Պեսկովը հայտնել է,թե ինչ են քննարկելու Պուտինն ու Էրդողանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունները, առևտրատնտեսական համագործակցությունը, տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝  նաև Ուկրաինաի հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս  մասին հայտարարել է  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա նշել է, որ Պուտինի և Էրդողանի յուրաքանչյուր հանդիպում օրակարգի տեսանկյունից շատ հագեցած է:

«Օրակարգում առաջին հերթին ռուս-թուրքական երկկողմ հարաբերություններն են և մեր առևտրատնտեսական համագործակցությունը»,-նշել Է Կրեմլի խոսնակը:

Պեսկովի խոսքով՝ Թուրքիան պահպանում է վստահությունը ՌԴ-ի հետ հարաբերություններում ՝ չնայած Արևմուտքի ճնշմանը:

«Թուրքիան այն սակավաթիվ երկրներից է, որն այս առումով բավական սկզբունքային և ինքնուրույն դիրքորոշում է որդեգրել և շարունակում է մեզ հետ առևտրատնտեսական համագործակցություն կառուցել», – ընդգծել է Պեսկովը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը  նշել է, որ առաջիկայում  կհայտարարի ՌԴ նախագահի՝ Թուրքիա այցի ժամկետը։