Պարզ է, որ սահմանագծման այդ եռակողմ գործընթացի մեկնարկը պիտի տրվի որևէ փաստաթղթով, ինչն օրինաչափ է. փորձագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը

– Տիկի՛ն Մարգարյան, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը նույնն է, իսկ Հայաստանի ներսում ներքաղաքական լարվածությունն աճում է՝ հատկապես այսօր Փաշինյանի հայտարարությունից հետո, երբ նա ասաց, որ պատրաստվում է ստորագրել նոր փաստաթուղթ: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը:

– Այո՛, դուք իրավացի եք, Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգության հետ զուգահեռ աճում է նաև ներքաղաքական լարվածությունը, որն ունի իր և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառները: 

Արցախյան պատերազմի վերքերը դեռ չեն ամոքվել, մենք չափազանց ծանր մարդկային և տարածքային կորուստներ ենք կրել, հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակ ունեցող անձինք շարունակվում են պահվել ադրբեջանական բանտերում, ունենք բազմաթիվ անհայտ կորածներ: 

Այս ամենը չէր կարող իր քայքայիչ ազդեցությունը չունենալ հանրային տրամադրությունների վրա, ինչը օբյեկտիվորեն հասկանալի է, սակայն՝ չափազանց մտահոգիչ է ներքին անվտանգության ապահովման տեսանկյունից, քանի որ Ադրբեջանի կողմից օգտագործվում է որպես գործիք՝ Հայաստանի և հայ ժողովրդի դեմ կազմակերպված և հետևողական մեդիաահաբեկչություն իրականացնելու ճանապարհին: Կարծում եմ՝ ավելորդ է նշելը, որ սրա նպատակը Հայաստանը ներսից քայքայելն է, հետևաբար՝ մեր պետությանը դիմադրողականությունից զրկելը:

Ինչ վերաբերում է ձեր վկայակոչած փաստաթղթին, ապա եթե հայկական կողմը մերժում է սահմանների ճշգրտման գործընթացը երկկողմ մակարդակով կազմակերպելու ադրբեջանական դիրքորոշումը և ընդունում Ռուսաստանի կողմից որպես միջնորդ հանդիսանալու առաջարկը, ապա պարզ է, որ այդ եռակողմ գործընթացի մեկնարկը պիտի տրվի որևէ փաստաթղթով, որը կներառի այն ձևաչափը, սկզբունքները, մոտեցումները, միգուցեև ժամանակացույցը, որոնց շրջանակներում կտարվեն ապագայում եռակողմ ձևաչափով տեղի ունենալիք բանակցությունները: 

Սա օրինաչափ և ընդունված տարբերակ է միջազգային հարաբերություններում: 

Այլ հարց է, թե ինչքանով իշխանություններին կհաջողվի այս մեկնարկային կետում հայանպաստ ձևակերպումներ և հնարավորություններ ներառել տվյալ փաստաթղթում: 

Լիահույս եմ, որ հապճեպ և չկշռադատված որոշումներ չեն կայացվի, քանի որ տպավորություն է, թե ներկա իրավիճակը պարտադրողական չէ մեզ համար, ինչպես եղավ դեկտեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դեպքում:

– Միևնույն ժամանակ, համացանցում հրապարակվել է մի փաստաթուղթ, որը հրապարակողը պնդում է, թե Տավուշի մարզից գյուղեր են հանձնվելու Ադրբեջանին: Ինչ կասեք այդ մասին, արդյոք սահմանների ճշգրտումը կարո՞ղ է բերել դրան:

– Գիտեք, եթե նույն այդ դելիմիտացիան և դեմարկացիան այդքան պարզունակ գործընթացներ լինեին, ապա Հայաստանն այսօր դժվար թե ունենար այն մարտահրավերները, որոնք առկա են: Միգուցե փաստաթուղթը հրապարակողը քաջատեղյակ է նաև այն իրավական հիմքերին, որոնք կարող են հանգեցնել տավուշյան գյուղերը Ադրբեջանին հանձնելուն: 

Ես այդ իրավական հիմքերին չեմ տիրապետում, սակայն կարող եմ տրամաբանել, որ գործընթացում մենք չենք կարող լինել միայն Ադրբեջանից տարածքներ ստացողի դերում, և այստեղ, ըստ իս, սկզբունքային նշանակություն ունի այն, թե ինչի դիմաց ինչ ենք ստանալու, որքանով է դա մեր շահերից բխելու, և որքանով են այդ պայմանավորվածությունները լինելու երաշխավորված՝ կատարման տեսանկյունից:

– Փաշինյանը պնդում է, որ ինքը ստորագրելու է այդ փաստաթուղթը, քանի որ դա 100 տոկոսով բխում է Հայաստանի շահերից: Ձեզ հավատ ներշնչո՞ւմ է այս հայտարարությունը, և արդո՞ք մինչև ստորագրելը չպետք է հրապարակվեր, քննարկվեր:

– Եթե մինչև ստորագրելն այն հանրայնացնելը չի պարունակում արտաքին անվտանգային ռիսկեր, ապա կարող է և հրապարակվել, այնուամենայնիվ, ես գրեթե 100 տոկոսով վստահ եմ, որ հանրայնացնելը որևէ սպառիչ պատասխան չի տալու, հակառակը՝ նոր հարցեր է առաջացնելու, քանի որ, կրկնում եմ՝ դա պետք է որ լինի գործընթացի մեկնարկային փաստաթուղթ:

– Այսօր վարչապետի պաշտոնակատարը մեկ այլ հայտարարություն էլ արեց՝ ասելով, որ ՀՀ տարածքում շուրջ 600 ադրբեջանցի կա: Մայիսի 13-ից նրանց կողմից ՀՀ պետական սահմանը անցնելու փաստով ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ-ին: Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է հապաղում այս հարցի լուծումը: 

– ՀԱՊԿ-ն ունի իր հստակ գործընթացները, որոնք ժամանակատար են: Բացի այդ, ՀԱՊԿ-ի ներսում մեր դաշնակիցները պիտի կարողանան սինքրոնացնել իրենց արտաքին քաղաքական դիրքորոշումները այս հարցում, ինչը դյուրին գործընթաց չէ՝ մասնավորապես հաշվի առնելով Բելառուսի և Ղազախստանի ռազմավարական բնույթի հարաբերությունները Ադրբեջանի հետ: 

Չմոռանանք նաև, որ ՀԱՊԿ-ին զուգահեռ՝ երկկողմ՝ Հայաստան-Ռուսաստան ձևաչափն է աշխատում, ինչպես նաև գործարկվում են մեզ բազմաշերտ գործիքակազմ ապահովող այլ կարևոր ուղղություններ ևս:

Այնուամենայնիվ, իշխանությունների հրապարակային հայտարարությունները թույլ են տալիս պնդելու, որ որևէ պարագայում հայկական կողմը չի նահանջելու Հայաստանի սուվերեն տարածքից Ադրբեջանի դուրս գալու իր պահանջից: 

– Ձեր կարծիքով՝ արդյոք ստեղծված իրավիճակը ցույց չի տալիս, որ ՀԱՊԿ-ն անկարող է լուծել անդամ պետության սահմաններին սպառնացող խնդիրները: 

– Այս օրերին ՀԱՊԿ-ը՝ որպես ռազմաքաղաքական կառույց, կենսունակության քննություն է հանձնում: Մենք պիտի օգնենք մեր դաշնակիցներին պատվով դուրս գալու այս իրավիճակից, բայց՝ ոչ մեր կենսական շահերի հաշվին: 

Այն, որ Հայաստանը չգնաց Պայմանագրի 4-րդ հոդվածի ճանապարհով, արդեն իսկ պիտի ըստ արժանվույն գնահատվի մեր դաշնակիցների կողմից: 

Այնուամենայնիվ, ըստ իրադրության զարգացման, մենք պիտի պատրաստ լինենք նաև հետևություններ անելու, վերանայելու մեր դիրքորոշումները քաղաքականության պլանավորման ընթացքում՝ հենվելով ռեալ պոլիտիկի տրամաբանության վրա:

– Արդեն ութ օր այդ երկրի զինված ուժերի մի հատված Հայաստանում է ու չի հեռանում: Ի՞նչ է դա նշանակում՝ իրենց ներկայությամբ փորձում են ինչ-որ բա՞ն պարտադրել, թե՞…

– Իհարկե փորձում են պարտադրել, և ոչ թե ինչ-որ բան, այլ բազմաթիվ զիջումներ՝ սկսած, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը կյանքի կոչելուց մինչև Լեռնային Ղարաբաղի հակամարտության այլևս գոյություն չունենալու մասին ադրբեջանական դիրքորոշումն ընդունելը, ինչը փաստացի կնշանակի, որ մենք հրաժարվում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումից:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am