Ալեքսանդր Լապշինը Հայաստանի էկոլոգիական վիճակի վերաբերյալ սխալ տվյալներ է ներկայացրել. Fip.am

Ալեքսանդր Լապշինը Հայաստանի էկոլոգիական վիճակի վերաբերյալ սխալ տվյալներ է ներկայացրել. Fip.am
Ալեքսանդր Լապշինը Հայաստանի էկոլոգիական վիճակի վերաբերյալ սխալ տվյալներ է ներկայացրել. Fip.am

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ֆեյսբուքյան իր էջում նոյեմբերի 29-ին գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանի էկոլոգիական վատ վիճակին, որի պատճառով էլ, ըստ նրա, այստեղ շատ տարածված են օնկոլոգիական և սիրտ-անոթային հիվանդությունները։  

Բլոգերի գրառումը հայկական մի շարք կայքեր վերահրապարակել են, այդ թվում՝ News.am-ը, 168․am-ը, Tert.am-ը և այլն։ 

Գրառման մեջ, սակայն, Լապշինը ներկայացրել է մի քանի խնդրահարույց ցուցանիշներ:  «Փաստերի ստուգման հարթակը» փորձել է պարզել, թե որքանով են այդ ցուցանիշներն համապատասխանում իրականությանը։

Երևանը՝ ամենաաղտոտված քաղաքների տասնյակո՞ւմ

Ըստ Լապշինի՝ Համաշխարհային բանկի վարկանիշով Երևանը 2018 և 2019 թվականներին մտել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքների տասնյակ՝ այնպիսի քաղաքների հետ, ինչպիսիք են Դաքան (Բանգլադեշ), Կինշասան (Կոնգո) և Ջակարտան (Ինդոնեզիա)։

Համաշխարհային բանկի «Աղտոտումը և քաղաքի մրցունակությունը» զեկույցի համաձայն (էջ 16)՝ աշխարհի ամենաաղտոտված քաղաքների քսանյակի մեջ բացառապես Հնդկաստանի 2 և Չինաստանի 18 քաղաքներն են։

Ըստ Aqincn.org կայքի, որտեղ համաժամանակյա կարգով ներկայացվում է ամենաաղտոտված քաղաքների օդի որակի ինդեքսը (AQI), Երևանը չկա աղտոտված 50 քաղաքների վարկանիշում ևս։ Այս քաղաքների թվում են Դելին (Հնդկաստան), Սոֆիան (Բուլղարիա), Լահորը (Պակիստան) և այլ։ 

Նույն վարկանիշով, սակայն, Հայաստանը կարող է բարձր աղտոտվածություն ունեցող լավ ցուցանիշից մեկ օրում տեղափոխվել ավելի վատ ցուցիչ ունեցող հորիզոնականներ։ Դեկտեմբերի 3-ի  առավոտյան Հայաստանը զբաղեցնում էր 85-րդ հորիզոնականը, որը, գուցե, պայմանավորված է նախորդ օրվա տեղումներով։

Փաստացի, Լապշինի պնդումը, որ Երևանը 2018-ին և 2019-ին մտել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքների տասնյակ, չի համապատասխանում իրականությանը։ 

Օնկոլոգիայով հիվանդացության ցուցանիշը Երևանում

Լապշինը նշում է, որ «Երևանը մտել է կյանքի համար ամենավտանգավոր քաղաքների տասնյակ՝ օնկոլոգիայով հիվանդացության առումով, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վարկածով»։ 

Սակայն Fip.am-ը չգտավ վարկանիշային աղյուսակ, որը կներկայացներ օնկոլոգիայով հիվանդացության առումով կյանքի համար ամենավտանգավոր քաղաքները։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վարկանիշային աղյուսակի՝ Հայաստանում «չարորակ նորագոյացություն» հաստատված ախտորոշումով հիվանդների թվաքանակը 100,000 բնակչի հաշվով կազմում է 194.8, որը թեև բավական մտահոգիչ է, բայց հեռու է ցուցանիշով առաջին հորիզոնականը լինելուց։ 

Բլոգերի պնդմամբ՝ «Հայաստանում տարեկան գրանցվում է քաղցկեղով հիվանդանալու մոտ 9 հազար դեպք»։  

Ըստ Առողջապահության նախարարության «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգրքի՝ կյանքում առաջին անգամ հաստատված ախտորոշումով և ուռուցքաբանական հիմնարկներում գրանցված չարորակ նորագոյացություններով հիվանդների թիվը (116էջ) 2018-ին կազմել է 6847, 2017-ին եղել է 8389, իսկ 2016-ին՝ 8376։ Վերջին երկու տարվա վիճակագրությունը, թերևս, մոտ է բլոգերի նշած տվյալներին։ 

Լապշինը նշում է, որ «տարբեր աղբյուրների համաձայն՝ Հայաստանում գրանցվում է սրտի կաթվածի 20-30 հազար դեպք»։ Վերը նշված վիճակագրական տվյալներով՝ (88էջ) Հայաստանի բնակչության շրջանում արյան շրջանառության համակարգի հիվանդությունների գրանցված ընդհանուր հիվանդների թիվը կազմում է 257,703, որից ինսուլտ և ինֆարկտ՝ 2228, սրտամկանի սուր ինֆարկտ՝ 1937, սրտամկանի կրկնակի ինֆարկտ՝ 448, ուղեղի ինֆարկտ՝ 2541, իսկ ուղեղի ինֆարկտի՝ չառաջացնող նախա/և ուղեղային զարկերակների խցանում և նեղացում՝ 5987: Եթե այս ցուցանիշները ընդհանուր ներկայացնենք որպես կաթվածի դեպքեր, ապա ստացվում է 13,141 դեպք։ 

Ալեքսանդր Լապշինը նշում է, որ «մեկ տարում Հայաստանի 3 հազարից ոչ պակաս բնակիչ մահանում է քաղցկեղից»։ Այս ցուցանիշը ևս սխալ է, քանի որ, ըստ վիճակագրական կոմիտեի «Հայաստանի ժողովրդագրական ժողովածու» հրապարակման (էջ 39)՝ այդ թիվը շատ ավելին է. Հայաստանում չարորակ նորագոյացություններից 2018-ին մահացել է 5199 մարդ, 2017-ին՝ 5550։  

Գրառման մեջ բլոգերը նշում է, որ Երևանում (և առհասարակ Հայաստանում) չկա որևէ աղբ վերամշակող գործարան։ Մինչդեռ Հայաստանում պլաստիկի վերամշակման մեկ տասնյակի հասնող մեծ ու փոքր ընկերություններ  կան։ 

Իր իսկ ներկայացված թվերից հետո բլոգերը ոչ ստույգ հաշվարկ է արել և նշել, թե «ստացվում է, որ ամեն տարի Հայաստանը կորցնում է 3-5 հազար քաղաքացի՝ հիմնականում վատ էկոլոգիայի պատճառով, որոնց ընդհանրական թիվը 28 տարիների համար ստացվել է 80 հազար»։

Վերջում Լապշինը եզրահանգման է եկել, որ «սա տասն անգամ ավելի է, քան հանրապետությունը կորցրել է Ղարաբաղյան պատերազմում 1992-1994 թվականներին»։

Նշենք, որ ըստ Ստեփանակերտի Արցախյան պատերազմի զոհերի թանգարանի կայքի (Музей погибших воинов НКР, www.kniga.am)՝ 1991-1994 թթ․-ին Արցախյան պատերազմում  զոհվել է շուրջ 6500 հոգի։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինը ներկայացրել է տվյալներ, որոնք մեծամասամբ սխալ են։ Դրանցից մի քանիսն են միայն մոտ իրականությանը։ 

Նելլի Լազարյան

www.Fip.am