«Հատուկ ներկայացուցիչների այս հանդիպմանը փորձ կարվի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ուղենշային փաստաթղթեր կազմել». Անդրանիկ Իսպիրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը

  Պարո՛ն Իսպիրյան, Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին Վիեննայում: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս հանդիպումից, թուրքական կողմում ի՞նչ արձագանքներ կան սպասվելիք հանդիպման վերաբերյալ:

– Պատերազմից հետո առկա իրողությունները հաշվի առնելով, նաև Թուրքիայի բնական նկրտումներն ու ցանկությունները՝ թուրքական կողմն այսօր իրականում ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, դա արդեն նրանց ձեռնտու է, քանի որ չունեն նախկինում իրենց առջև ծառացած գլխավոր խնդիրը՝ ազատագրված տարածքների վերադարձը:

Սահմանների բացումն ավելի շատ Թուրքիային է ձեռնտու, քան Հայաստանին, սակայն Թուրքիան, տեսնելով Հայաստանի թուլացած ու պարտված վիճակը, փորձելու է ուղղակի առավելագույն զիջումներ կորզել Հայաստանից:

Երկրորդ հանդիպումից առանցքային ինչ-որ բաներ սպասելն այնքան էլ իրատեսական չեմ համարում, քանի որ հարաբերությունների կարգավորման գլխավոր կետը փաստաթղթերն են, իսկ երկրորդ հանդիպմանը որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու, մանավանդ որ բանագնացները նման իրավասություն էլ չունեն: Բայց, ի տարբերություն առաջին հանդիպման, որը ճանաչողական բնույթ էր կրում, այս հանդիպմանը փորձ կարվի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ուղենշային փաստաթղթեր կազմել:

Թուրքական մամուլում, պետական մակարդակով նշվո՞ւմ է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն առանց նախապայմանների է:

– Վերջին շրջանում ուղիղ ձևով նախապայմանների մասին չեն խոսում, սակայն թե՛ Էրդողանի, թե՛ մյուսների հայտարարություններում մշտապես կա Ադրբեջանի հետ համաձայնեցված գործելու մասին, որն արդեն իսկ նախապայման է:

Բայց վերջին շրջանում թուրքական կողմը նախապայմանների հռետորաբանությունը մի փոքր թուլացրել է, դա նկատելի է: Բայց տարբեր կուսակցապետեր, քաղաքական գործիչներ, այո՛, նախապայմաններ առաջադրում են, ինչը նորմալ է, որովհետև Թուրքիան մշտապես ունեցել է դրանք:

Պարո՛ն Իսպիրյան, իսկ նախապայմանների հռետորաբանության թուլացումը դիվանագիտական հնա՞րք է, թե՞ իսկապես Թուրքիան հրաժարվում է դրանցից:

– Ինչպես նշեցի, Թուրքիային արդեն ձեռնտու է հարաբերությունների կարգավորումը Հայաստանի հետ, դա բացարձակապես բխում է Թուրքիայի շահերից: Եթե անգամ Հայաստանը ոչ մի հայտարարություն էլ չաներ, կարծում եմ՝ Թուրքիան ինչպես միակողմանիորեն փակել էր սահմանը, նույն կերպ էլ բացելու էր:

Ասում եք, որ Թուրքիան այս պահին շահագրգիռ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, կասե՞ք՝ ինչով է բացատրվում այդ շահագրգռվածությունը:

– Առանց պատերազմի ու առանց լուրջ ջանքերի՝ Հայաստանն իր ազդեցության տակ առնելու ցանկությամբ: Երբ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորվեն, ու ամեն ինչ դառնա օրինական, թուրքական կապիտալը կմտնի մեր շուկա, թուրքական լոբբինգը կմտնի մեր երկիր, ու Թուրքիան կփորձի Հայաստանից հեռացնել դաշնակից Ռուսաստանին ու այդկերպ կչեզոքացնի Հայաստանից եկող հիմնական խնդիրները՝ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը, Կարսի պայմանագիրն ու այլն կփորձի հօգուտ իրեն լուծել, քանի որ երբ Հայաստանը լիովին արդեն կախվածության մեջ լինի Թուրքիայի տնտեսությունից, նրան այլ բան չի մնա անելու, քան ենթարկվելու թուրքական շանտաժին:

Պարո՛ն Իսպիրյան, Թուրքիայի փոխնախագահը հատարարել էր, որ մարտին ՀՀ վարչապետն այցելելու է Թուրքիա՝ Անթալիայի վեհաժողովին մասնակցելու, բայց ՀՀ արտգործնախարարությունը հերքել է այդ լուրը՝ նշելով, որ նման հարց չի քննարկվում: Այս կարգի հայտարարություններն ի՞նչ նպատակով են արվում:

– Կոնկրետ այս հայտարարությունը, կարծում եմ, թյուրըմբռնման հետևանք է, Չավուշօղլուի հայտարարությունը, որ Փաշինյանն ասել է՝ Ռուբինյանն ու Միրզոյանը հնարավոր է մասնակցեն այդ վեհաժողովին, Թուրքիայի փոխնախագահը մի փոքր այլ կերպ է ընկալել: Իսկ այդ վեհաժողովն ընդամենը քարոզչական բնույթ է կրում, որին որևէ լուրջ երկիր չի մասնակցում, հիմնականում Թուրքիայի հետ կապ ունեցող երկրներն են մասնակցում: Հայաստանի մասնակցությունն այդ վեհաժողովին ո՛չ ինչ-որ բան կտա, ո՛չ էլ մեզ ինչ-որ բանից կզրկի, եթե չմասնակցենք:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am