«Հակակոռուպցիոն խորհուրդները դրսից փող բերելու նպատակ ունեն». փորձագետները թերահավատ են նոր խորհրդի հաջողության հարցում

«Հակակոռուպցիոն խորհուրդները դրսից փող բերելու նպատակ ունեն». փորձագետները թերահավատ են նոր խորհրդի հաջողության հարցում
«Հակակոռուպցիոն խորհուրդները դրսից փող բերելու նպատակ ունեն». փորձագետները թերահավատ են նոր խորհրդի հաջողության հարցում

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը արդյունավետ չի համարում վարչապետին կից կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, քանի որ մինչ այժմ արդյունք չի տեսել, իսկ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը համոզված է, որ նման խորհուրդների աշխատանքն ուղղված է արևմտյան կառույցներին` ցույց տալու, թե Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքար կա՝ դրսից գումարներ բերելու նպատակով:

«Չենք նկատել պրակտիկա, որ հասարակական հնչեղության կոռուպցիոն դեպքեր բացահայտվեն նման խորհուրդների աշխատանքի արդյունքում,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, շարունակելով,- այսինքն՝ ցանկացած գործ կարելի է տապալել հանձնաժողով ստեղծելով տրամաբանությունը գործում է նաև այս պարագայում: Ամենևին կասկածի տակ չդնելով խորհրդի անդամների պրոֆեսիոնալիզը՝ հարց է առաջանում, թե նրանցից քանի՞սը կոռուպցիոն դեպք կամ սկանդալ բացահայտելու պրակտիկա ունեն»:

Օրեր առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հաստատել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նոր կազմը, որի մեջ ներառվել են տարբեր պաշտոնյաներ, այդ թվում նաև ոմանք, ում հարստության շուրջ բավական հարցեր կան հասարակության շրջանում՝ սկսած վարչապետ Կարեն Կարապետյանից, նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովիկ Հովսեփյանից և արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից, ով ժամանակին մամուլում հայտարարել էր, թե իր հարստությունը ժառանգություն է ստացել տատից:

Խորհրդի կազմում ընդգրկված են նաև մի քանի հասարակական կազմակերպություններ՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Հայաստանի քաղաքացիական ՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, «Տեղեկատվության ազատության կենտրոնը», «Հայաստանի համայնքների միությունը», ինչպես նաև Վազգեն Մանուկյանի գլխավորած հանրային խորհուրդը: Քաղաքական ուժերից խորհրդի կազմում է միայն ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը:

«Եթե երկրում կա իրավապահ համակարգ, որը զբաղվում է հանցագործություններով՝ սկսած կալանավորելուց մինչև կոռուպցիոն դեպքերի բացահայտում, գտնում եմ, որ նման ֆունկցիաները պետք է կատարեն իրավապահ մարմինները: Հետևաբար ունենալ նման խորհուրդ նշանակում է, որ այդ մարմինը բացահայտի դեպքեր, որն իրավապահները չեն կարողացել բացահայտել, և ուղղորդի, որ վերջիններս զբաղվեն էդ հարցերով: Արդյոք դա արդյունավե՞տ սխեմա է, կարծում եմ՝ ո՛չ,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, շարունակելով.- Եթե կան կոռուպցիոն դեպքեր, դրանք նման հանձնաժողովի կամ խորհրդի միջոցով բացահայտելը գրեթե ընտրողական մոտեցում է իրենից ներկայացնում: Դա ցույց է տալիս նաև պետական ստրուկտուրայի գերակշռությունը խորհրդում»:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ երբ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդներ ու հանձնաժողովներ են ստեղծվում, այդ ամենն ուղղված է դրսին. «Որ տեսեք` մենք կոռուպցիայի դեմ պայքարում ենք, որովհետև Հայաստանին ֆինանսավորելու, ներդրումներ անելու, վարկեր տալու պարագայում դրսի կառույցների հիմնական գործոնը հետևյալն է, որ Հայաստանում մեծ չափերի կոռուպցիա կա: Էս ամեն ինչն ուղղված է նրանց, ոչ թե ներսի լսարանին»,- վստահեցրեց իրավապաշտպանը:

