«Ծննդյանս օրը ականջօղերը տվեց ու ասեց՝ ինչ էլ ուզում ա լինի, երբեք չհանես ականջներիցդ». ամուսնուն պատերազմում կորցնելուց հետո կինն ասում է՝ «Խելագարվում եմ կարոտից»

«Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 7-ն անց կես, երբ պատերազմն սկսվեց, ամուսինս դիրքերում էր, ինձ զանգեց, ասեց՝ եղբորդ ասել եմ, կգա քեզ ու երեխային կտանի, հետո ես կգամ ձեզ կբերեմ։ Ջրականից մի կերպ, կյանքի գնով հասանք Հայաստան»,- պատմում է 27-ամյա Սուսաննա Մկոյանը և նշում, որ չէր էլ կարող պատկերացնել, որ այդ օրվանից սկսած իր կյանքը գլխիվայր շուռ է գալու։

Սուսաննան և ամուսինը՝ Ռաֆիկ Նիկողոսյանը, 2 տարի էլ չկար, որ ամուսնացել էին, ընտանիք կազմել, երեխա ունեցել։ Քանի որ ամուսինը՝ պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Ռաֆիկը Նիկողոսյանը, ծառայել է Ջրականի զորամասում, ընտանիքով բնակություն էին հաստատել Ջրականում՝ զինվորականների համար նախատեսված ծառայողական բնակարանում։ 

Սուսաննան և Ռաֆիկը՝ ամուսնության օրը։ Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից։

Սուսաննան թախիծով հիշում է, որ ամուսնու հետ մեծ երազանք ունեին՝ տուն գնեին, իրենց անկյունն ունենային, միասին աղջկան մեծացնեին, բայց փոխարենը՝ այժմ մեծ վիշտ, կարոտ ու դատարկություն է Սուսաննայի հոգում։

Ռաֆիկը դեռ նախքան պատերազմն սկսվելը՝ սեպտեմբերի 25-ին է դիրքեր բարձրացել, և այդ օրվանից ընտանիքն այլևս Ռաֆիկին չի տեսել։

Դիրքեր բարձրանալուց մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 24-ին, Սուսաննայի ծննդյան օրն է եղել, կինն ասում է՝ տպավորություն էր, որ ամուսինը կանխազգում էր, որ դա վերջին օրն է, որ տեսնում է կնոջն ու երեխային։

«Էդ օրը անընդհատ ժամացույցին էր նայում, թե երբ պիտի ժամը 24։00-ը լինի, ես էլ չէի հասկանում՝ ինչի:  Ինքը Գյումրիից ոսկե ականջօղեր էր պատվիրել, որ նվիրի ինձ։ 12-ը որ եղավ, օղերը տվեց ու ասեց՝ ինչ էլ ուզում ա լինի, ականջօղերդ երբեք չհանես ականջիցդ։ Հետո ասեց՝ երեխուն հանի, տեսնեմ, ասեցի՝ քնած ա, փոքր ա, արթնանա, գիշերը չի քնի, քեզ էլ չի թողնի քնես, վաղն էլ պոստեր ես գնալու, ասեց՝ էլ եսիմ կտեսնե՞մ իրան»,- հուզմունքով հիշում է Սուսաննան։

Ռաֆիկ Նիկողոսյանը մինչև հոկտեմբերի 14-ը Ջրականում հայրենիքի պաշտպանության համար կռվել է հակառակորդի դեմ և զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից։

Կինը հիշում է, որ ամուսինը պատերազմի օրերին շատ կարճ էր խոսում, միայն՝ «Լավ եմ, ամեն ինչ նորմալ է», սակայն դեպքին նախորդող օրը՝ հոկտեմբերի 13-ին, բավական երկար զրուցել է կնոջ ու ծնողների հետ։

«Համարյա ժամ կամ կես ժամ իմ հետ, ծնողների հետ խոսեց։ Բոլորին ասել էր՝ կնոջս և երեխուս լավ կնայեք, իր վերջին խոսքերն են եղել»,- ցավով հիշում է Սուսաննան։

Կինն ասում է՝ դեպքի մասին մանրամասներ չգիտեն, ամուսնու զինակից ընկերը, որը այդ ժամանակ իր հետ է եղել և կարող ինչ-որ բան պատմել, հիմա առողջական խնդիրներ ունի և դեռևս չի կարողանում ոչինչ պատմել։

Հոկտեմբերի 14-ին ամուսնու մասին լուր չստանալուց հետո, Սուսաննան ասում է՝ բոլոր հնարավոր համարներով փորձել է զանգել, կապ հաստատել ամուսնու հետ, սակայն՝ ապարդյուն։

«Ամուսինս տարբեր համարներով էր զանգում, ես միշտ համարները ինձ մոտ պահում էի: Հոկտեմբերի 14-ին ես զանգահարեցի իր զինվորներից մեկին, ասեց՝ ես իրանից հեռու եմ, չեմ կարող իր մոտ գնալ ։ Հետո զանգահարեցի մյուս աֆիցերին, ասեց՝ դու իրա ի՞նչն ես, ասեցի՝ կինն եմ, ասեց՝ ես տենց մարդ չեմ ճանաչում, բայց ամուսինս հենց իր համարով էր զանգել, ո՞նց չէր ճանաչի։ 

Անկախ ինձանից, ես արդեն ամուսնուս անունը ման էի գալիս զոհվածների ցուցակում»,- ասում է Սուսաննան ու նշում, որ բարեկամներն արդեն իմացել էին դեպքի մասին, երկու օր անց նաև ընտանիքի անդամներին հայտնել։ 

«Մեր կյանքը գլխիվայր փոխվեց»,- ասում է Սուսաննան՝ չկարողանալով արցունքները զսպել:

Երկու տարի էլ չկար, ինչ Սուսաննան ու Ռաֆիկը ընտանիք էին կազմել, լիքը ծրագրեր ու նպատակներ ունեին: Սուսաննան հուզմունքով ասում է՝ երկու երջանիկ տարիներ էին։ «Հիմա էնքան կուզեի՝ կողքիս լիներ, ամուր գրկեի ու բաց չթողնեի։ Երանի նրանց, որ կարողանում են ամեն րոպե տեսնել իրենց սիրելիին»։

Սուսաննան ասում է՝ չի կարողանում համակերպվել ու հաշտվել կորստի հետ։ 

«Խելագարվում եմ դատարկությունից, կարոտից, որը սրտումս և հոգումս է։ Խեղդվելու աստիճան ցավոտ է, երբ մտածում եմ, որ էլ չի գալու, չի զանգելու, աչքս ճամփին սպասելով մնաց»,- մորմոքով ասում է 27-ամյա կինը ու նշում, որ ապրելու ուժ միայն երեխան է տալիս՝ արդեն 2-ամյա դուստրը։

Ռաֆիկ Նիկողոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։


«Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվում են ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի, ներքին գործերի նախարարություների, ԱԱՊՎ ծառայողները, ինչպես նաև այն անձինք, ովքեր նպաստում են մարտական խնդիրների հաջող կատարմանը, ինչպես նաև զորքերի մարտական պատրաստվածության, սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար:

Արփինե Արզումանյան

MediaLab.am