««Մարտիկ» հիմնադրամի քրեական գործի շրջանակում մեղադրանք պետք է առաջադրվի նախևառաջ հենց Սերժ Սարգսյանին». չարաշահումների գործով

««Մարտիկ» հիմնադրամի քրեական գործի շրջանակում մեղադրանք պետք է առաջադրվի նախևառաջ հենց Սերժ Սարգսյանին». չարաշահումների գործով
««Մարտիկ» հիմնադրամի քրեական գործի շրջանակում մեղադրանք պետք է առաջադրվի նախևառաջ հենց Սերժ Սարգսյանին». չարաշահումների գործով

Անահիտ Բախշյանը, ով տարիներ շարունակ պայքարում էր, փորձելով երևան բերել «Մարտիկ» հիմնադրամում հայտնաբերած չարաշահումները՝ բազմաթիվ հայտարարություններ անելով և տարբեր ատյանների դռներ թակելով, «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց, որ այսօր ի վերջո արդյունք կա։

«Արթուր Աղաբեկյանը պետք է պատասխան տա,- ասաց նա, հավելելով, որ իր կարծիքով հիմնադրամում չարաշահումներն անհամեմատ ավելին են,- երկու տարի հարցը բարձրաձայնելուց հետո վերջապես կա փոփոխություն»։

Երկու տարի առաջ Անահիտ Բախշյանն այս խնդրով դիմել էր Սերժ Սարգսյանին և պատկան մարմիններին, սակայն որևէ պատասխան չի եղել՝ ձայն բարբառո հանապատի, հեղափոխությունից հետո նորից է դիմել արդեն նոր իշխանությանը: «Մարդիկ աշխատեցին, և արդյունքն այսօր կա»,- «Մեդիալաբին» ասում է Անահիտ Բախշյանը։

Հիշեցնենք, որ «Մարտիկ» հիմնադրամի՝ առանձնապես խոշոր չափերի գումարները վատնման եղանակով հափշտակելու համար մեղադրանք է առաջադրվել Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանին:

Ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ հիմնադրամում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա՝ 2018 թվականի հուլիս ամսին։

«Առերևույթ չարաշահումներն արձանագրվել են 2012-2016 թթ. ընթացքում, որոնց հետևանքով՝ վատնման եղանակով հիմնադրամին պատկանող միջոցներից հափշտակվել է, նախնական գնահատականով, 54.083.860 մլն ՀՀ դրամ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Քրեական գործով պարզվել է, որ նշված ժամանակահատվածում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է եղել Արթուր Աղաբեկյանը, ով ունեցել է հիմնադրամի աշխատակազմի գործունեությունն անմիջականորեն ղեկավարելու իրավասություն և փաստացի միանձնյա տնօրինել է հիմնադրամի գույքը։

«Բավարար տվյալներ են ձեռք բերվել նաև առ այն, որ հիմնադրամի միջոցների մի մասը ծախսվել է այն հանգստյան գոտու ռեստորանում հյուրասիրությունների կազմակերպման համար, որի բաժնետոմսերի 40 տոկոսը պատկանել է Արթուր Աղաբեկյանին»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Արթուր Աղաբեկյանն արդեն իսկ արձագանքել է նոր զարգացումներին, նշելով, թե չի ընդունում մեղադրանքը։

«Չընդունելով մեղադրանքը՝ շարունակելու եմ համագործակցել քննչական մարմինների հետ։ Խոստանում եմ պարբերաբար իմ իրավասության շրջանակում այս մասին տեղեկացնել իմ հեղինակությամբ և «Մարտիկ» հիմնադրամի ապագայով մտահոգվող ընկերներիս և բարեկամներիս»,- ֆեյսբուքյան իր էջում նշել է Աղաբեկյանը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց, որ «Մարտիկ» հիմնադրամի չարաշահումների մասին շատ ավելի վաղ են բարձրաձայնել, այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը դեռ պաշտպանության նախարար էր, սակայն որևէ հաշվետվություն այն ժամանակ չի ներկայացվել։ Եվ հիմա տրամաբանական է համարում «Մարտիկ» հիմնադրամի կողմից գումարների տնօրինման փաստի հիման վրա քրգործ հարուցելը։

Սաքունցը նշում է, որ դեռևս նախորդ իշխանություններից՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից պահանջում էին տրամադրել «Մարտիկ» հիմնադրամի ֆինանսական հաշվետվության օրինակներ։ Նա նշում է, որ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի համաձայն, նրանք պետք է ամեն տարի հրապարակեն հաշվետվություններ, սակայն «Մարտիկի» հաշվետվությունն այդպես էլ հասանելի չի եղել։ Իրավապաշտպանը նշում է, որ արդարադատության նախարարությունը հիմնադրամի հաշվետվությունն այդպես էլ չէր տրամադրել իրենց։

«Մենք մտանք դատական ատյաններ, մինչև Վճռաբեկ դատարան, սակայն մեզ այդպես էլ չհաջողվեց այդ հաշվետվությունները ստանալ։ Եվ արդեն այն ժամանակ մենք հիմքեր ունեինք պնդելու, որ այս հիմնադրամում զինծառայողներից, հատկապես սպաներից գումարների հավաքագրման կոռուպցիոն մեխանիզմ է գործում։ Եվ մեր ունեցած տեղեկություններով եղել է, որ սպաների աշխատավարձերից ամեն տարի գումարներ են պահվել, եղել են նաև, որ պարտադրել են ԶՈՒ զինանշանով պատկերներ տպել և պարտադիր իրացրել։ Բոլոր զինծառայողներին ստիպում էին գնել»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը։

Նա նշում է, որ «Մարտիկ» հիմնադրամի հետ կապված աղմուկը բավական մեծ թափ ստացավ ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ պատերազմի գործողությունների ժամանակահատվածում բացահայտված բազմաթիվ խնդիրների հետ կապված հասարակական ճնշմամբ հիմնադրամի ներկայացուցիչը՝ Արթուր Աղաբեկյանը, հայտարարեց հիմնադրամում առկա միջոցների մասին։ Ի դեպ, հիմնադրամի հիմնադիրներն են եղել պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արթուր Աղաբեկյանը։

Նրա կարծիքով՝ այս քրգործում միայն Արթուր Աղաբեկյանին չպետք է ներգրավել և նրանով չպետք է սահմանափակվել, այլ առաջին հերթին հենց Սերժ Սարգսյանը պետք է պատասխանատվության կանչվի որպես այն ժամանակ պաշտպանության նախարար։

«Մարտիկ» հիմնադրամի քրեական գործի շրջանակում մեղադրանք պետք է առաջադրվի նախևառաջ հենց Սերժ Սարգսյանին, այլապես կստացվի, որ սա ընտրողական արդարադատություն է»,- նշում է իրավապաշտպանը։

Մանե Հարությունյան

MediaLab.am