Նրա խոսքով՝ առանց խորհուրդներ ստեղծելու՝ Հայաստանում կան ինստիտուտներ, որոնք կոչված են կոռուպցիայի դեմ պայքարելու` Հատուկ քննչական ծառայություն, Քննչական կոմիտե, դատախազություն և այլն: «Կոռուպցիայի դեմ պայքարելու համար բավական է միայն բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերն ուսումնասիրել: Բավական է կառավարության գնումների գործընթացը ստուգել, թե էդտեղ ի՛նչ շահերի բախումներ կան: Իսկ էս ամեն ինչին ես ընդհանրապես չեմ հավատում, որովհետև հակակոռուպցիոն հանձնաժողովներն ու օրենքները գործում են իրավական երկրներում»,- նշեց Իշխանյանը՝ հավելելով, որ չի հավատում, որ Հայաստանում կարող է արդյունավետ պայքար լինել կոռուպցիայի դեմ:

Ուշագրավ է, որ մի քանի ամիս առաջ խորհրդի գործունեության առնչությամբ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում գնահատական էր տվել նաև նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ով ի պաշտոնե եղել է վարչապետի գլխավորած կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամ, հայտարարելով, որ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն արդյունավետ չէ: «Իմ խորին համոզմամբ, այո՛, արդյունավետ չէ, քանի որ ընդամենը խորհրդատվական մարմին է»,- անկեղծացել էր նախկին գլխավոր դատախազը, ով նաև 2008-2011 թթ. հակակոռուպցիոն մոնիթորինգի հանձնաժողովի նախագահն է եղել: Ըստ նրա՝ ընդհանրապես խորհրդակցական մարմիններն արդյունավետ չեն կոռուպցիայի դեմ պայքարում: «Խորհրդակցական որևէ մարմնի արդյունավետություն չեմ էլ ակնկալել»,- ասել էր նա:

Վարչապետին կից կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կատարած աշխատանքների մասին մոտ մեկ ամիս առաջ խորհրդարանում հարց բարձրացրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, թե հասկանալի չէ՝ ի՛նչ արդյունավետությամբ և ինչպե՛ս ծախսվեց մոտ 800 հազար ԱՄՆ դոլարը, որը խորհրդին էր նվիրել ԱՄՆ դեսպանատունը, նշելով, որ խորհրդի արդյունավետությունը տեսանելի չէ: Սրան ի պատասխան հակակոռուպցիոն նոր հանձնաժողովի օրինագիծը ներկայացնող արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն ասել էր.

«Արդյունավետության հետ կապված պետք է հաշվի առնենք այն, թե ինչ գործիքակազմ է ունեցել տվյալ մարմինը: Կոռուպցիայի դեմ խորհուրդն այն ժամանակ էլ խորհրդակցական մարմին էր՝ քննարկելու այս կամ այն հարցադրումը: Երբ հարցը բարձրացնում եք համապատասխան գումարի համար, պետք է նախ ճշգրտել, թե այդ գումարն ինչի՞ համար է տրվել: Գումարի ճնշող հատվածը դեռ ծախսված չէր, վերջին իմ տեղեկություններով, դա նախատեսված է եղել միջազգային կազմակերպությունների կողմից հենց միջազգային փորձագետներին վարձելու համար, որոնք պետք է ինչ-որ աջակցություն ցուցաբերեին: Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն արդյունավետ է եղել մի քանի տեսանկյունից. ծնվել են շատ կարևոր նախագծեր՝ ապօրինի հարստացում, կանխիկ գործառնությունների սահմանափակում, քննարկվել են հակակոռուպցիոն երկու մոդելները: Որպես հարթակ, այն, ինչ պետք է աշխատեր, որոշակի արդյունավետություն եղել է»:

Ծաղրանկարը՝ «Մեդիալաբի»

Մարինե Խառատյան 

MediaLab.am