Հայաստան. անպտղությունը`պետական կարեւորագույն հիմնախնդիր

Հայաստան. անպտղությունը`պետական կարեւորագույն հիմնախնդիր
Հայաստան. անպտղությունը`պետական կարեւորագույն հիմնախնդիր

Հայաստանում ամեն 5-րդ ընտանիք չի կարողանում երեխա ունենալ. ըստ վերջին` 2009 թվականի հետազոտության` հայ կանանց մոտ 17 տոկոսը տառապում է անպտղությամբ: Մասնագետների կարծիքով` կանանց անպտղությունը պայմանավորված է սթրեսային իրավիճակներով եւ հղիության արհեստական ընդհատումներով, իսկ տղամարդկանց անպտղության պատճառը ոչ առողջ կենսակերպն է:
Թեեւ վերջին տասը տարում երկրում անպտղության մակարդակը 2 անգամ նվազել է, բայց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս ցուցանիշը դեռ ճգնաժամային է համարում, իսկ մասնագետները մտահոգվում են, որ եթե միջոցներ չձեռնարկվեն այս բացասական միտումը վերացնելու ուղղությամբ, ապա երկրի ժողովրդագրական իրավիճակը շուտով սպառնալիքի տակ կհայտնվի:
«Չնայած նախորդ հետազոտության արդյունքները` անպտղության մոտ 32 տոկոս, էականորեն տարբերվում են ներկայիս ցուցանիշից, անպտղության մակարդակը Հայաստանում շարունակում է մտահոգիչ մնալ», – ասում է Առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՀՀ առողջապահության նախարարության եւ այլ կառույցների կողմից համատեղ կատարված «Անպտուղ ամուսնության տարածվածության եւ պատճառագիտության կլինիկահամաճարակաբանական ուսումնասիրություն»-ը վկայում է, որ «անպտղության հետազոտության իրականացումը, առավել եւս բուժումը  դժվարամատչելի է Հայաստանում բարձր գների, բնակչության ցածր իրազեկման, ինչպես նաեւ ցածր արդյունավետության պատճառով»:

Ըստ Սարիբեկյանի` ընդհանուր առմամբ, Հայաստանում բնակվող կանանց անպտղության պատճառները գրեթե նույնն են, ինչ այլ երկրներում` սեռավարակներ, բորբոքումներ, հորմոնալ խանգարումներ, փողերի անանցանելիություն: Անպտղության պատճառներն ունեն նաև իրենց ենթապատճառները, որոնք տարբեր են` ըստ երկրների առանձնահատկությունների:

«Կա մի առանձնահատկություն, որ բնորոշ է հենց Հայաստանին, – բացատրում է Մարդու վերարտադրության կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանը, – 1990-ական թվականների սերնդի ներկայացուցիչները, որոնք պատերազմական շրջանում մութ, ցուրտ ու սթրեսային տարիներ են անցկացրել, այսօր գալիս են մեզ մոտ որպես պոտենցիալ մայրեր: Նրանց մոտ է, որ հիմա հաճախակի հանդիպում են այնպիսի խնդիրներ, որոնց պատճառով չեն կարողանում մայրանալ»:

Բժշկական գիտությունների դոկտոր Համբարձումյանի խոսքերով` Հայաստանում անպտղության պատճառ համարվող հորմոնալ խանգարումներն առաջանում են նաեւ աղտոտված շրջակա միջավայրից:

Մասնագետների կարծիքով` հղիության արհեստական ընդհատման անհաջող դեպքերը եւս Հայաստանում դառնում են անպտղության պատճառ:

«Եթե առաջ չկային մինչամուսնական սեռական կապեր, ապա հիմա նկատելի են: Այդ կապերի արդյունքում շատ են լինում անցանկալի հղիությունները, ինչից ազատվելու համար կանայք դիմում են հղիության արհեստական ընդհատման, որը կարող է ճակատագրական լինել կնոջ համար», – ասում է Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Կարինե Առուստամյանը:

«Անպտուղ ամուսնության տարածվածության եւ պատճառագիտության կլինիկահամաճարակաբանական ուսումնասիրություն» ուսումնասիրության համաձայն` անպտղության մակարդակը հատկապես բարձր է Երեւանում, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում: Անպտղության բարձր ցուցանիշ ունեն նաև հայ տղամարդիկ` մոտ 12 տոկոս, հատկապես Երեւանից ու Գեղարքունիքից, ինչը պայմանավորում են այդ բնակավայրերից արտագնա աշխատանքի մեկնողների մեծ թվով:

«Ամեն ամիս մեր կլինիկա է դիմում վերարտադրողական խնդիրներ ունեցող մոտ 40 զույգ: 70 տոկոսի դեպքում մենք պարզում ենք, որ խնդիրը տղամարդունն է», – նշում է

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Քրիստինա Մելիքյանը:

Մասնագետների գնահատմամբ` տղամարդկանց սնունդը (հիմնականում խորոված կամ եփած միս) ալկոհոլը, ծխելն ու մարմնամարզությամբ չզբաղվելը նույնպես կարող են դառնալ անպտղության պատճառ: Սարիբեկյանի կարծիքով` անպտղության մակարդակն ավելանում է նաեւ արհեստականորեն, երբ յուրատեսակ մտածողության պատճառով տղամարդիկ չեն դիմում բժշկի եւ երեխա չունենալու պատճառը վերագրում կնոջը:

«Նախկինում ընդունված էր, որ կինն է մեղավոր, որ երեխա չեն ունենում: Հաճախ ամուսինները մի քանի տարի երեխա չունենալու դեպքում ամուսնալուծվում էին: Հետո պարզվում էր, որ խնդիրներ հենց ամուսինն է ունեցել», – պատմում է Սարիբեկյանը:

Երբ մեղավոր կողմի փնտրտուքը արդյունք չի տալիս, բժիշկները սովորաբար ախտորոշում են` անպտղության չհայտնաբերված պատճառ, ինչի ցուցանիշը Հայաստանում տղամարդկանց մոտ 8,2 տոկոս է, կանանց մոտ`10,5 տոկոս:

Վերարտադրողականության բնագավառի մասնագետներն ասում են, որ անպտղության բուժումը բարդ ու երբեմն շատ երկարատեւ գործընթաց է. «Հնարավոր է`նույն գործողությունը մի քանի անգամ կրկնելու կարիք լինի: Ու քանի որ պրոցեդուրաները շատ թանկ են, հիվանդները հաճախ մեկ-երկու փորձից հետո նահանջում են` կամ համբերությունն է տեղի տալիս կամ դրամապանակը», – ասում է Էդուարդ Համբարձումյանը:

Հաշվի առնելով երկրում վատթարացող ժողովրդագրական իրավիճակը եւ նպատակ ունենալով բարելավել վերարտադրողական առողջության բնագավառում տիրող իրավիճակը` Հայաստանի կառավարության կողմից հաստատվել է «Մոր եւ մանկան առողջության բարելավման ռազմավարությունը 2003-2015 թվականների համար» եւ «Վերարտադրողական առողջության բարելավման ազգային ռազմավարությունը, ծրագիրն ու գործողությունների ժամանակացույցը 2007-2015 թվականների համար»  որոշումները: Ներկայում Հայաստանի բնակչության թիվը կազմում է 3,2 միլիոն, 1991 թվականից ի վեր բնակչության մակարդակը նվազել է շուրջ 50 հազարով: Անցյալ տարի երկրում 44,810 երեխա է ծնվել, այս ցուցանիշը մեկ տոկոսով է գերազանցում 2009 թվականին  գրանցված ցուցանիշը:

Կառավարության կողմից անպտղությունն ընդունվել է որպես երկրի կարեւորագույն հիմնախնդիր եւ դրվել է նպատակ արդիականացնել անպտուղ ամուսնության ախտորոշման եւ կանխարգելման աշխատանքները: Սակայն մասնագետները նշում են, որ դեռ շատ ավելին պետք է անել, որպեսզի ներկայիս վերարտադրողականության մակարդակը հասնի խորհրդային տարիներին գրանցված միջին ցուցանիշին, որն անհամեմատ բարձր էր:

Իսկ անկախ կլինիկաների մասնագետների խոսքերով`անելիքներ շատ կան, քանի որ վերարտադրողական բժշկությունը Հայաստանում չի գտնվում բավարար մակարդակի վրա, եւ հասու չէ բոլորին, նաեւ այն պատճառով, որ անպտղության բուժումը պետպատվերի շրջանակում չէ:

Անահիտ ու Կարեն Զորիկյաններն արդեն 4 տարի է` չեն կարողանում երեխա ունենալ: Դիմել են բազմաթիվ բժիշկների, տարբեր բուժումների միջով անցել, բայց ապարդյուն. ախտորոշում էլ չկա: Ասում են`համբերեք, կունենաք:

«Արդեն հազարավոր դոլարներ ենք ծախսել անալիզների, բուժումների, դեղանյութերի, բժիշկների վարձատրության վրա: Հույսներս արդեն արհեստական բեղմնավորումն է, բայց դա շատ թանկ ա Հայաստանում», – ասում է Անահիտը:

Վերարտադրողական օժանդակ մեթոդները 3-ն են`արհեստական սերմնավորում, արհեստական բեղմնավորում եւ փոխնակ կամ սուրոգատ մայրություն: Արհեստական սերմնավորումը, երբ բեղմնավորումը կատարվում է կնոջ օրգանիզմում, ամենահեշտն ու ամենամատչելին է`մոտ 50 000 դրամ արժողությամբ (մոտ 130 դոլար): Արհեստական բեղմնավորումն արժե մոտ 1 մլն դրամ (2700 դոլար), իսկ փոխնակ մոր միջոցով զավակ ունենալն արժե 20-30 000 դոլար:

Արփի Հարությունյան

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:  (www.iwpr.net)