Հայաստանի բոլոր դպրոցներում այս տարվանից հոգեբանական ծառայություն կներդրվի. Արաքսիա Սվաջյան

Հայաստանի բոլոր դպրոցներում այս տարվանից հոգեբանական ծառայություն կներդրվի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։

«Շատ կարևորում ենք այս ծառայության կայացումը, որովհետև դպրոցն այն միջավայրն է, որը ոչ միայն պետք է գիտելիքներ տա, այլև արժեքային համակարգ պետք է ձևավորի: Դպրոցը պետք է դառնա այն անվտանգ և ապահով միջավայրը, որտեղ երեխան որակյալ և արդյունավետ ուսում ստանալու հնարավորություն կունենա»,-ասաց Սվաջյանը։

Նրա խոսքով` առաջիկայում բոլոր դպրոցները կփորձեն համալրել հոգեբանի հաստիքները։ Անդրադառնալով այլ փոփոխություններին՝ Սվաջյանը խոսեց բոլոր դպրոցներում հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման մասին, որը կտարածվի 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների վրա։

Փոխնախարարը հիշեցրեց, որ նախորդ տարի չափորոշիչը փորձարկվել է Տավուշի մարզում, որից հետո համապատասխան կարգավորումներ են արվել։ Չափորոշչի ներդրմանն ընդառաջ դպրոցների ուսուցիչների հետ տեղի են ունեցել վերապատրաստումներ, հաստատվել է մեթոդ-դպրոցների ցանկը։ Բացի այդ 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների աշակերտների համար նոր դասագրքերի ստեղծման և տպագրման մրցույթներ են հայտարարվել։

«Հունիսի 1-ին ամփոփել ենք դասագրքերի ստեղծման մրցույթը, որի ընթացքում դասագրքերն ուղարկվել են փորձաքննության։ Այն դասագրքերը, որոնք ստացել են փորձաքննության դրական պատասխան, երաշխավորվել են գործակցության և տպագրման փուլում են»,-նշեց նա։