«Ռուսաստանին պետք է, որ այս փուլում հայ-ադրբեջանական պատերազմ, չլինի, բայց նաև չի ցանկանում, որ հակամարտությունն ընդհանրապես լուծվի». Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը

 – Պարո՛ն Վարդանյան, Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթում ի՞նչ կարևոր շեշտադրումներ կային, որո՞նք կառանձնացնեք, ընդհանուր ելույթն ինչպե՞ս եք գնահատում:

– Այդ հանդիպմանը ես մեծ նշանակություն չեմ տալիս, ոչինչ չասող հանդիպում էր, Հայաստանին ոչինչ չտվող: Նիկոլ Փաշինյանի ելույթն էլ, այդ առումով, սովորական ելույթ էր, որևէ դարակազմիկ բան չի ասել:

Համակարծի՞ք եք հնչող տեսակետներին, որ վարչապետը պետք է այդ հարթակում խոսեր Արցախի հիմնախնդրի մասին:

– Իհարկե կարելի էր դրան էլ անդրադառնալ, բայց էլի եմ ասում, դա այն հարթակը չէ, որտեղ Հայաստանի համար կարևոր հարցեր են լուծվում, դա ավելի շատ Ռուսաստանի PR-ի համար ստեղծված հարթակ էր: Ռուսաստանը փորձում է դուրս գալ միջազգային մեկուսացումից ու նմանօրինակ միջոցառումներ է անցկացնում, և Հայաստանի ներկայությունը այդ տնտեսական համաժողովին մեծ նշանակություն չուներ և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար: Դա տնտեսական միջոցառում էր, ու Արցախի հարցն այնտեղ բարձրացնելը, մեծ հաշվով, իմաստ չուներ, չնայած Նիկոլ Փաշինյանը աշխարհաքաղաքական ուղղվածության մի քանի հայտարարություններ էլ արեց, օրինակ՝ Ռուսաստանի օգնությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցը և այլն:

Այդ հայտարարությունն ինչպե՞ս կմեկնաբանեք, պարո՛ն Վարդանյան, տվյալ հարցում Հայաստանն ունի՞ Ռուսաստանի օգնության կարիքը:

– Այս հարցում Մոսկվայի աջակցությունը, կարծում եմ, կա, որովհետև տարածաշրջանում լուրջ իրավիճակ է փոխվել: Եթե 2008 թվականի հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ ու դրանից առաջ էլ Մոսկվան առանձնապես շահագրգռված չէր ու նույնիսկ տորպեդահարում էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ապա հիմա իրավիճակ է փոխվել:

Ռուսաստանը զրկվել է դեպի Արևմուտք դուրս գալու բոլոր հնարավորություններից, բոլոր կոմունիկացիաները փակվել են, ու նրան օդի ու ջրի պես նոր ճանապարհներ են պետք, այդ թվում նաև՝ Ադրբեջանի ու Հայաստանի տարածքով Թուրքիա դուրս գալու ճանապարհ, ինչի համար էլ Ռուսաստանն այժմ փոխել է իր վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված և ինչ-որ առումով Հայաստանի վրա ճնշումներ է գործադրում, որոշ դեպքերում նաև քաջալերում է, որ այդ գործընթացն արագ իրականացվի, ճանապարհները բացվեն, և իրենք կարողանան դուրս գալ դեպի Թուրքիա:

Իսկ Թուրքիան ուզո՞ւմ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել:

– Թուրքիան կողմ է, բայց որպես նախապայման դրել է Ադրբեջանի գործոնը, այսինքն՝ եթե Հայաստանը ցանկանում է բաց սահման ունենալ Թուրքիայի հետ, պետք է կարգավորի հարաբերությունները Ադրբեջանի հետ ու կատարի վերջինիս պահանջները:

Թուրքիան այս մասին բացահայտ է ասում, ու այդ մասին բազմիցս են հայտարարել, որ իրենք խորհրդակցում են Ադրբեջանի հետ, իրենց քայլերը համաձայնեցնում են նրանց հետ, ու պատահական չէ, որ հայ-թուրքական գործընթացում նաև Թուրքիայի կողմից պահանջներ են դրվում Հայաստանի առջև՝ կատարել Ադրբեջանի առաջ քաշած պահանջները՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, սահմանների սահմանազատում, սահմանագծում և այլն:

Ձեր տպավորությամբ՝ այդ պայմանների կատարմանը ռուսական կողմը կաջակցի՞, նկատի ունեմ տարբեր եղանակներով Հայաստանին այսպես ասած համոզել, որ վերջինս անսա ադրբեջանական պահանջներին:

– Այո՛, իհարկե, Ռուսաստանը ճնշումներ է գործադրում: Ռուսաստանին պետք է, որ այս փուլում հայ-ադրբեջանական պատերազմ, հակամարտություն չլինեն, բայց նաև չի ցանկանում, որ հակամարտությունն ընդհանրապես լուծվի, նա ցանկանում է, որ հակամարտությունն այսպես սառեցված մնա, և եթե պետք լինի՝ ինչ-որ պահի կարող են հակամարտությունն ապասառեցնել, դրա համար կա խաղաղապահների գործոնը:

Ռուսաստանին, ինչպես արդեն նշեցի, այս պահին պետք են նոր ճանապարհներ դեպի Թուրքիա, որովհետև Ուկրաինայով գնացող ճանապարհներն ու ծովային ուղիները դեպի Եվրոպա, Թուրքիա արդեն փակ են, Վրաստանով գործող Լարսի ճանապարհն այնքան էլ հուսալի չէ, ու շատ կարևոր է այս փուլում Ադրբեջանի ու Հայաստանի միջոցով դուրս գալ դեպի Թուրքիա:

Ամենևին էլ պատահական չէ, որ ռուս որոշ փորձագետներ «Զանգեզուրի միջանցքն» անվանում են Ռուսաստանի համար կենսական ճանապարհ, նման փորձագիտական կարծիքներ էլ կան կրեմլյան շրջանակների կողմից: Ռուսները, այո՛, Հայաստանի վրա ճնշումներ են գործադրում, որպեսզի իրականացվեն Ադրբեջանի պահանջները, պատահական չէ, որ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան գրեթե բոլոր ճեպազրույցների ժամանակ անընդհատ նշում է, որ պետք է շատ արագ լուծվեն այս հարցերը, նաև արտգործնախարար Լավրովն է պնդում դա:

Պարո՛ն Վարդանյան, հնարավոր համարո՞ւմ եք, որ մինչև տարեվերջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվի խաղաղության պայմանագիր, և ի՞նչ բովանդակություն կունենա այն:

– Հավանականությունը 50/50 եմ համարում, իսկ բովանդակությունը պետք է լինի այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատեն, սահմանները բացվեն, սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողով ստեղծվի և այլն: Ադրբեջանն իհարկե ցանկանում է, որ Հայաստանը նաև հրաժարվի ղարաբաղյան հարցից, Մինսկի խումբը լուծարվի, ինչին կտրականապես դեմ է Հայաստանը:

Իսկ առանց Արցախի հարցի կարգավորման խաղաղության պայմանագրի կնքումը որքանո՞վ է հնարավոր:

– Տեսականորեն հնարավոր է, բայց, իհարկե, առանց հակամարտության լուծման մի օր հնարավոր է, որ այն նորից պայթի, ու ադրբեջանական կողմի մտավախությունը հենց դա է, ինչի համար էլ իրենք ընդհանրապես ուզում են այդ հարցը փակել ու նետել պատմության աղբարկղը, որպեսզի Հայաստանը հրաժարվի ղարաբաղյան հարցից:

Ռուսական կողմը կհամաձայնի՞, որ խաղաղության պայմանագրով փակվի արցախյան հարցը, ինչպես ուզում է Ադրբեջանը:

– Ինչպես նշեցի, Ռուսաստանը չի ցանկանում հակամարտությունը լուծել, նրանք հայտարարել են, որ Արցախի հարցը պետք է առանձնացնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից, նրանց նպատակն է առկախել հակամարտության լուծումը, դրա համար էլ իրենք այսպես ասած ծանր են տանում Մինսկի խումբը «վերակենդանացնելու» ԱՄՆ նախաձեռնությունները: Դրա համար, երբ օրերս ամերիկյան կողմը դեսպան Ռիկերին նշանակեց որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան կողմի համանախագահ, Բաքվում ու Մոսկվայում շատ մեծ աղմուկ բարձրացավ:

Իսկ ամերիկյան կողմը կշարունակի՞ ակտիվություն ցուցաբերել այս հարցում, թե՞ ոչ, պարո՛ն Վարդանյան:

– Կարծում եմ՝ այո՛, իհարկե, այժմ ԱՄՆ-ի գլխավոր ուշադրությունը Ուկրաինան է, բայց ուկրաինական հարցի լուծումից հետո, վստահ եմ, որ շատ մեծ ուժգնությամբ ավելանալու են նաև ղարաբաղյան հարցի լուծմանն ուղղված ջանքերը: ԱՄՆ-ն չի համակերպվի 44-օրյա պատերազմի այս արդյունքների հետ, ԱՄՆ-ն ղարաբաղյան հարցը լուծված չի համարում, այսինքն՝ Արևմուտքն ամենևին էլ չի կարծում, որ ղարաբաղյան հարցը լուծված է, ու այս ուղղությամբ գործուն ջանքեր են գործադրելու ապագայում՝ ուղղակի վստահ եմ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am