Այսօր մեզ առավել քան երբևէ հարկավոր է իմաստություն, վստահություն, կայունություն, միաբանություն.ՀՀ նախագահ Խաչատուրյան

ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանում հիմա առավել քան հարկավոր է համարում իմաստությունը, վստահությունը, կայունությունը և միաբանությունը: 

Խաչատուրյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հատուկ նիստում՝ երդմամբ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո իր ելույթում:

Խաչատուրյանը նկատեց՝ այսօր ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնում է Հայաստանի ապագայի համար կարևոր մի ժամանակահատվածում, երբ երկիրը գտնվում է տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների բարդ շրջանում: «Մենք ականատեսն ենք արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրադարձությունների, որոնց արդյունքում գործող համաշխարհային անվտանգության համակարգերը վերափոխվում են: Այսօր մեզ առավել քան երբևէ հարկավոր է իմաստություն, վստահություն, կայունություն, միաբանություն»,- ասաց ՀՀ նախագահը:

Նա նկատեց՝ այսօրվա աշխարհը շատ արագ է փոփոխվում, որտեղ մրցակցությունը տարբեր ռեսուրսների համար ավելի կտրուկ է դառնում: «Այս իրավիճակում չափազանց կարևոր է, թե մենք ինչ պետություն ենք կառուցելու: Ի վերջո պետություն ունենալը մեր ինքնատիպ տեսակը պահպանելն է, զարգացնելը և այլ ազգերի հետ հարաբերվելու նոր հնարավորություններ ստանալը: Այս ամեն կիրագործվի, եթե վերաիմաստավորենք մեր ներկան և ամեն գնով կազմակերպվենք՝ ստեղծելու մեր նոր արժանապատիվ ապագան, որտեղ ամուր պետությունը մեր հանրային կյանքի վստահելի, արդար գործընկերը պետք է լինի»,- հավելեց Խաչատուրյանը:

Նախագահը շեշտեց՝ ցանկացած հասարակությունում, իսկ անցումային փուլում գտնվողների համար ավելի քան առանձնահատուկ կարևորություն են ստանում պետական ինստիտուտները: Հանրային կառավարման արդյունավետությունը, իշխանության տարբեր թևերի համագործակցությունը, ինչու չէ, նաև պետության հարատևությունը նա պայմանավորեց ինստիտուտների կայացվածությամբ:

«Չկայացած կամ թերի գործող պետական ինստիտուտները կործանարար ազդեցություն են ունենում պետությունների ճակատագրերի վրա: Առավել վտանգավոր է, երբ դրանք գործում են Սահմանադրությունից և օրենքներից դուրս: Արդյունքում՝ պետությունը վերածվում է մի խումբ մարդկանց շահեր սպասարկող մեծ պատժիչ մեքենայի, որն էլ ի վերջո խոչընդոտում է զարգացմանը, ցանկացած նոր մտահաղացումներին, առաջընթացին: Ցավոք սրտի, այս ամենի ականատես կամ մասնակիցը ոչ վաղ անցյալում եղել ենք նաև մենք»,- շեշտեց ՀՀ նախագահը: