Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի մոդելի փոփոխությունը Հայաստանում

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի մոդելի փոփոխությունը Հայաստանում
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի մոդելի փոփոխությունը Հայաստանում

Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող (ՀԱԽՈՒ) անձինք մեկուսացվում են հասարակությունից և կենտրոնացվում հատուկ հոգեբուժական հիվանդանոցներում և դիսպանսերներում։

Ինչպես ասվում է Հանրային քաղաքականության ինստիտուտի պատրաստած տեղեկագրում, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների ներկա համակարգը Հայաստանը ժառանգել է Խորհրդային Միությունից։ Ընդ որում, այս մոտեցումն արտացոլվում է նաև հասարակության մեջ հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների նկատմամբ վերաբերմունքում։ Մասնավորապես, հոգեկան խնդիրներով անձինք համարվում են ընտանիքի խարանը, մեկուսացվում են հասարակությունից՝ տանը կամ հոգեբուժական հաստատությունում:

Ինչպես նշվում է ՀՔԻ տեղեկագրում, Հայաստանում հոգեկան առողջության պահպանմանն ուղղված սոցիալական քաղաքականությունն ուրվագծվում է «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքով, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ կոնվենցիայով, «ՀԱԽՈՒ անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգով», «Հայեցակարգի իրականացման միջոցառումների 2013-2017 թթ․ ծրագրով» և «ՀՀ-ում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թթ․ ռազմավարությամբ»։

Վերոնշյալ փաստաթղթերի տրամաբանությամբ, Հայաստանում հոգեկան առողջության պահպանման համակարգը պետք է ապաինստիտուցիոնալացվեր, այսինքն՝ ավանդական խոշոր հոգեբուժական հաստատություններից պետք է անցում կատարվեր այլընտրանքային՝ ավելի փոքր, համայնքահեն խնամքի մոդելներին։  Բացի դա, ՀԱԽՈՒ անձանց հետ աշխատանքի հիմքում, բուժման մոտեցումից զատ, պետք է կիրառվեր նաև այդ անձանց սոցիալական վերականգնման մոտեցումը։

Սակայն, ինչպես նշվում է ՀՔԻ տեղեկագրում, Հայաստանում այս գաղափարներն աղավաղված են կյանքի կոչվել: Մասնավորապես, ՀԱԽՈՒ անձանց մի մասը որոշ խոշոր (մեծ տարածք և շահառուների բարձր թվաքանակ ունեցող) հաստատություններից պարզապես տեղափոխվել է ավելի փոքր (փոքր տարածք և շահառուների ցածր թվաքանակ ունեցող) հաստատություններ: Ապաինստիտուցիոնալացման գործընթացը մեխանիկական և կոսմետիկ բնույթ է կրել, այն չի ուղեկցվել ՀԱԽՈՒ անձանց խնամքի և բուժման մեթոդների ու մոտեցումների փոփոխություններով: Ըստ այդմ, ՀՔԻ-ն առաջարկում է մշակել մեթոդաբանություն և իրականացնել ՀԱԽՈՒ անձանց կարիքների գնահատում և գործարկել խնամքի նոր մոդել, որը թույլ կտա ծառայություն մատուցել ՀԱԽՈՒ անձին իր անմիջական միջավայրում (սա հենց համայնքահեն ծառայությունների մոտեցումն է՝ գործող ինստիտուցիոնալ հաստատությունների փոխարեն)։ Բացի սա, ՀՔԻ-ն առաջարկում է ստեղծել օրենսդրական երաշխիքներ, որ ՀԱԽՈՒ անձանց տրամադրվի նաև սոցիալ-հոգեբանական, սոցիալ-վերականգնողական աջակցություն։

Ինչ վերաբերում է ՀԱԽՈՒ անձանց ծառայություններ մատուցող կառույցներին, ապա ՀՔԻ-ն առաջարկում է այդ կառույցների հիմքում դնել ՀԱԽՈՒ անձանց իրավունքների նկատմամբ հարգանքը, իրազեկել այդ անձանց և նրանց հարազատներին իրենց իրավունքների մասին։

Լուսանկարը՝ «Մեդիալաբ»

«Իրազեկ քաղաքացիների միավորում»