Փայլփլուն խաղալիքներ, տոնական զարդեր, թանկարժեք արհեստական տոնածառեր, սպիտակ հրեշտակներ, արհեստական ձյուն, ձնեմարդիկ, եղնիկներ…
Ցուցասրահ-խանութի տեսքով է այսօր ներկայանում Երևանի կենտրոնում գտնվող, տասնամյակներ շարունակ մշակութային օջախ հանդիսացող Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սրահներից մեկը, ինչը հիմնադիր Հենրիկ Իգիթյանի եղբոր` ներկայիս տնօրեն Լևոն Իգիթյանի հասցեին քննադատությունների և խոսակցությունների տեղիք է տվել:
Ինքը` ճարտարապետ Լևոն Իգիթյանը, «Մեդիալաբին» տված հարցազրույցում ասել է, որ քսան օրով սրահը վարձակալությամբ հանձնել են «Անի Ռոզ» ընկերությանը, քանի որ «գումարի պակաս կա»:
«Մտածում են` ծախեցին, էս պետությունում ամեն ինչ ծախեցին, տո, ես իմ կյանքի գնով, թեպետ պետությունն էլ, ֆանտաստիկ բան եմ ասում, ուզենա ծախի, ես էնտեղ կյանքս կդնեմ, չեմ թողնի, կյանքի գնով չեմ թողնի»,- ասում է նա:
Նա նշում է, որ երկու հարկ տվել են վարձակալության, և զարմանում է. «Ո՞նց կարելի է դա վաճառել: Այդ օջախը շատ երկրներում արդեն Հայաստանի բրենդն է»:
«Հնարավոր է` հետագայում էլ կարճաժամկետ վարձակալությամբ տանք այլ կազմակերպությունների, բայց մի պայմանով՝ նայած ի´նչ թեմա է: Եթե գան-ասեն` ուզում ենք ձուկ ծախենք, հո չենք տա»,- «Մեդիալաբին» ասում է Իգիթյանը:
Սակայն նման մոտեցումը շատերի համար ոչ միայն անընդունելի է, այլև անհասկանալի:
Գեղագիտական կենտրոնը, որը 1970-ականներին հիմնել է Հենրիկ Իգիթյանը, տասնամյակներ շարունակ, նույնիսկ սոցիալ-տնտեսական ծայրահեղ վիճակում, ամենադժվարին տարիներին ծառայել է իր հիմնական նպատակին` մանուկներին և երիտասարդներին հաղորդակից է դարձրել արվեստին, մշակույթին, կրթել ու դաստիարակել է մի քանի սերունդ եւ 40 տարիների ընթացքում երբեւէ առեւտրային նպատակով չի ժառայել:
Լևոն Իգիթյանը եւս նշում է, որ գեղագիտական կենտրոնի ստեղծման տակ «մեծ ճիգեր, կյանքեր են դրվել», ու որ իր եղբոր` Հենրիկ Իգիթյանի մահվանից հետո նախագահի միջամտությամբ ինքն է ստանձնել գործը:
«Սա է եղել այդտեղ իմ հայտնվելը, ես եկել եմ էդտեղ տարիներով ստեղծածը պահպանելու և զարգացնելու»,- «Մեդիալաբին» ասում է Իգիթյանը:
Այնուամենայնիվ, նման փոխակերպումը, երբ քաղաքի սիրելի մշակութային կենտրոնում «որակյալ ապրանք» են առաջարկում, շատերի մեջ «ստեղծածը պահպանելու և զարգացնելու» տպավորություն չի առաջացնում:
Նկարիչ Արմեն Աթանյանը թանգարանում ժամանակավորապես առևտրի սրահի բացումը որակում է «խիստ սխալ», սակայն միևնույն ժամանակ հարց է բարձրացնում. «Ինչո՞ւ է թանգարանի տնօրինությունը այդպես վարվել, արդյոք դրա կարիքն ունեցե՞լ է»:
«Մշակութային օջախում նման բան չի կարելի անել: Բայց գուցե ունի խնդիրնե՞ր, որոնք փորձում է լուծել այդ ձևով: Ինչպես, օրինակ, թատրոնները, որոնք դահլիճները վարձակալությամբ տրամադրում են ամենատարբեր տեսակի միջոցառումների համար: Սա մեր դառը իրականությունն է: Եկեղեցում էլ մոմ են վաճառում, մինչդեռ աշխարհի ոչ մի երկրում չեմ տեսել, որ մոմ վաճառեն»,- «Մեդիալաբին» ասում է Աթանյանը:
Ի պատասխան «Մեդիալաբի» հարցման` կրթության և գիտության նախարարությունում զարմացել են, որ գեղագիտական կենտրոնի սրահն առևտրի սրահի է վերածվել: «Միգուցե երեխաների ձեռքով պատրաստված զարդե՞ր են վաճառվում»,- հարցրել են նրանք, հետո հստակեցրել ու տեղեկացրել, որ թանգարանը 100 տոկոսանոց ՓԲԸ է և կարող է ինքնուրույն արտաքին տնտեսական գործունեության վարման կարգ ընտրել:
Իգիթյանը քայլը բացատրում է գումարի պակասով, ասում է, որ պետությունը թանգարանին ֆինանսավորում է, բայց բյուջեն շատ քիչ է, և իրենք միշտ գումարի պակաս են ունենում չնախատեսված ծախսերի համար:
«Ասեցի` 15-20 օր չէ, մի ամսով եմ տալիս, ու պայմանագիրը կնքվեց: Դե, մենք, մեկ ա, ընդմիջում ենք, մեր աշխատանքները դեռ շարունակվում են: Վերջին հաշվով Նոր տարի է մոտենում, էդ տրամադրությունը թող մնա: Իրենք են առաջարկել, ես մինչև էդ չէի էլ ճանաչում, որ նման կազմակերպություն կա: Ուրախացա, որ էդ մեր պաուզան օգուտ բերեց: Նորոգումն էլ իրենք արեցին, էլի մեզ է օգուտ: Էս ա ամբողջ պատմությունը, հիմա ամեն մարդ էս պատմությանը նայում է էնպես, ինչպես իրա ներքինն ա ու իրա ապրելու վեկտորը»,-ասում է նա:
Իգիթյանը նշում է, որ, ըստ կանոնադրության` իրենք ոչ թե իրավունք ունեն, այլ պարտավոր են փող աշխատել, օրենքի սահմաններում:
«Բայց մենք մի ուրիշ բան գիտենք. եթե մեր ճիգերն ուղղենք դեպի փող աշխատելը, կարող է հարուստ հիմնարկ դառնանք, բայց դա կլինի անբարոյականություն և գեղագիտության հաշվին»,- ասում է նա:
Թանգարանի տնօրենն ասում է, որ գռեհիկ բան իրենց երբեք թույլ չէր տա, անգամ եթե դրա դիմաց 10 միլիոն էլ վճարեին, որովհետև իրենք իրենց դեմքը չեն փոխում:
«Էլ չեմ ասում, որ բոլոր ցուցափեղկերի վրա ու մուտքի վրա գրված է. «Ժամանակավոր, պատկերասրահի մուտքը` Սայաթ-Նովայի կողմից»: Էդ չե՞ն տեսնում, իսկ էն մեր ֆանտաստիկ էքսպոզիցիան տեղում ա, խնդրեմ` թող գան-տեսնեն»,- ասում է նա:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը թեև նշում է, որ չի տեսել տոնական խանութի վերածված սրահը, սակայն երևույթն ինքնին «խիստ բացասական» է որակում:
«Մշակույթը ոչ միայն այսօրվա կարիքների բավարարում է, այլև ապագայի: Մենք փաստորեն հեռանկարներ չենք տեսնում ապագայի համար, իսկ դա բնորոշ է ծերացող հասարակությանը: Եվ, փաստորեն, ծերանում ենք ոչ միան դեմոգրաֆիապես»,- ցավով նշում է Խառատյանը:
Գայանե Մարտիրոսյան
© Medialab.am