Ադրբեջանական հենակետերը Կապանի օդանավակայանի մատույցներում են, անվտանգության մասին խոսելն անտրամաբանական է. Աբրահամյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը

– Պարո՛ն Աբրահամյան, օրերս տեղի ունեցավ Երևան-Կապան փորձնական բնույթի թռիչքը, Քաղավիացիայից այն որակել են պատմական թռիչք, դուք ինչպե՞ս եք գնահատում, և որքանո՞վ են այդ թռիչքներն անվտանգ լինելու։

– Գլխավոր խնդիրն այն է, որ այդ օդանավակայանի հիմնանորոգման ու անհրաժեշտ թռիչքների վերագործարկման այդ ժամանակահատվածը, որ մինչև 2018 թվականն է տեղի ունեցել, այդ ժամանակ թշնամին ուղիղ գծով մոտ 100 կիլոմետր հեռու էր: Ներկայումս ադրբեջանական հենակետերը տեղակայված են Կապանի օդանավակայանի մատույցներում, ու այս պայմաններում խոսել անվտանգության մասին, մեղմ ասած, անտրամաբանական է։

– Իսկ իշխանությունն ինչո՞ւ ձեր նախանշած վտանգների, այդ վտանգները չեզոքացնելու մասին չի խոսում: 

– Իշխանությունը վտանգներ չեզոքացնող լիներ, ժամանակին Կապան-Գորիս ճանապարհը չէր հանձնի բանավոր պայմանավորվածությամբ, ու Շուռնուխ, Որոտան ու մյուս գյուղերում խոր խնդիրներ չէր առաջացնի, Կապանի անմիջապես մատույցներում ադրբեջանցիներ չէին հայտնվի ու այսպես շարունակ։ 

Ես չեմ կարծում, որ նմանատիպ քարոզչական բնույթի տեսանյութերն ու հայտարարությունները մեր հանրության մոտ կարող են մեծ ոգևորություն առաջացնել, որովհետև որքան էլ իշխանությունը փորձում է մարդկանց հեռու պահել առաջնային օրակարգից, այնուամենայնիվ, հանրությունը սկսել է իր մաշկի վրա զգալ այս իշխանության քաղաքականության ծանրագույն հետևանքները։ 

Գլխավոր խնդիրն այսօր շարունակում է մնալ անվտանգությունը, ու դա խնդիր է ոչ միայն սահմանամերձ համայնքների համար, այլ նաև ՀՀ բոլոր տարածքներում, այդ թվում՝ երկրի խորքում ապրողներիս համար, որովհետև ադրբեջանական պահանջները միայն սահմանամերձ գյուղերով չեն սահմանափակվում։

– Պարո՛ն Աբրահամյան, այս չվերթուղին կարո՞ղ է Ադրբեջանի համար սադրանք հրահրելու առիթ հանդիսանալ։

– Որ պահին Ադրբեջանը ցանկանա, ցավոք, այդտեղ ոչ միայն թռիչքներ չեն լինի, այլև այդ օդանավակայանի հարակից հատվածով անցնող միջպետական ճանապարհը պարզապես չի գործի։ Պարզ ասում եմ՝ ադրբեջանական հենակետերը գտնվում են օդանավակայանի անմիջապես մատույցներում, օդանավակայանի տարբեր հատվածներից 100-150-200 մետր հեռավորության վրա։ Դժվար երկրում գտնվի մի մարդ, որ չպատկերացնի, թե ինչ է նշանակում ադրբեջանական հենակետերից այդպիսի փոքր հեռավորության վրա գտնվող օդանավակայանի հնարավոր գործարկումը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am