Նիկոլ Փաշինյանը Փարիզի քաղաքապետարանում հանդիպել է քաղաքապետ Անն Իդալգոյին

Փարիզի քաղաքապետը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա և նշել.

«Պարոն վարչապետ, մենք միշտ Հայաստանի կողքին ենք և շարունակելու ենք գտնվել սերտ կապի մեջ: Հայաստանի համար այս դժվարին իրավիճակում մենք հանդես ենք եկել հստակ դիրքորոշումներով: Հավատացած եղեք, մենք Հայաստանին ու հայ ժողովրդին չենք թողնի միայնակ»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ջերմությամբ է հիշում իրենց առաջին հանդիպումը և նկատել, որ այն, ինչ նախորդ հանդիպմանը պայմանավորվել են, կյանքի է կոչվել:

Վարչապետի պաշտոնակատարը հատկապես ընդգծել է Փարիզում Թումո կենտրոնի բացման փաստը: «Տիկին քաղաքապետ, հոկտեմբերին կսպասենք Ձեզ Երևանում, որի ընթացքում կքննարկենք մեր հետագա անելիքները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ` Փարիզում Հայաստանի անունով հրապարակ անվանակոչելու նախաձեռնությամբ հանդես գալու համար:

Դա շատ կարևոր և մեզ ջերմացնող նախաձեռնություն է: Հույս ունեմ, որ մեր մայրաքաղաքների միջև համագործակցությունը գնալով ավելի կխորանա, մասնավորապես կրթության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության ոլորտներում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` համոզմունք հայտնելով, որ Հայաստանն իր բարեկամների աջակցությամբ կհաղթահարի ստեղծված իրավիճակը և ժողովուրդը կվերգտնի լավատեսությունը:

Անն Իդալգոն կարևորել է իր առաջիկա այցը Երևան և վստահություն հայտնել, որ Երևանի քաղաքապետի հետ կկարողանան քննարկել ու կյանքի կոչել նոր նախաձեռնություններ:

Խոսելով Հայաստանում պատերազմից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ` Փարիզի քաղաքապետը նշել է, որ Ֆրանսիան շարունակելու է աչալուրջ գտնվել Հայաստանի նկատմամբ:

 «Դա միայն Հայաստանի ճակատագիրը չէ, մեր և Հայաստանի ճակատագրերը փոխկապակցված են: Մենք շարունակելու ենք նաև մեր հետևողական քայլերը` Հայոց ցեղասպանության քրեականացման ուղղությամբ»,- ասել է Անն Իդալգոն: