ՀՀ առողջապահության նախարարությունը տոնական օրերին երեխայի սննդակարգին հետևելու խորհուրդներ է ներկայացրել

ՀՀ առողջապահության նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս պահպանել երեխայի կանոնավոր սննդակարգը տոնական օրերին:

Նրանք մասնավորապես նշում են, որ, անշուշտ, դժվար է երեխային զրկել տոնական ուտեստներից, սակայն խնդիրներից խուսափելու համար պետք է զգույշ լինել «անծանոթ» սնունդ ընդունելու առումով:

Մասնագետների գնահատմամբ՝ երեխաների մեծամասնությունը շատ է սիրում գազավորված ըմպելիք և քաղցր հյութեր, սակայն դրանք, ինչպես հայտնի է, այդքան էլ օգտակար չեն առողջության համար, այդ իսկ պատճառով պետք չէ թույլ տալ նրանց շատ լիմոնադ և այլ հյութեր խմել։

«Ծնողները պետք է ուշադրություն դարձնեն, որպեսզի երեխան թարմ սնունդ ուտի, մաքուր լվացված միրգ։

Պետք է կրկնակի ուշադիր լինել փողոցում սնունդ գնելիս, հատկապես` թե որտեղ և ինչպես է պատրաստվել ուտելիքը, արդյոք թարմ է այն»,- խորհուրդ են տալիս մասնագետները և հորդորում հիշել, թե ինչքան վարակներ են անցնում չլվացված ձեռքերից: Ըստ մասնագետների՝ երեխային պետք է սովորեցնել ձեռքերը լվանալ` պարտադիր ուտելուց առաջ և հետո: Նրանք ծնողներին նաև հորդորում են իրենց հետ վերցնել թաց անձեռոցիկներ, որպեսզի ջուր չլինելու դեպքում երեխայի ձեռքերը չմնան անլվա: