Օժանդակություն կցուցաբերվի արտադրության և ծառայությունների մատուցման ոլորտներում բիզնես նախաձեռնություններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականությանը:

Մասնավորապես, ներկայացվել է զրոյից բիզնես ստեղծելու նախաձեռնություններին տարբեր գործիքակազմերով պետական աջակցություն ցուցաբերելու միջոցառման նախագիծը: Այն վերաբերելու է Երևանից դուրս արտադրության և ծառայությունների մատուցման ոլորտներում նոր բիզնես նախագծերին: Օժանդակությունը ցուցաբերվելու է Ներդրումների աջակցման կենտրոնի միջոցով:

Քննարկման արդյունքներով միջոցառումն արժանացել է հավանության: Այն առաջիկայում կներկայացվի կառավարության հաստատմանը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հակաճգնաժամային տնտեսական և սոցիալական ծրագրերի արդյունքներին և հետագա քայլերին: