«Մի՛ շփացրեք ձեր հարստությունն աղքատների երեսին, դրանով դուք ձեր նկատմամբ հարգանք չեք ավելացնում, միայն զզվանք, ուրիշ ոչ մի բան». Արթուր Մանուկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը

– Պարո՛ն Մանուկյան, Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքի շուրջ ծավալված խոսակցություններն ինչպե՞ս եք գնահատում, կարծիքներ էին հնչում, որ հատկապես հետպատերազմյան բարդ իրավիճակում նման շռայլություններն անընդունելի են։ Համեմատություններ կային ամենաբարեկեցիկ երկրներում երկրի ղեկավարների համեստ հարսանիքների, հարսանյաց տորթերի ու մեր իրականության մեջ տեղի ունեցածի միջեւ ։

– Այս դեպքում սա չտեսության հարց է։ Ես ավելի շատ խղճում եմ իրենց, քան ջղայնանում, որովհետև այն, ինչ իրենք ուզում են, փողով չէ։ Իրենք երջանկություն, ուրախություն են ուզում փողով, բայց դա փողով չէ։ Եվ որքան էլ ծախսեն, դիմացինի մեջ կարող է, եթե մի քիչ խելոք չեղավ, նախանձ առաջացնել և զայրույթ, ոչ ավելի։ 

Սա ընդհանուր մշակույթի խնդիր է, որ հետո Գագիկ Ծառուկյանի թոռն ասի, թե հորս հարսանիքի վրա պապս միլիոններ ծախսեց, բայց դա չէ իմաստը։ Մի սերունդ էլ կփոխվի, և կգա մի սերունդ, որ ավելի ուրախ կլինի բնության պահպանության վրա ավելի շատ գումար ծախսել, քան իր սեփական քթի և հետույքի վիրահատությունների վրա։

-Դուք քննադատում եք նրանց, բայց պատերազմից հետո էլ ԲՀԿ խմբակցության պատգամավորներն իշխանության հասցեին սուր մեղադրանքներ են հնչեցնում։ 

– Ես վաղուց իրենց խոսքերի մեջ ճշմարտությունը գտնելու և բարին փնտրելու ցանկություն չեմ տեսել, դրա համար էլ ես ո՛չ իրենց քննադատությանն եմ հետևում, ո՛չ իրենց ասածն էր իրենց համար արժեք, որովհետև հաջորդ վայրկյանին իրենք գնում են այդ նույն արժեքը ոտնահարում են։ 

Նաիրա Զոհրաբյանը լալահառաչ ասում էր՝ ո՛նց, գերիների ծնողները և այլն, բայց հաջորդ վայրկյանին գնում է տժժալու, դրա համար էլ իրենց ասածը որևէ արժեք չունի ինձ համար։ 

Եվ ես շատ ափսոսում եմ իշխանությանը, մեր դժբախտությունը ոչ միայն մեր կարողությունների մեջ է, նաև ընդդիմության անկարողության մեջ է։

Մեր իշխանության դժբախտությունն այն է, որ ընդդիմություն չունեցանք։ Սա ընդդիմություն չէ, թշնամություն է, որ դու եթե ասես՝ մածունը սև է, իրենք ասեն՝ չէ՛, սպիտակ է, կամ դու ասես՝ սպիտակ է, իրենք ասեն՝ սև է՝ առանց մածունին նայելու։

Անկեղծորեն, ես համոզված եմ և վստահ եմ, որ ՀՀ-ում չկա մեկը, որը չգիտի՝ ի՛նչ է կատարվում, իսկ այն մարդը, որը չգիտի՝ ինչ է կատարվում, ասեմ թե չասեմ, որևէ բան չի փոխվելու այն մարդու մոտ, որը չի հասկանում, թե ինչ է կատարվում։

– Կեսժամանոց հրավառություն և 100 հազար դրամ տուգանք՝ առանց որևէ պատասխանատվության։ Արդյո՞ք այս մոտեցումը կարող է եղանակ փոխել։

Եթե 100 հազար դրամի փոխարեն 100 հազար դոլար էլ դնեինք, էլի իրենք սալյուտ էին անելու, քանի որ իրենց համար հաճույք է խախտելը, իրենք ոչ միայն հաճույք են ստանում օրինական նորմերը խախտելով, այլ նաև շատ տարբեր արժեքային, բարոյական նորմեր, այսինքն՝ հազարավոր մարդիկ ունեն զոհեր, զոհերն ունեն բարեկամներ, լիքը սգավոր կա, և կեսժամանոց հրավառություն… 

Մեկ տարի էլ չի անցել։ Մեր ուրախությունները, մեր տխրությունները տարբեր են։ Եվ ցավում եմ, որ էդպես եղավ, որ այդ մարդիկ նման արժեհամակարգ ունեն, բայց այնպես չէ, որ ես հիմա զարմացել եմ։ Ես ճանաչում եմ իրենց։

– Դերասան Սերգեյ Դանիելյանն ասում է, որ Ծառուկյանը և մյուսները կարող էին փոխվել միայն էն ժամանակ, եթե վախենային իշխանությունից, բայց, դե, էս իշխանությունից ի՞նչ վախենաս։

– Բացահայտ է, որ մենք վախենալու չենք, մենք հո չենք եկել վախեցնելու, վախեցնելու մեջ որևէ ուրախություն չկա։ Հենց վախը տարածողը հո հավերժ չի, հո վախով հարցը չի լուծվում, նայեք՝ Եվրոպան հարցն ինչպես է լուծել։ 

Հազարավոր տարիներ վախի մթնոլորտից հետո հասկացել են, որ վախենալով չէ, դիմացինին հարգելով է։ Հիմա այդ ուրախությունով իրենք ուզում են՝ ես իրենց հարգեմ, չի՛ ստացվում։ Իրենք մեր տխրությունը չեն հարգում, մենք էլ իրենց ուրախությունը չենք հարգի, և այդպես թշնամացած կգնանք առաջ, մինչև չհասկանանք, որ իրար պետք է հարգենք։ 

Ինչո՛ւ ես սալյուտ խփում կես ժամ, ինչի ախր համեստությունը էշություն չէ, համեստությունը ձեռքբերում է, համեստությունը մարդու գործն է, ոչ թե շան կամ անասունի, համեստությունը մարդկային է, մա՛րդ եղեք, էլի: 

Մարդիկ վատ են, երեխա են կորցրել, անհույս են, ո՛նց բացատրենք, որ քո հարևանը, քո հեռավոր ազգականը, քո արյունակիցը վատ են, տղա՛ ջան։

 Մի՛ շփացրեք ձեր հարստությունն աղքատների երեսին, մարդը ուղղակի զզվում է ձեզնից, դրանով դուք ձեր նկատմամբ հարգանք չեք ավելացնում, միայն զզվանք, ուրիշ ոչ մի բան։ Ձեր ունեցվածքը մի՛ շփեք այս չունևոր ազգի գլխին, իսկականից ամոթ է։ 

Ամբողջ աշխարհ եք գնում-գալիս, բայց բան չեք սովորում, սաղ օրը էնտեղ գցած եք, բացի կազինոյից ուրիշ տեղ չեք մտնում: Մտե՛ք այնտեղ հիվանդանոցներ և տեսեք՝ ովքե՛ր են այնտեղ որպես վալանտյոր աշխատում։ Գնացեք տեսեք, թե ի՜նչ հարուստ ընտանիքների երեխաներ են վալանտյորություն անում այնտեղ։ 

Ձեր հարստությամբ դուք ուղղակի աղքատ եք այդ մարդկանց մոտ, իսկ հիմա գնացեք մեր հիվանդանոցներ, տեսեք ձրի աշխատող երեխաներ, տեսեք՝որը ում երեխան է, մի հարուստի երեխա կա՞․․․

Մանե Հարությունյան

MediaLab.am