Նիկոլ Փաշինյանը տեսազանգ է ունեցել Ասիական զարգացման բանկի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեսազանգ է ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Մասացուգու Ասագավայի հետ:

Փաշինյանն իր խոսքում նշել է, որ ԱԶԲ-ն Հայաստանի հուսալի գործընկերներից է, և մեր երկրում տարբեր՝ տրանսպորտի, էներգետիկայի, քաղաքաշինության, առողջապահության և կրթության ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերը, ՀՀ մասնավոր հատվածի զարգացմանը ցուցաբերվող աջակցությունը վկայում են գործընկերության արդյունավետության մասին: «Մենք կարևորում ենք ԱԶԲ հետ համագործակցությունը և դրա շարունակական զարգացումը», – նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը բարձր է գնահատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարման նպատակով ԱԶԲ կողմից Հայաստանին ֆինանսական և տեխնիկական օժանդակության տրամադրումը:

Նիկոլ Փաշինյանը Մասացուգու Ասագավային հրավիրել է այցելել Հայաստան՝ համավարակի ավարտից հետո:

Մասացուգու Ասագավան ջերմորեն ընդունել է վարչապետ Փաշինյանի՝ Հայաստան այցելելու հրավերը՝ ընդգծելով, որ ԱԶԲ-ն կարևորում է Հայաստանի հետ փոխշահավետ գործընկերության խորացումը: ԱԶԲ նախագահը ողջունել է կառավարության՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային ծրագրերը և վերահաստատել ինչպես գործընկերության ծրագրով, այնպես էլ համավարակի հարուցած տնտեսական դժվարությունների հաղթահարման ուղղությամբ Հայաստանին աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Ասագավան նշել է, որ ԱԶԲ-ի և Հայաստանի միջև ձևավորվել է արդյունավետ գործընկերություն, որի շրջանակում շարունակաբար իրականացվում են ՓՄՁ օժանդակության նախաձեռնությունները, տրանսպորտային, էներգետիկ, առողջապահական, ֆինանսական, քաղաքային ենթակառուցվածքների զարգացման և այլ ոլորտներում նախանշված ծրագրերը:

Վարչապետը և ԱԶԲ նախագահը քննարկել են ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև համագործակցության օրակարգի հարցեր:

Այս մասին տեղեկացնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։