Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը բավականին ուշագրավ հայտարարություն է արել այսօր` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում:
Հայ-պարսկական դարավոր կապերին անդրադառնալուց, Հայ ժողովրդին ու Հայաստանին իր երկրի բարեմաղթանքները հղելուց հետո, ԻԻՀ նախագահը մասնավորապես ասել է.
«Մենք` երկու կողմերն էլ, բարեկամությունն ընդլայնելու կողմնակիցներն ենք եւ անհանգստացած ենք օտար ներխուժումից տարածաշրջան: Մենք, բարեբախտաբար, այսօր հարաբերությունների ընդլայնման ականատեսն ենք: Ոչ մի բացասական կամ արգելող հանգամանք գոյություն չունի հարաբերությունների զարգացման համար»:
ԻԻՀ նախագահը ակնհայտ է դարձնում Հայաստանի հետ ԻԻՀ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը, ինչը վկայում է պաշտոնական Թեհրանի համար Հայաստանի աճող կարեւորությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո «տարածաշրջան օտար ներխուժումից ունեցած երկուստեք անհանգստությունից» խոսելը առավել քան ուշագրավ է դարձնում նախագահների հանդիպումը (որը Ահմադինեժադը անվանում է բանակցություններ), եւ մասնավորապես այն, թե ինչ են ի նկատի ունեցել երկու պաշտոնակիցները դրա տակ:
Հայտնի փաստ է, որ պաշտոնական Թեհրանը չի ողջունում ոչ միայն կովկասյան տարածաշրջանի արեւմտականացումը, այլեւ հատկապես ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին մեղադրում է այլ տարածաշրջաններ ներխուժման մեջ: Այս համատեքստում ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության օրավուր հստակեցումը չի կարող չանհանգստացնել պաշտոնական Թեհրանին: Արդ, հարց է ծագում` արդյո ՞ք այս ամենին նույնատիպ գնահատական է տալիս նաեւ ՀՀ նախագահը:
Դժվար թե Սերժ Սարգսյանը ՀՀ-ի համար սպառնալիք գնահատի Վրաստանի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Քիչ հավանական է նաեւ, որ զրուցակիցներից մեկը “օտար ներխուժման” ներքո ի նկատի է ունեցել մի բան, իսկ մյուսը` մեկ այլ բան:
Հետեւաբար, ի ՞նչն է հիմք տվել ԻԻՀ նախագահին նման հայտարարություն անել հենց Սերժ Սարգսյանի անունից ու ներկայությամբ, ըստ որում` վերջինս էլ չի հերքել կամ առարկել` ասելով որ իրենք երկուսով նույն վտանգը ի նկատի չունեն:
Իրականում ՆԱՏՕ-ի «ներխուժման» վտանգը մեկ ընդհանրություն կարող է ունենալ պաշտոնական Թեհրանի ու Երեւանի համար. դա ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի` տարածաշրջան ներխուժման վտանգն է:
Բավական է հիշել, թե ինչու էր Թուրքիան ցանկանում հայ-թուրքական տխրահռչակ զույգ արձանագրություններում Հայաստանի ու Թուրքիայի միջեւ պետական սահմանի ու տարածքային ամբողջականության ճանաչմանը վերաբերող ձեւակերպումները մեկնաբանում իբրեւ այդ սահմանները գծած Կարսի ու Մոսկվայի պայմանագրերի անուղղակի ճանաչում ու վավերացում:
Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները հատկապես փակ քննարկումներում (որոնցից մի քանիսի մասնակից ու հնչած հայտարարությունների վկան ինքս եմ եղել), չէին էլ թաքցնում, որ դրանով պատուհան է վերաբացվում տարածաշրջանում Թուրքիայի ռազմա-քաղաքական ներկայության ապահովման համար:
Բավական է հիշել, որ 20-րդ դարասկզբին վերոնշյալ պայմանագրերով Թուրքիայի պրոտեկտորատ էին դարձվել Նախիջեւանն ու Աջարիան: Եւ դրանց ուղղակի կամ անուղղակի հղումով հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը ճանապարհ էր հարթում նման ներխուժման համար թե հայ-ադրբեջանական բախման վերսկսման դիպաշարի դեպքում, թե առանց դրա:
Նույն այդ նպատակով ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում Թուրքիայի ներգրավվելու ջանքերը այդ օպերայից են, երբ անգամ այս օրերին` Ֆրանսիայի Ազգային ժողովում Ցեղասպանությունների մերժումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո, պաշտոնական Անկարան կրկին խոսում է Մինսկի խմբի կազմը վերանայելու եւ Ֆրանսիային իբրեւ «կողմնակալ» պետություն դրանից դուրս դնելու հարցի մասին: Թուրքիայի համար կարեւորը Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխության հարցը լեգիտիմ ու օրակարգի խնդիր դարձնելն է:
Զգուշանում եմ հավատալ, որ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրած ու փառաբանած իշխանությունը` ի դեմս ՀՀ նախագահի, ով 2009թ. տարեվերջին Հանրային Խորհրդում իր ելույթի ընթացքում ակնարկում էր, թե Հայաստանը իր անկախության շրջանում վավերացրել է Կարսի ու Մոսկվայի պայմանագրերը, այլեւս գիտակցում է այդ վտանգը, որի մասին տարիներ շարունակ խոսում են «Ժառանգությունը» եւ այլ քաղաքական ուժեր:
Սակայն, ԻԻՀ նախագահի հայտարարությանը տեղում չարձագանքելը առնվազն մտորելու տեղիք է տալիս, որ թեկուզ ուշացումով, բայց նա նույնպես սկսել է տեսնել այդ վտանգը: Այլապես ԻԻՀ նախագահը չէր խոսի «օտար ներխուժման» երկուստեք անհանգստությունից`վստահ չլինելով, որ դրա տակ Սերժ Սարգսյանը նույն բանը ի նկատի չունի:
Իսկ դրա ապացույց է դառնում ԻԻՀ նախագահի այս եզրափակիչ հայտարարությունը. «Պարոն Նախագահի հետ շատ լավ բանակցություններ ունեցանք: Ես ասացի, որ ոչ մեկն աշխարհում չկա, որպեսզի կարողանա Հայաստանի եւ Իրանի միջեւ քարտեզը փոփոխի: Մենք հարեւան եւ բարեկամ ենք եւ պետք է միմյանց հետ կողք-կողքի ապրենք ու մեր աշխատանքներն առաջ տանենք: Մենք հարաբերությունների զարգացման համար սահմանափակումներ չունենք»:
Իսկ այդ քարտեզը ներկայիս քարտեզն է` ԻԻՀ-ին սահմանակից հայկական երկու` Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետություններով: Թափանցիկ ակնարկն էլ վերաբերում է թե Ադրբեջանի, թե Թուրքիայի հնարավոր ներխուժմանը` հանուն քարտեզի փոփոխության:
Հույս ունենանք, որ այս մի վտանգը տեսնելուց հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կտեսնի նաեւ ոչ միայն արձանագրությունների վավերացման վտանգը, այլեւ դրանք ընդհանրապես ԱԺ օրակարգում պահելու վտանգները:
Ստեփան Սաֆարյան
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար
© Medialab.am