Մոսկվայում մեկնարկել է գազ արտահանող երկրների գագաթնաժողովը՝ Պուտինի մասնակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է Մոսկվայում անցկացվող Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների և կառավարությունների ղեկավարների 8-րդ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Միջոցառումն անցկացվում է Մոսկվայի Առևտրի համաշխարհային կենտրոնում։ Գագաթնաժողովից առաջ տեղի են ունեցել պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական դիմավորման և համատեղ լուսանկարվելու արարողությունները։

Մասնակիցները քննարկելու են բնական գազի դերը համաշխարհային էներգետիկ անվտանգության ապահովման, միջազգային համագործակցության ամրապնդման և համաշխարհային շուկաներ գազի հուսալի մատակարարումների կազմակերպման գործում։

Գագաթնաժողովի ավարտին նախատեսվում է ընդունել եզրափակիչ հռչակագիր։

Սպասվում է, որ Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի, Մոզամբիկի նախագահ Դանիել Չապուի, Հասարակածային Գվինեայի նախագահ Թեոդորո Օբիանգ Նգուեմա Մբասոգոյի և Լիբիայի նախագահական խորհրդի նախագահ Մուհամմադ ալ Մանֆիի հետ։