Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Հեղինակ MediaLab

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:

Փոխվարչապետը հանդիպման սկզբում ներկայացրել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրները և այն հիմնական սոցիալական և տնտեսական բացասական հետևանքները, որոնց հաղթահարման ուղղությամբ ներկա պահին Կառավարությունը ջանքեր է գործադրում:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը հայտնել է եվրոպական կողմի պատրաստակամությունը շարունակելու աջակցել Հայաստանին, այդ թվում` պատերազմի հետևանքների վերացման գործում:

Հանդիպման ընթացքում Մհեր Գրիգորյանը շեշտել է նաև ռազմագերիների շուտափույթ վերադարձի կարևորության մասին:

ՀՀ փոխվարչապետը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգը և անդրադարձել տարածաշրջանի հնարավոր ապաշրջափակմանն առնչվող հարցերին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։