Էկոնոմիկայի նախարարությունում խմբեր են աշխատում վերացնելու ներդրողների համար բյուրոկրատական խոչընդոտները. Նախարար

Հայաստանի կառավարությունում նախկին համակարգը, որը աշխատում էր կոռուպցիոն սխեմաներով, այժմ չկա, բայց կան որոշակի կոռումպացված տարրեր նախկին համակարգից: Այդ մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով պատգամավորի հարցին:

Նրա խոսքով՝ հին կոռումպացված համակարգի տարրերը, որոնք դեռ գործում են, թույլ են տալիս որոշ պաշտոնյաների կամայական որոշումներ կայացնել, որոնք խնդիրներ են առաջացնում մասնավոր ներդրողների համար:

Նախարարը նաև ասաց, որ ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք կոչված են վերացնել բյուրոկրատական արգելքները:

«Պետք է բյուրոկրատական խոչընդոտները վերացվեն, որպեսզի ներդրողները այլևս կախված չլինեն որոշումներ կայացնող մարդկանց կամայականություններին: Այդ աշխատանքային խմբերը արդյունքներ են տալիս, և մենք շուտով կվայելենք այն»,- ասաց նախարարը: