«Ա՛յ մարդ, սաղ սուտ ա» կիսագրագետ, իմիջիայլոց մոտեցումը բերում է նրան, որ ունենում ենք իտալա-իսպանական սցենար. Արթուր Իսպիրյան

Հեղինակ MediaLab

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, երգիչ Արթուր Իսպիրյանը

– Պարո՛ն Իսպիրյան, կորոնավիրուսի տարածումը կանխելու համար կառավարության անդամները պարբերաբար նախազգուշացնող հայտարարություններ են անում, սակայն հասարակությունը կարծես լուրջ չի վերաբերվում անվտանգության կանոններին հետևելու հարցին, ինչո՞ւ։

– Ցավոք սրտի, ես էլ եմ նկատում, որ բազմաթիվ մարդիկ անլուրջ են վերաբերվում այս հարցին։ Հասարակության մեջ մի զանգված կա, որը չի հավատում այս ամենին։ Եվ Աստված չանի, որ իրենց ընտանիքներին այս հիվանդությունը կպնի։ Այդ ժամանակ նոր կսկսեն հավատալ։

Իմ ծանոթներից արդեն մի քանիսը շատ ծանր հիվանդ են, նույնիսկ երեկ մեկ մահվան դեպք գրանցվեց իմ շրջապատում։ Մենք ընտանիքով շատ զգույշ ենք և բոլոր կանոններին հետևում ենք։

Ես նկատում եմ, որ մանավանդ երիտասարդները չեն հետևում անվտանգության կանոններին։ Մենք մի տեսակ տաքարյուն ազգ ենք, երևի միշտ ուզում ենք դուրս գանք, վայելենք։ Իտալացիներն էլ նույն սցենարով գործեցին՝ չհավատացին, դուրս եկան, դրա համար վարակի աստիճանն այնտեղ ամենաբարձրը եղավ։

Նույնը Իսպանիայում էր։ Ես բոլորին խորհուրդ եմ տալիս ուղղակի շատ լուրջ վերաբերվել այդ ամենին։ Պետությունն ինչ իրենից հասնում է՝ անում է։

– Այսինքն՝ վարակի կանխարգելմանն ու բուժմանն ուղղված պետության քայլերը դրակա՞ն եք գնահատում։

– Այո՛, կառավարությունն անում է այն, ինչ իրենից հասնում է, դրանից ավելի էլ ի՞նչ պետք է անի։ Ամեն մարդու հետևից պետք է մեկ ոստիկա՞ն գնա, որ ասի՝ հագե՛ք դիմակները։ Մանավանդ բանկերում ու խանութներում պետք է հետևել կանոններին։ Մեզ մոտ փակ տարածքներում շատ վատ է օդափոխության համակարգի մշակույթը։ Դա էլ է շատ կարևոր հարց։

Այս իրականությանը զուգահեռ սոցիալական ցանցերով ու տարբեր ԶԼՄ-ներով տարբեր անձանց կողմից կեղծ ու մանիպուլյացիոն բնույթի տեղեկատվություն է տարածվում՝ սկսած չիպավորումից մինչև 5G անտենաների տեղադրում։ Ինչի՞ հետևանք է այս տեղեկատվության տարածումը։

– Ամբողջ աշխարհում է այդպես, ես համացանցը բացում եմ, իմ մեսենջերով այնպիսի նամակներ են գալիս… Սկզբում ասում էին՝ ջերմաստիճանը բարձրանա, վիրուսը կանցնի, հետո ասում են՝ չիպավորում են, հետո էլ՝ 5G կայաններ։ Նաև հասարակության շրջանում ու բակերում են այդ խոսակցությունները շատ։ Ինչ-որ մեկը մի բան է ասում, միանգամից տարածվում է, թե՝ «սաղ սուտ է, չենք հավատում»։

– Այդ կեղծ տեղեկատվության դեմ պայքարելու համար կոշտ մեթոդնե՞ր պետք է կիրառվեն։

– Դրա դեմն առնելու համար, ինձ թվում է,՝ պետությունը պետք է խիստ կոշտ միջոցների դիմի լրատվամիջոցների նկատմամբ։ Լրատվության միջոցներն իրենց հաղորդումներով ու լուրերով ապատեղեկատվություն են տարածում, ժողովրդի մեջ սերմանում են թերահավատություն կառավարության նկատմամբ։ Դա, իհարկե, շատ քիչ տոկոսի վրա է ազդում, բայց, այդուհանդերձ, ազդում է։

Այս ճգնաժամի պայմաններում մարդկանց սոցիալական խնդիրներն են սրվում նաև, կառավարության քայլերը բավարա՞ր են, որպեսզի մեղմվի սոցիալական լարվածությունը։

– Մի շրջան կառավարությունը սահմանափակումներ մտցրեց տնտեսությունում, հետո սկսեցին դժգոհել, ռեստորաններն էին դժգոհում, թե վարձերը չեն կարողանում տալ, աշխատողներին պահել։ Պետությունը մի քիչ թուլացրեց սահմանափակումները, բացօթյա սրճարանները, որոշ գործարաններ ու հիմնարկներ սկսեցին աշխատել։ Եվ դա ձնահյուսքի նման բերեց նրան, որ այսօր ունենք շատ մեծ թվով վարակված անձինք։ 

Ամբողջ աշխարհում են այդ սոցիալական խնդիրները։ Նույնիսկ Շվեյցարիայի նման հարուստ երկրում կան սոցիալական խնդիրներ։ Իմ երաժիշտ ընկերները Շվեյցարիայից զանգում են ու ասում են՝ ահավոր է, մենք տանը նստած, չենք կարողանում փող աշխատել, պետությունը չի վարձատրում։ Դանիայից ու Բրյուսելից են զանգում իմ ընկերները ու նույնն ասում։

Ամբողջ աշխարհում այս ճգմաժամն է, աշխարհի ամենահզոր կառավարությունն էլ լիներ, միևնույն է՝ նույն պատմությունն էր լինելու։

Տեսնում ենք, թե ԱՄՆ-ի նման հզոր երկրում ինչեր են կատարվում։ Իմ երաժիշտ ընկերները զանգում ասում են՝ գնում ռեստորաններում նվագում էինք, օրը 5000 դրամ աշխատավարձը գոնե ստանում էինք, հիմա չգիտենք՝ ոնց անենք, ինչ անենք։ Ես ասում եմ՝ ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի հետագայում։

Ամբողջ աշխարհում այսօր չկա այդ հարցի պատասխանը, թե այս ճգնաժամից ինչպես պետք է դուրս գալ։ Երկրագունդը երբևէ նման մեծ կրիզիսի առաջ չէր կանգնել։

Կառավարության անդամները չեն բացառում, որ եթե վարակի տարածման տեմպերը շարունակվեն, հնարավոր է նորից սահմանափակումներ մտցնեն տնտեսությունում։ Արդյոք պե՞տք է գնալ այդ ճանապարհով։

– Ինձ թվում է՝ իրականում վարակակիրների թիվը շատ-շատ է, ուղղակի մարդիկ չեն դիմում բժշկի։ Մարդիկ վախենում են, որ եթե դիմեն բժշկի, իրենց անունը դուրս կգա, իրենց հարևաններն ու բարեկամները կիմանան։ Շուտով կարող է այնպիսի իրավիճակ լինել, որ հիվանդանոցներում տեղ չլինի։ Եվ պետք է հետևենք այն երկրների փորձին, որոնք կանոնները խստությամբ կիրառելով՝ ոտքի կանգնեցին։ Իսկապես հիմա ամենաշատը մեր ժողովրդին անհրաժեշտ է կարգապահությունը։ Եթե ուզում են շուտ ոտքի կանգնել, ամեն ինչ վերականգնվի, մեր տնտեսությունը սկսի զարգանալ, մարդիկ գոնե մեկ ամիս պետք է խիստ կարգապահ լինեն ։

Ես ցավում եմ իմ բոլոր ընկերների համար, որոնք այսօր գտնվում են սոցիալական ծանր պայմաններում, բայց հավատացե՛ք՝ կառավարությունն ամեն ինչ անում է, որ թեթևացնի բոլորի հոգսը։ Մենք պետք է օգնենք ինքներս մեզ ու նաև կառավարությանը՝ մեր վարքով։ Ես փողոցում տեսնում եմ, որ տարեց մարդիկ նույնպես չեն հավատում այս վիրուսին, ասում են՝ «ինչ լինում ա, կլինի, ա՛յ մարդ, սաղ սուտ ա»։

Այդ «ա՛յ մարդ, սաղ սուտ ա» կիսագրագետ, իմիջիայլոց մոտեցումը բերում է նրան, որ ունենում ենք իտալա-իսպանական սցենար։ Կամ բոլորս պետք է դուրս գանք, իրար փաթաթվենք, համբուրվենք, վարակվենք, ով գնում է՝ թող բարով գնա, կամ պետք է խնայենք մեր տարեցներին ու խոցելի խմբերին։

Ես նոր եմ վերադարձել Գեղարքունիքի մարզից, ոստիկանները խստորեն ստուգում էին ճանապարհին։ Հենց մարդիկ անցնում են այդ պահակակետերը, նորից դիմակները հանում են։ Այսինքն՝ ո՞ւմ եք խաբում, ինքներդ ձեզ եք խաբում, սիրելի ժողովուրդ։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am