Պաշտպանություն. Սիվիլիթաս հիմնադրամում քննարկվել է բանակում տիրող իրավիճակը

Պաշտպանություն. Սիվիլիթաս հիմնադրամում քննարկվել է բանակում տիրող իրավիճակը
Պաշտպանություն. Սիվիլիթաս հիմնադրամում քննարկվել է բանակում տիրող իրավիճակը

ՀՀ Զինված ուժերում վերջերս գրանցված մահացության և բռնության դեպքերի բացահայտումը հասարակության մեջ մեծ աղմուկ բարձրացրեց: Մինչդեռ բանակում տիրող անիրավության մասին հայտարարություններին, պաշտպանության նախարարության արձագանքը բավականին մեղմ է:
Բանակում տիրող իրավիճակն էլ  նոյեմբերի  15-ին Սիվիլիթաս հիմնադրամում կազմակերպված «Բանակ և հասարակություն» քննարկման թեման էր:
Մասնակից բանախոսներից մեկը` իրավապաշտպան, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը քննարկման ժամանակ հայտարարեց, որ բանակում բազում խնդիրներ կան, որոնց լուծումը հասարակությունը չի տեսնում, որը պատճառն «բանակի փակ համակարգ լինելն է»:

«Ամենավերջին դեպքը, Մարտունու սպանության պահով, դատաքննության արդյունքները չեն ներկայացրել տուժողների իրավահաջորդներին: Տեղի է ունենում հանցագործությունների կոծկում»,-ասաց Արթուր Սաքունցը:

Նրա կարծիքով, զինված ուժերն ու ոստիկանությունը ընդհանրապես չեն վերափոխվել:

Արթուր Սաքունցին ի պատասխան ՀՀ ՊՆ պաշտպանության քաղաքականության վարչության իրավաբանական բաժնի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ավետիսյանն ասաց, որ բանակը լինելով հասարակության մի մասը, չի կարող փակ լինել: Քանի որ, ըստ նրա, եթե հասարակ կյանքում հարևանի հետ ընդհարվելիս մարդը կարող է դուռը փակել և չշփվել նրա հետ, ապա բանակում նման բան հնարավոր չէ: Ըստ ՊՆ ներկայացուցչի, դա է պատճառը, որ բախումներն այս համակարգում հաճախ են գրանցվում:

«Յուրաքանչյուր բանակում խնդիրներ լինում են: Անցյալ տարի ԱՄՆ բանակի երդման արարողության ժամանակ մի զինծառայող 20 հոգու սպանեց»,-ասաց Ալեքսանդր Ավետիսյանը:

Քննարկման մասնակից «Իմպուլս» ռադիոկայանի ծրագրերի տնօրեն Գարեգին Խումարյանը, որը  վերջերս է ավարտել ծառայությունը Զինված ուժերում նշեց, որ չի կարելի ասել թե բանակում խնդիր չկա, սակայն նաեւ այն կարծիքն արտահայտեց, որ բանակում առկա խնդիրների մասին  խոսակցությունները չափազանցված են:

«Բանակը շատ մեծ կառույց է: Երեսուն-քառասուն դեպքերը բացառություններ են: Օրինաչափությունն այն է, որ տարբեր մարզերից եկած երեխաները շատ համերաշխ են ապրում: Կան խնդիրներ, բայց քիչ են»,-ասաց Գարեգին Խումարյանը:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am