Մենք հիշելու ենք. Իտալիայի պատգամավորների պալատի անդամն իր խոսքն է հղել հայ ժողովրդին

Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Ալվիզե Մանիերոն հավաստիացրել է, որ Իտալիան հիշելու է 106 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Մանիերոն նշել է «Արմենպրես»-ին փոխանցած իր տեսաուղերձում:

«Ձեզ եմ հղում իմ խոսքը ապրիլի 24-ի առիթով՝ Վենետիկից ոչ հեռու Միրա քաղաքից, Իտալիայից։ Մեզնից ոչ հեռու մի փոքրիկ դպրոցական այգի է, որն անվանել ենք Ջակոմո Գորինի անվամբ, ով նշանավոր իտալացի դիվանագետ էր և մեծագույն ջանքեր է գործադրել, արել է ամեն ինչ իր ուժերի սահմաններում հայ ժողովրդի իրավունքների և ցեղասպանությունը վերապրածներին պաշտպանելու համար»,- նշել է Մանիերոն:

Պատգամավորը հիշատակել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ջակոմո Գորինիի խոսքերը:

««Կոտորած էր, անմեղների սպանդ, մի սև էջ, չլսված մի բան, մարդկության, քրիստոնեության և ազգության ամենասուրբ արժեքների բացահայտ ոտնահարում»։ Ես ցանկանում եմ հիշատակել իր բառերը, և դուք կարող եք հասկանալ, որ նրա անունով կոչել այգին, որտեղ մեր երեխաներն են խաղում, կանխամտածված որոշում էր։ Պատճառն այն է, որ մեզ համար կարևոր է, որ նրանք իմանան, և հավատացեք ինձ՝ մենք հիշելու ենք»,- եզրափակել է իտալացի պատգամավորը:

Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան Կայսրության կողմից կազմակերպված և իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Իտալիայի Պատգամավորների պալատը 2000թ. նոյեմբերի 16-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում է ընդունել։ 2019թ. ապրիլի 10-ին Պատգամավորների պալատը նախաձեռնություն է հեղինակել, որով կոչ է արել Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Իտալիայի մի շարք նահանգային և քաղաքային խորհուրդներ։

https://www.facebook.com/watch/?ref=external&v=271110604733260