Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ պահելը ոչ իրավաչափ է. փաստաբանը՝ Դատախազության բողոքի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը

– Պարո՛ն Ենոքյան, Գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի խափանման միջոցը փոխելու և նրան կրկին կալանավորելու նպատակով։ Միջնորդության մեջ նշվում է, թե պահպանվում են Խաչատուրովի կալանքի հիմքերը։ Ներկայացված միջնորդությունը հիմնավոր համարո՞ւմ եք։

– Օգտվել են բողոքարկման իրենց իրավունքից, բայց միջնորդությունն անհիմն եմ համարում, որովհետև ակնհայտ է, որ այդ գործով վաղեմության ժամկետը լրանում է սույն թվականի փետրվարի 16-ին, ու Վերաքննիչ դատարանը հենց դա է մատնանշել, ասելով՝ քանի որ այս գործով վերջնական դատական ակտ մինչև վաղեմության ժամկետի լրանալը չի լինելու, անիմաստ է Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ պահելը, ոչ իրավաչափ է։ Սա է հիմնական մեսիջը եղել, կոպիտ ասած:

Հիմա, եթե Դատախազությունը դրան հակառակ ինչ-որ փաստարկ ունենար, կներկայացներ, ուրիշների հետ կապված բերում էին փաստարկ, որ խափանման միջոցի պայման են խախտել և այլն, Գրիգորի Խաչատուրովի մասով նման բան էլ չկա։ Մոտավորապես մեկ ամսից վաղեմության ժամկետը լրանում է, ու մենք հիմնական դատալսումներ չենք էլ սկսել, այսինքն՝ այս 60 հատորանոց գործը, 90 հոգի վկան պետք է հարցաքննվեին, նյութերն ուսումնասիրվեին, դատավճիռ կայացվեր, դա ուժի մեջ մտներ, որ հնարավոր լիներ Գրիգորի Խաչատուրովին պահել կալանքի տակ։ 

Մեկ ամսում, երբ այդ ընթացքում ընդամենը երեք դատական նիստ է լինելու, ակնհայտ է, որ չի կարող կասկած լինել, որ գործի վաղեմության ժամկետը լրանալու է, նույնիսկ Վերաքննիչի վճռի կայացման պահին էր ակնհայտ, որ լրանալու է ժամկետը, դրա համար նման որոշում կայացվեց։ Հիմա թե ի՛նչ մոտեցում է Դատախազությունը դրսևորում, անիմաստ ինչու է բողոքարկում՝ չեմ կարող ասել։

– Այսինքն՝ նպատակը ձեզ համար պարզ չէ՞։

– Նպատակը պարզ է, ուզում են ամեն կերպ այդ մարդուն կալանքի տակ վերցնել, բայց չգիտեմ ինչու։

– Վճռաբեկ դատարանը ի՞նչ որոշում կկայացնի։

– Չեմ կարող ասել, անկանխատեսելի է, եթե իրավական տրամաբանությանը նայենք, բնականաբար, պետք է վարույթ հարուցելը մերժի, որովհետև այդտեղ վարույթ ընդունելու որևէ հիմք չկա։ Աբսուրդ պատճառաբանություններ էին նշված, որ եթե մի դատարանը մի դեպքի հետ կապված ինչ-որ դիրքորոշում է հայտնել, ինքն այլևս չի կարող անաչառ երևալ:

Բայց, չգիտես ինչու, այդ հանգամանքը միայն այսօր կիրառեցին, երբ մեղադրվողի օգտին է այդ որոշումը կայացվել: Իսկ այն դեպքերում, երբ վերադաս դատարաններն անընդհատ նույն դատավորի կազմով կալանքի, կալանքի ժամկետի երկարացման բողոքները մերժում են, ոչ մեկը մի օր չասաց, որ այս դատարանը նախորդ անգամ բողոքը մերժել է, այսինքն՝ կալանքը հիմնավոր է համարել, եկեք այս անգամ թող ինքը չքննի, քանի որ անկողմնակալ չի երևում: Իսկ երբ մի անգամ որոշում է կայացրել, որ կալանք չպետք է լինի, ստացվեց, որ անկողմնակալ չի երևում։ Երկակի ստանդարտների կիրառություն է։ 

– Պարո՛ն Ենոքյան, եթե անգամ վարույթ ընդունվի, կհասցնե՞ն մինչև վաղեմության ժամկետի լրանալը գեներալ-մայորին երկրորդ անգամ կալանավորելու որոշում կայացնել։

– Դատարանը պետք է 15 օրվա ընթացքում վարույթ ընդունի ու գործը քննի, Դատախազությունը բողոքը ներկայացրել է 2023 թ. դեկտեմբերի 21-ին։ Դատարանը 15 օր ունի վարույթ ընդունել-չընդունելու համար, բայց նյութերը ստանալու պահից, այսինքն՝ բողոքի պահից չէ, բողոքը գնում է Վերաքննիչ դատարան, Վերաքննիչը նյութերն ուղարկում է Վճռաբեկ, վերջինս էլ նյութերը ստանալու պահից 15 օրվա ընթացքում քննարկում է վարույթ ընդունել-չընդունելու հարցը:

Այդ հարցը լուծելուց հետո, եթե չեմ սխալվում, 15 օր էլ նախատեսված է որոշում կայացնելու համար։ Եթե անգամ այդպիսի որոշում էլ լինի, չեմ կարծում, թե կհասցնեն նույնիսկ կալանքի վերցնել, որովհետև կարգով վաղեմության ժամկետը կլրանա, չնայած արհեստականորեն կարող են կալանքի վերցնել, մինչև կարողանանք վաղեմության ժամկետը լրանալու հիմքով նոր որոշում ակնկալել առաջին ատյանի դատարանից։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am