Կոշ ՔԿՀ կալանավորն ահազանգում է

Կոշ ՔԿՀ կալանավորն ահազանգում է
Կոշ ՔԿՀ կալանավորն ահազանգում է

Lragir.am-ի խմբագրություն է դիմել Կոշ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Ռուբեն Ամատունին: Նրա տեղեկացմամբ՝ կրել է պատժի օրենքով սահմանված մասը, այժմ ենթակա է վաղաժամկետ պայմանական ազատման, սակայն արդեն երկու անգամ մերժվել է, իր խոսքով, «անհիմն ու անհեթեթ» պատճառաբանություններով: 

Նա դատապարտվել է ազատազրկման 2010 թվականին՝ 7 տարի ժամկետով, ՀՀ Քր. Օր.-ի 175/15, 34-176/15, 35-175/25 հոդվածներով:

«Չունեմ տույժ, հսկում, հաշվառում, բողոք՝ ուղղված իմ դեմ, ընդհակառակը արժանացել եմ երկու խրախուսանքի՝ տրված հանձնարարությունները բարեխղճորեն կատարելու համար: Իմ նախաձեռնությամբ ստեղծել եմ Դատպարտյալների կրթական ինքնագործ միավորումը, որի նախագահն եմ հանդիսանում, Սպորտի ինքնագործ մարմնի անդամ եմ, եղել եմ աջակցություն Դատապարտյալներին հիմադրամի անդամ, զբաղվել եմ ստեղծագործ աշխատաքնով: Իմ խնամքի տակ է գտնվում երկրորդ կարգի հաշմանդամ, ծեր, միայնակ մայրս, ով հիմա գտնվում է առողջական ծանր վիճակում: Իմ գիտելիքների ու ուժերի սահմաններում օգնում եմ, սակայն հաշվի չառնելով այս ամենը, խախտելով Քր. Օր.-ի 76, 77 և Քրեակատարողական օր.-ի 114, 115 հոդվածները, ինձ անհիմն կերպով մերժեցին՝ տալով վաղաժամկետ պայմանական չազատման որոշում՝ պատճառաբանելով հոդվածիս ծանրությունն ու հանցագործության բնույթը»,- գրում է դատապարտյալը:

Նա նշում է, որ մերժումը պատճառաբանել են այնպես, թե «իմ հետ տարվող հոգեբանական աշխատանքը դրական արդյունք չի տալիս և որ ինձ մոտ իբր նկատվում են միջին ագրեսիվության ցուցանիշներ»:

«Ես հայտարարում եմ, որ ինձ հետ որևէ հոգեբանական աշխատանք չի տարվել»,- գրում է դատապարտյալը:

Ռուբեն Ամատունին գրում է, որ քրեակատարողական հիմնարկներում կիրառվող անարդարության պատճառով դատապարտյալներն ու նրանց ընտանիքները ենթարկվում են բարողահոգեբանական ճնշման, ոմանց մոտ այս ամենի հետևանքով ի հայտ են գալիս հոգեկան շեղվածության խնդիրներ, մարդիկ կորցնում են հավատը օրենքի և պետության նկատմամբ:

«Այս խավի նկատմամբ կատարվում է ցեղասպանությանը համարժեք գործողություն, սեփական կառավարության կողմից»,- գրում է դատապարտյալը:

Ռուբեն Ամատունին նաև իրազեկում է, որ ամսական միջինը 140 դատապարտյալի դիմումից պայմանական վաղաժամկետ ազատվում են միայն 4-6-ը: «Մի՞թե 140-ի միայն 4-ն են դրական: Իհարկե ոչ, ուղղակի վերևից տրված բանավոր հրամանի համաձայն կատարվում են մասսայական մերժումներ»,- ասում է նա:

Ռուբեն Ամատունու վաղաժամկետ պայմանական ազատման հարցը երրորդ անգամ քննվելու է հունվարի 31-ին՝ Կոշ ՔԿՀ-ի ադմինիստրացիայի վարչական հանձնաժողովի նիստում: Դատապարտյալը հանրության և ՀՀ կառավարության խնդիրն է հրավիրում այս հարցի վրա:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը վաղաժամկետ պայմանական ազատ արձակման կարգի դեմ դատապարտյալների բողոքներն արդարացի է համարում: «Խնդիրն այն է, որ Հայաստանում վաղաժամկետ ազատ արձակման չափանիշներ չեն գործում: Ըստ էության, գործում է եռաստիճան վաղաժամկետ ազատման համակարգ: Սկզբում տվյալ քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիան է որոշում, թե արժանի է արդյոք տվյալ դատապարտյալը վաղաժամկետ ազատման, թե ոչ: Դա ներկայացնում է, այսպես կոչված, անկախ հանձնաժողովին տվյալ քրեակատարողական հիմնարկին կցված: Անկախ հանձնաժողովից հետո նոր արդեն դատարանն է որոշում նրա վաղաժամկետ ազատ արձակման հարցը»,- Lragir.am-ին ասաց Ավետիք Իշխանյանը:

Նրա խոսքով՝ հիմնականում մարդիկ մերժվում են անկախ հանձնաժողովի կողմից: «Այդ անկախ հանձնաժողով կոչվածը որևէ մեկնաբանություն, որևէ բացատրություն չի տալիս, թե ինչի համար է համատարած մերժումներ կատարում: Հիսուն տոկոսից ավելի, մարդիկ մերժվում են»,- նշեց նա: Կարդալ ավելին