե 60 տոկոսով էր զեղչվել, ինչպես խանութում էր գրված, այլ նախկին գնի համեմատ 6 տոկոսով։ Որոշ օգտատերեր էլ կարծիք են հայտնում, որ «Սև ուրբաթի» անվան տակ զեղչով միայն անորակ ապրանք են վաճառում մարդկանց։

Բաբկեն Պիպոյանն ասում է, որ իրենց վերլուծությունները ցույց են տվել, որ իրականում «Սև ուրբաթ» ակցիայի շրջանակներում զեղչեր և՛ լինում են, և՛ չեն լինում Հայաստանում։ Այդ ուսումնասիրությունները, նրա խոսքով, բավարար չեն համակարգային գնահատական տալու համար։

«Ամբողջ աշխարհում այս ակցիան տարբեր է անցկացվում, կան երկրներ, որտեղ իրական զեղչեր են լինում, կան նաև մեր երկրի պես երկրներ։ Այդ ակցիայի իմաստն այն է, որ մարդիկ զեղչով ձեռք բերեն իրենց անհրաժեշտ ապրանքը։ Հայաստանի պայմաններում մենք չենք կարող հույսներս դնել միայն բիզնեսի բարեխղճության վրա՝ ակնկալելով, որ կձևավորվի լավ մշակույթ, և բարեխիղճ տնտեսվարողների թիվը կավելանա: Բարեխիղճ տնտեսվարողների թվի ավելացման համար անհրաժեշտ է, որ անբարեխիղճ տնտեսվարողն իմանա՝ պետությունը սատար է կանգնելու սպառողների շահերին ու իրավունքների պաշտպանությանը»,- ասում է Պիպոյանը։

Մասնագետը սպառողներին խորհուրդ է տալիս՝ ապրանք գնելիս անպայման փորձել հասկանալ՝ այն գինը, որը հայտարարագրված է որպես իրական գին, իրակա՞ն է, թե՞ ավելացված։ Այսինքն՝ քաղաքացին նախքան զեղչի օրերին գնումներ կատարելը պետք է ապրանքների նախնական գնի մասին պատկերացում ունենա։

«Այսինքն՝ եթե մենք տեսնում ենք 60 հազար դրամանոց ապրանքը 30 կամ 50 տոկոսով զեղչված, մենք պետք է հասկանանք՝ այդ ապրանքը երեկ 35 հազա՞ր էր, 25 հազա՞ր, թե՞ 60 հազար։ Եվ բոլոր այն դեպքերում, երբ մենք չունենք կողմնորոշիչ թիվ՝ հասկանալու համար, թե այս ապրանքի գինը որքան է եղել, պետք է հրաժարվենք այդ գնումից և չխաբվենք։ Քաղաքացին պետք է տրամադրվի այսպես՝ զեղչի օրը գնամ ձեռք բերեմ այն ապրանքը, որի գինը նախկինում տեսել եմ»,- ասում է Բաբկեն Պիպոյանը։

Մասնագետի խոսքով՝ իրավիճակի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար պետությունը պետք է մոնիթորինգ իրականացնի այս ոլորտում։ Բացի դա, իրավակարգավորման մեխանիզմներ պետք է ներդրվեն։ Իրավակարգավորումը պետք է ներդրվի, որպեսզի կարգավորվի, թե տնտեսվարողը ո՛ր դեպքում զեղչ հայտարարելու իրավունք ունի։

«Կարգավորումները պետք է ուղղված լինեն այն բանին, որպեսզի մարքեթինգն ու մոլորությունը տարանջատվեն իրարից»,- հավելեց նա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am