ԱԳ նախկին նախարար. «Բոլորը հերքեցին, մնացինք մենք և մեր եզրակացությունները»

ԱԳ նախկին նախարար. «Բոլորը հերքեցին, մնացինք մենք և մեր եզրակացությունները»
ԱԳ նախկին նախարար. «Բոլորը հերքեցին, մնացինք մենք և մեր եզրակացությունները»

Հայաստանի ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը նոյեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե Աստրախանում եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը «ոչինչ չասող էր», քանի որ, ըստ Արզումանյանի՝ սկզբից էլ պարզ էր, որ աստրախանյան հանդիպման ժամանակ «ակնառու բան» չի լինելու:
«Ռուսաստանը միջազգային հանրությանը պետք է հիշեցներ, որ, լինելով հավասարազոր Մինսկի խմբի համանախագահող, այնուամենայնիվ, իրեն վերապահում է հատուկ դերակատարություն: Միևնույն ժամանակ, պատգամ է հղում միջազգային հանրությանը, որ ղարաբաղյան հիմնահարցի լուծման բանալին, այնուամենայնիվ, Մոսկվայում է»,- նշել է Արզումանյանը:

Ալեքսանդր Արզումանյանը նաև հավելել է, թե չի կարծում, որ որևէ առաջընթաց կլինի նաև Աստանայում կայանալիք հանդիպմանը: Անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի` համացանցում հայտնված հայտնի տեսանյութին, նա նշեց, թե չի կարծում, որ YouTube-ում տեղադրված ինչ-որ մասնավոր կադրերի վերաբերյալ ԱՄՆ փոխնախագահը հանդես կգա հերքումով, և կհրապարակվեն հեռախոսազրույցները:

«Ամեն մեկն արեց այն, ինչ պահանջվում էր իրենից. մեր կողմը հերքեց, նրանց կողմը հերքեց, բոլորը հերքեցին, բոլորը երջանիկ են, մնացինք մենք և մեր եզրակացությունները»,- նշեց Արզումանյանը:

ԱԳ նախկին նախարարի խոսքով` հենց գործընթացի տրամաբանությունը հանգեցնում է նրան, որ դա հնարավորություն է տալիս այս պահին այդ (Ցեղասպանության) հարցը չարծարծելու: «Սա էր ողջ միտումը այդ նախաձեռնության, որը և իրականացավ: Արդյունքում` թե կոնկրետ բառակապակցություններ և թե որ մակարդակի վրա են օգտագործվել, խնդրանքներ եղե՞լ են, թե՞ ոչ` չեմ կարող ասել»,- հավելեց Ալեքսանդր Արզումանյանը:

© Medialab.am