1+1 = Շքա՞մ ա. Ընտրական գործընթացում բնակչության թվերի մանիպուլացիան

1+1 = Շքա՞մ ա. Ընտրական գործընթացում բնակչության թվերի մանիպուլացիան
1+1 = Շքա՞մ ա. Ընտրական գործընթացում բնակչության թվերի մանիպուլացիան

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության` (ՀՀ ԱՎԾ) Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը 1991 թ. եղել է 3 512 000 մարդ, որի 58 %-ը (2 051 473) կազմել են ընտրելու իրավունք ունեցող՝ այսինքն՝ 18 տարին լրացած գործունակ անձինք:

Ընդհանուր և համակարգված ընտրական ցուցակների բացակայության, ինչպես նաև հաշվառման մեխանիզմների անորոշության պատճառով թերևս 1990-ականներին ընտրացուցակներում առկա էին բազմաթիվ բացեր և մեծ թվով բնակիչներ զրկված էին ընտրելու իրավունքից: Ժամանակի ընթացքում այս խնդրի կարգավորումը սակայն հանգեցրել է հակառակ ծայրահեղության:

2013 թ. ՀՀ բնակչության թիվը եղել է 3 017 100 մարդ, իսկ ընտրողների թիվը եղել է 2 509 434 կամ բնակչության թվի 83%: Այսինքն նշված 22 տարիների ընթացքում ՀՀ բնակչությունը պակասել է շուրջ 500 հազարով, միաժամանակ նույնքանով ավելացել է ընտրողների ընդհանուր թիվը (Տե՛ս Աղյուսակ 1):

Մինչդեռ ըստ ՀՀ ԱՎԾ բնակչության տարիքային բաշխվածության տարեկան միջին ցուցանիշի, մշտական բնակչության 25-30 % եղել է մինչև 18 տարեկան: Ստացվում է, որ մշտական բնակչության 70-76 % (կամ միջինը 73 %-ը) պետք է լիներ ընտրող (ինչպես ըստ Աղյուսակ 1-ի, եղել է 2003-2008):

Իսկ իրականում ստացվել է հետևյալ պատկերը. ընտրողների թվի տեսակարար կշիռը 2012 թ. ից անհամաչափ մեծացել է բնակչության ընդհանուր թվում, որը, եթե ընդունենք, որպես իրողություն, նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության անկախության առաջին տարիներին հատկապես Ղարաբաղյան պատերազմի ընթացքում երկրում ծնելիության աննախադեպ աճ է գրանցվել, որից հետո այն կտրուկ նվազել է:

Միևնույն ժամանակ Վանաձոր քաղաքի բնակչության և ընտրողների թվի հարաբերակցությունը ցույց է տալիս, որ ընտրողների թվի անհամաչափ աճի վերոնշյալ տենդենցը արհեստական միջամտության կամ թվային մանիպուլացիայի արդյունք է: Այսպես՝ 2001 թ. մարդահամարի տվյալներով Վանաձորի առկա բնակչությունը եղել է 93 823, իսկ մշտական բնակչությունը՝ 107 394:

2011 թ. մարդահամարի տվյալների համաձայն առկա բնակչության թիվը կազմել է 82 327 մարդ, իսկ մշտական բնակչության թիվը 86 199: Ստացվում է, որ Վանաձոր քաղաքի ընտրողների թիվը 2001 թ. պետք է լիներ  75 – 80 հազար, իսկ 2011 թ.՝ 60 – 65 հազար: Ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի տվյալների՝ 2005 թ. Վանաձոր քաղաքի ընտրողների ընդհանուր թիվը եղել է 101 205:

Մինչդեռ ՀՀ ԱՎԾ տվյալների՝ համաձայն, 2005 թվականին Վանաձորի մշտական բնակչության թիվը կազմել է 105 700 մարդ, այսինքն մշտական բնակչության 96 %-ն ունեցել է ընտրելու իրավունք: 2012-2013 թթ. բնակչության թվի նվազմանը զուգահեռ աճել է ընտրողների թիվը, որի արդյունքում Վանաձոր քաղաքի ընտրողների թիվը կազմում է մշտական բնակչության 112-113 %-ը, ինչը շուրջ 34 հազարով կամ 50 %-ով ավել է հաշվարկված թվից (Տե՛ս Աղյուսակ 2):

Հաշվի առնելով, որ ընտրողների ցուցակը ժամանակի ընթացքում լրացնող աշակերտների թիվը Վանաձոր քաղաքում նվազել է 43 %-ով (Տե՛ս ՀՔԱ Վանաձորի գրասենյակի «Վանաձոր քաղաքի ՏԻՄ կառավարման գնահատում 2008-2012 թթ.» զեկույցը) ակնհայտ է, որ պետք է նաև նվազեր ընտրողների թիվը, սակայն այս նվազման ակնհայտ տենդենցին զուգահեռ ընտրողների թվի աճի տենդենցն անտրամաբանական է, ավելին այն վկայում է միայն վիճակագրական տվյալների միտումնավոր կեղծման մասին, որը քրեորեն հետապնդելի արարք է:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