Կոնվենցիան առիթ էր՝ սուտ տեղեկություններ տարածելով փորձել քաղաքական կամ այլ դիվիդենդներ շահել. Գայանե Աբրահամյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը

– Մայիսի 11-ին Ազգային ժողովի կողմից «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիայի վավերացումը առաջացրեց որոշ ուժերի հարձակվողական մոտեցում կոնվենցիայի դեմ, ապատեղեկատվության ալիք։ Ինչո՞ւ եղավ այդ ալիքը, և ապատեղեկատվություն տարածողների շարժառիթը, ըստ ձեզ, ո՞րն է։

– Կոնվենցիայի քննարկումը երբեք փակ չի եղել, դեկտեմբեր-հունվար-փետրվար ամիսներին, եթե չեմ սխալվում, Սահմանադրական դատարանում երեք նիստ է եղել, որովհետև կոնվենցիաները, մինչև Ազգային ժողով հասնելը, բնականաբար, պետք է պարտադիր քննվեն Սահմանադրական դատարանում, պետք է հաստատվի դրանց սահմանադրականությունը։

Երեք նիստերն էլ ոչ միայն բաց են եղել, այլ ոչ սովորական ընթացակարգով․ Սահմանադրական դատարանն անգամ Ֆեյսբուքում իվենթ էր բացել, ուղիղ հեռարձակում էր։ Եթե այդ մարդիկ իրապես ծանոթ էին կոնվենցիային և խնդիր ունեին կոնվենցիայի հետ, իսկ կարծում եմ, որ Փաստաբանների պալատը, Գևորգ Դանիելյանը, այսինքն՝ այդ մարդիկ, բնական է, գիտեին կոնվենցիան, գիտեին, թե ինչ է քննվում ՍԴ-ում, կարող էին այս նույն քննարկումների և այս ամբողջ ապատեղեկատվության, նենգափոխման տարափը այնտեղ իրականացնել, բայց հասկանում ենք, որ այս ամենը ինստիտուտի դեմ է ուղղված, և ինստիտուտը Ազգային ժողովն է և ոչ Սահմանադրական դատարանը։

Խնդիրը կոնվենցիան չէ, այն օգտագործվում է շահարկման, հանրային ընկալումների ամենանուրբ լարերին կպնելու և նենգափոխելու նպատակով։ Ակնհայտորեն, կոնվենցիան ընդամենը առիթ էր՝ սուտ տեղեկություններ տարածելով փորձել պարզապես քաղաքական կամ այլ դիվիդենդներ շահել։

Հիմնական նպատակը, իհարկե, Ազգային ժողովի՝ որպես մարմնի դելեգիտիմացումն է, հանրային ընկալումների մեջ, գիտակցության մեջ որպես ինստիտուտի ապազգային անվանարկում տալը և նաև ԱԺ-ի՝ որպես մարմնի նկատմամբ հանրային ընկալումների մեջ վստահության կորուստը։

– Ինչպե՞ս պետք է հակազդել ապատեղեկատվությանը։ Ինչպիսի՞ն պետք է լինեն իշխանության քայլերը՝ հաշվի առնելով, որ յուրաքանչյուր հնարավորություն տարբեր ուժերի կողմից մանիպուլյացիաների միջոցով օգտագործվում է, որպեսզի ամեն ինչ այլ գույների մեջ ներկայացվի։

– Մենք մի քանի անգամ հանրային տարբեր քննարկումների, հեռուստատեսության տարբեր քննարկումներին ուզեցել ենք, որ հնարավոր բոլոր բանավիճող կողմերը գան, այն մարդիկ, որոնք կոնվենցիան մեր ազգային արժեքներին կամ երեխաների իրավունքների խախտման տիրույթում են դիտարկում, շատ-շատերը ուղղակի մերժում են ուղիղ բանավիճը, որովհետև ֆեյսբուքյան հարթակում և իրենց կողմից ղեկավարվող կամ իրենց շահային ամբողջ խմբակի կողմից ղեկավարվող կամ ուղղորդվող լրատվամիջոցներին հարցազրույցներ տալը այն լավագույն տարբերակն է, որ իրենք ուղղակիորեն կարող են առանց ուղիղ հակադարձման տարածել այդ ստերը, երբ ուղիղ բանավեճի են գալիս, որևէ կերպ չեն կարող ստերը արդարացնել, փաստարկել, որովհետև հնարավոր չէ։ 

Ինչ վերաբերում է մինչև կոնվենցիայի ընդունումը քննարկումներ անելը, սա ևս շահարկվում է, բայց օրենքների քննարկումները լրիվ տրամաբանական են և պահանջ, կոնվենցիան ոչինչ չես կարող անել, կա՛մ պետք է վավերացնես, կա՛մ՝ ոչ։

Եթե դա դրվեր հանրային քննարկման, և որովհետև կոնվենցիան ուղղված է բացառապես մանկապղծության դեմ պայքարի ուժեղացմանը, մանկապիղծներին շատ ավելի խիստ պատիժներ սահմանելուն և մանկապղծության դեմ պայքարի միջազգային համագործակցության և, բնականաբար, միտված է պայքարի շատ ավելի լայն դաշտ ստեղծելուն, ապա ինչպե՞ս պետք է դրվեր հանրային քննարկման այդ հարցը։ Պայքարե՞նք մանկապղծության դեմ, թե՞ չպայքարենք։ Բացարձակ չեմ պատկերացնում, թե էստեղ պետք է քննարկել։

Բացի այդ, ես կարծում եմ, որ ամեն անգամ կառավարությունը չպետք է ապացուցի, որ ինքը ընձառյուծ չէ։ Ամեն անգամ չպետք է ապացուցի, որ ապազգային չէ, որը բացարձակ կապ չունի այս իշխանության հետ։ 

– Շահարկումները հիմնականում ի՞նչ ուղղությամբ էին գնում, ի՞նչ վտանգներ էին նշվում։

– Շահարկման երկու ալիք եղավ։ Մեկը, որ Գևորգ Դանիելյանը սկսեց տարածել, որ կոնվենցիայի 18-րդ հոդվածը, որ փոխադարձ համաձայնությամբ անչափահասները կարող են այնուամենայնիվ սեռական հարաբերության մեջ մտնել, ինչն այդպես չէ, նաև կոնվենցիան այդպես չէ, բայց առավելևս Հայաստանի դեպքում չի կարող լինել։ Պաշտոնական հայտարարությունից, հերքումից և ապացուցելուց հետո, որ սա իրավական ճշմարտության հետ բացարձակ առնչություն չունի, այս նենգափոխումը, խեղաթյուրումը մեկնաբանությամբ կարծես օրակարգից դուրս եկավ։

Ոչ միայն այս 18-րդ հոդվածը, այլև Հայաստանում ընդհանրապես 2003 թ-ից ընդունված Քրեական օրենսգրքով մինչև 16 տարեկան անչափահասների հետ որևէ սեռական հարաբերություն քրեականացված է։ Անգամ՝ եթե եղել է փոխադարձ համաձայնությամբ։

Տեղական ամեն երկիր ինքն է սահմանում սեռական հարաբերությունների նվազագույն շեմը։ Մեր երկրում դա մինչև 16 տարեկանն է։ Կոնվենցիայով շատ ավելի խստացվելու է այս դրույթը։ Եթե ՀՀ-ում Քրեական օրենսգիրքը սահմանում է, որ ակնհայտ մինչև 16 տարին չլրացած անչափահասի հետ սեռական հարաբերությունները քրեական են, սա շատ հաճախ քրեական գործերը կարճելու հիմք է տալիս։ Հիմնականում մանկապիղծներն ու բռնաբարողները այս հիմքով ազատվում են պատժից։ 

Կոնվենցիան պահանջ է դնում, որ պետք է հաշվի առնել տվյալ պահին երեխայի կենսաբանական տարիքը, անկախ նրանից՝ նա այդ պահին 20 տարեկանի՞ տեսք ուներ, թե՞ 30-ի։

Կոնվենցիան այնքան խստացումներ և նոր հանցակազմեր է նախատեսում։
Օրինակ՝ համացանցով կամ որևէ այլ միջոցներով մինչև 16 տարեկան երեխային նամակագրությամբ, սպառնալով կամ համոզելով հանդիպման հակելը։ Սա արդեն իսկ հանցակազմ է։

Մանիպուլյացիաների երկրորդ տարափը 6-րդ հոդվածի հետ է կապված, որը սահմանում է, որ պետությունները պետք է օրենսդրական կամ այլ միջոցներով ձեռնարկեն տարբերակներ, որ երեխաներին տան գիտելիք, որպեսզի նրանք կարողանան իրենք իրենց պաշտպանել։ Կոնվենցիայի բացատրական զեկույցում ևս առաջին տողով գրված է, որ սա առաջին հերթին ծնողների գործն է։ Կոնվենցիայում որևէ տեղ, որևէ ձեռնարկի հղում, որևէ պահանջ առանձին ծրագրով կամ առանձին դասընթացով սա անել, չկա։ 

Տեսնում ենք ամբողջ հետքը, թե որտեղի՛ց է այդ ամբողջ մանիպուլյացիան գալիս, ձեռնարկները գտնելը, որը տարածում էին, անգամ ԱՀԿ-ի հետ էլ կապ չուներ, այն ձեռնարկը, որ իրենք հղում էին անում, գերմանական ինչ-որ փորձագիտական խմբի սարքած ձեռնարկն էր, որը 45 էջ, ինչ-որ մեկը ուսումնասիրել է, արագ թարգմանել է, իսկ թարգմանությունը և ուսումնասիրությունը, մասնագիտական հմտությունները հասկանում ենք, որ փող արժեն։ Եվ տեսնում ենք, որ հստակ որոշակի խումբ է այս ամենի հետևում։ 

Սակայն այս ամենը ոչինչ չի նշանակում, կարևորը հստակ մեսիջ տալն է, որ նախ որևէ կերպ չի էլ նշանակում կոնվենցիան, որ մեր դպրոցներում առանձին սեռական կրթության մասին դասընթաց է լինելու, առանձին ձեռնարկ է լինելու դրա համար։

Հստակ նշվում է նաև, որ բոլոր պետությունները այս գործընթացները պետք է իրականացնեն՝ ըստ իրենց սոցիալ-մշակութային, ավանդութային սովորույթների և ընկալումներին։ 

Քանի որ  6-րդ հոդվածը վերաբերում է կրթության չափորոշիչներին, կրթության տարբեր ոլորտներին, դրանք երկար հանրային քննարկումների, մասնագիտական քննարկումների միջոցով են արվելու։

Այն մեթոդը, որով կփորձեն երեխաներին պաշտպանել սեռական բռնությունից և մանկապղծությունից, կիրականացվի միայն ծնողների հետ համագործակցությամբ։

– Ծնողների հետ համագործակցությունը, աշխատանքը ինչպե՞ս պետք են իրականացվեն։

– Իրականում, մենք խնդիր ունենք ծնողներին ուսուցում տալու, առաջին հերթին մենք ծնողներին պետք է կրթենք։ Հաճախ ծնողներն են մեղավոր լինում իրենց երեխաների հետ կատարվածի համար, ոչ այնքան երեխաները։ Գուցե այդ դասընթացը կոչված է լինելու  աշխատել ծնողների հետ։ Դրանք արդեն մասնագիտական քննարկումներ են, որոնք կրթության նախարարության, կրթության մասնագետների ոլորտում են։

– Ամփոփելով՝ ի՞նչ կանխարգելիչ մեխանիզմներ և պաշտպանիչ դեր կունենա կոնվենցիան։

– Շատ հաճախ ասում են՝ ինչու եք կոնվենցիա ընդունում, եթե պետք է խստացնել՝ մեր Քրեական օրենսգիրքը խստացրեք։ Այո՛, կարող ենք առանց կոնվենցիայի էլ Քրեական օրենսգիրքը խստացնել, բայց երեխաների պաշտպանության առումով առանձին օրենք, օրինակ՝ Հայաստանում չկա։ Կոնվենցիան հսկայական մի բաժին է տալիս, որը պետությունները պետք է երեխաների պաշտպանություն իրականացնեն։

Շատ կարևոր մեխանիզմներ է տալիս, թե ինչպես պետք է երեխաներին հարցաքննել, որ երեխաները իրավապահ բոլոր համակարգերում՝ սկսած ոստիկանից, վերջացրած քննիչով, դատավորով, ամեն անգամ ստիպված չլինեն խոսել այդ մասին։ Ամեն անգամ չասեն այն, ինչ իրենց հետ կատարվել է, որովհետև դա երեխայի համար կրկնազոհացման գործընթաց է, և ստացվում է, որ երեխային պաշտպանելու փոխարեն մենք ամբողջ իրավական գործընթացով երեխային ևս մեկ անգամ սթրեսի ենք ենթարկում։

Երկրորդ՝ երեխաների պաշտպանության տարբեր օղակներ ստեղծելն է՝ թեժ գծից մինչև հոգեբանների հետ աշխատանք։ Դրանք շատ կարևոր են, որոնք այսօր մեր երկրում որևէ ինստիտուտ չի իրականացնում։

Ամենակարևորը, որ կոնվենցիան հնարավորություն է տալու՝ միջազգային համագործակցությունն է, բոլոր և տեղական մանկապղծության համար դատապարտված կամ հետագայում դատապարտվող հանցագործների տվյալների, անգամ՝ ԴՆԹ տվյալների հավաքագրումն է։ 

Եթե, օրինակ՝ մենք որպես պետություն չենք միանում կոնվենցիային, ապա դառնում ենք շատ խոցելի պետություն, որովհետև հանցագործների տեսանկյունից սա այն վայրն է, որը միջազգային տվյալներ չունի, և սահմանը հատելուց հետո որևէ մեկը չի իմանա, որ այս մարդը Եվրոպայի որևէ երկրում թեկուզ մեկ անգամ դատապարտվել է մանկապղծության համար։ Նա կարող է շատ հանգիստ գալ մեր երկիր, որովհետև չունենք տվյալները, և շարունակել իր մանկապիղծ գործունեությունը։ 

Շատ ավելի պաշտպանված կլինենք, եթե մենք միանում ենք կոնվենցիային, որովհետև գոնե կկանխենք անդրսահմանային հանցագործների մուտքը Հայաստան։ Շատ ավելի պաշպանված կլինենք միջազգային համագործակցության տեսանկյունից նաև կիբեռհանցագործությունների տիրույթում։ 

Մենք գիտենք ամենահայտնի գործը՝ սփյուռքահայ բարերարը, այսպես ասած, վարչապետի խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանը, Հայաստանը դիտարկել էր հիմնական անպաշտպան երկիրը, անպաշտպան նաև համայնքը՝ այս դեպքում Ախթալան, որտեղ ծնողները չէին էլ պատկերացնում, ոմանք չէին պատկերացնում, որ իրենց երեխաներին, տղաներին հնարավոր է նման բռնաբարության ենթարկել, ոմանք նաև լավ էլ պատկերացնում էին, բայց քանի որ նաև բավական լավ վճարվում էին դրա դիմաց, որևէ կերպ չէին ընդվզում։ Սա սարսափ է, բայց եղել է մեր երկրում։ 

Եվ եթե այն ժամանակ լիներ այդ կոնվենցիան, շատ ավելի հեշտ և շատ արագ այս ամենը կպարզաբանվեր։ Եթե կոնվենցիան այն ժամանակ լիներ, Նուբարաշենի դպրոցի հայոց լեզվի ուսուցիչը ընդամենը 3 տարվա ազատազրկման չէր դատապարտվի, այն դեպքում, երբ տասնամյակներով է երեխաներին պղծել։

Արփինե Արզումանյան

MediaLab.am