ԱՄՆ ՄԶԳ-ն օգնության փաթեթներ կտրամադրի Վայոց ձորում Ադրբեջանի վերջին հարձակումներից տուժած 1 500 ընտանիքի

Վայոց ձորում Ադրբեջանի վերջին հարձակումներից տուժած 1 500 ընտանիքի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը կտրամադրի օգնության փաթեթ։Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի հաղորդագրությամբ տեղեկացրել է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի գրասենյակը:

«ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն առաքելության աշխատակիցների հետ հանգստյան օրերին միացան Արմավիրի զարգացման կենտրոնի թիմին՝ Ադրբեջանի վերջին հարձակումների հետևանքով տեղահանված և տուժած ընտանիքներին օգնության փաթեթներ բաժանելու համար:

Օգնության փաթեթները ներառում են սնունդ, հիգիենայի և անկողնային պարագաներ, ձմեռային վերմակներ։ ԱՄՆ ՄԶԳ թիմը նաև զրուցել է տեղահանված ընտանիքների հետ՝ ավելի լավ հասկանալու նրանց ներկայիս կացության վիճակը և մարտահրավերները»,- հայտնում են ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի գրասենյակից:

Նշվում է, որ Արմավիրի զարգացման կենտրոնն իր նախաձեռնությունը սկսել է Վայոց ձորից՝ առավել տուժած մարզից, և առաջիկա շաբաթներին կշարունակի օգնության փաթեթների բաշխումը Արագածոտնի և Արմավիրի մարզերում ապաստանած տեղահանվածներին։«ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանը շնորհակալ է իր տեղացի գործընկերներին, այդ թվում՝ Վայքի քաղաքապետարանին՝ վերջին հարձակումներից տուժած ընտանիքներին աջակցելու գործում նրանց համագործակցության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: