«Նման կերպ գործում են Չեչնիայում` կադիրովականները, Ռուսաստանում` պուտինիստները»․ Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Համացանցում տեսանյութ է տարածվում «Հեղափոխության պահապաններ» տարբերանշանով մարդկանց կողմից քաղաքացու նկատմամբ ապօրինի գործողությունների մասին։

Խմբով ճնշում են գործադրում քաղաքացու նկատմամբ, պահանջելով ներողություն խնդրել վարչապետին հայհոյելու համար։

Այս կադիրովական ոճի խուլիգանական գործողությունները պետք է կասեցվեն։

Սա ուղղակի խայտառակություն է, և իշխանությունը պետք է հստակ դատապարտի նման ինքնիրավչությունը, իսկ ոստիկանությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի նման խուլիագանական գործողությունը կատարողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար։

Ոչ ոք չպետք է հետապնդվի իր կարծիքի համար, նույնիսկ հայհոյական արտահայտությունների համար, բացառապես պետք է գործեն իրավական մեթոդները և օրենքները։

Սա էր մնացել, որ քաղաքական աստառով խուլիգանական խմբեր գործեն արդեն իբր թե հեղափոխության պաշտպանության նպատակով։

Իրանում կան նման կառույցներ` իսլամական հեղափոխության պահապաններ, որի ղեկավարը վերջերս սպանվեց Իրաքում։

Նման կերպ գործում են Չեչնիայում` կադիրովականները, Ռուսաստանում` պուտինիստները։

Իշխանությունը շատ կտրուկ պետք է կասեցնի նման սադրիչ գործողությունները, որոնք որևէ աղերս չեն կարող ունենալ ժողովրդավարական և իրավական պետության արժեքների և սկզբունքների հետ»։