Ես միշտ կողմ եմ համերաշխության կոալիցիաներին. ՀՀ առաջին նախագահ

Հայաստանի երեք նախկին նախագահների դաշինքի մասին իմ առաջարկը մերժվել է և այլևս դրան վերադառնալ հնարավոր չէ։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը ու հավելել.

«Ուրիշ բան, եթե խորհրդարանում այնպիսի վիճակ ստեղծվի, մենք էլ անցնենք, Նիկոլն էլ, Ռոբերտն էլ, ուրիշները, և որևէ մեկը մեծամասնություն չունենա, ստիպված պետք է գնանք կոալիցիաներ ձևավորելուն։ Մենք կնայենք, կտեսնենք։

Ես միշտ կողմ եմ համերաշխության կոալիցիաներին, թեև Հայաստանի համար նոր պրոբլմներ ստեղծելու մի երևույթ է կոալիցիա կոչեցյալը, որը կարող է վեց ամիսը մեկ փոխվել, և կընկնենք այն երկրների շարքը, որոնք տարին մեկ երկու երեք կառավարություն են փոխում։ Վատ վարիանտ է, բայց եթե ուրիշ ելք չկա, իհարկե պետք է փորձենք»։

Հարցին, թե եթե խորհրդարանում ստեղծվի մի իրավիճակ, երբ Փաշինյանի և Քոչարյանի միջև ընտրություն պետք է կատարվի որպես վարչապետի թեկնածու, ո՞ւմ կընտրի ՀԱԿ-ը, Տեր-Պետրոսյանը պատասխանեց կատակով. «Գիր-ղուշ կգցենք, կորոշենք»: