«Հայաստանը գահավիժում է անդունդ». Ազատամարտիկները կպայքարեն «նոր եւ իրական ընտրությունների» համար

«Հայաստանը գահավիժում է անդունդ». Ազատամարտիկները կպայքարեն «նոր եւ իրական ընտրությունների» համար
«Հայաստանը գահավիժում է անդունդ». Ազատամարտիկները կպայքարեն «նոր եւ իրական ընտրությունների» համար

Ինչպես եւ նախատեսվել էր, այսօր բազմաթիվ ազատամարտիկներ էին հավաքվել Երեւանի կենտրոնում` հայտարարելով, որ ոչ միայն իրենք են համախմբվել, այլեւ պատրաստվում են «համախմբել քաղաքական դաշտը»` պայքարելու Հայաստանի համար: 

Մարտիմեկյան արյունալի իրադարձություններից վեց տարի անց, երբ 2008-ի նախագահական ընտրություններից հետո փողոց դուրս եկած քաղաքացիների եւ ուժայինների բախման հետեւանքով առնվան 10 զոհեր եւ հարյուրավեր վիրավորներ եղան, դեռեւս բացահայտված եւ պատժված չեն իրական մեղավորները:

Ազատամարտիկներն այսօրվա իրենց հանրահավաքի ընթացքում, որի մասնակիցների թիվը, ըստ ելույթ ունեցողների «աննախադեպ» էր, հայտարարեցին, որ պայքարելու են երկրում նոր եւ իրական ընտրություններ անցկացնելու համար:

Ազատամարտիկ Սուրիկ Սարգսյանը հայտարարեց, որ պետք է հավաքվեն կռվող տղերքով եւ որոշում կայացնեն, թե ուր են գնում, որովհետեւ «այսպես ապրելու իրավունք չունենք»:

«Սրանից վեց տարի առաջ տականքը կրակեց հայ ժողովրդի վրա, տասը մարդու կյանք խլեցին։ Եվ արդեն վեց տարի է՝ օրեցօր Հայաստանը գահավիժում է դեպի անդունդ։ Այսօրվանից սկսած մենք պետք է որոշենք, թե ինչ Հայաստանում ենք ապրելու»,- հայտարարեց Սուրիկ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ 2013 թվականի ընթացքում ազատամարտիկները պարբերաբար նստացույցեր արեցին Ազատության հրապարակում՝ իշխանություններից պահանջելով լուծել իրենց սոցիալական խնդիրները եւ առաջ քաշելով իշխանությունների եւ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը:

Փետրվարի 15-ին ԵԿՄ հանրագումարի իր ելույթում Սերժ Սարգսյանն անդրադառնալով ազատամարտիկների կողմից կազմակերպվող հանրահավաքներին եւ իր հրաժարականի պահանջին, որակել էր դա որպես «նվնվոց», ինչը բուռն քննադատության էր արժանացել:

«Ունենք նաև առանձին անհատների նվնվոցը տարբեր հրապարակներում, թե «մենք երկիր ենք պահել, արյուն ենք թափել, և հիմա կամ շատ բարձրացրեք մեր թոշակները, կամ էլ հեղափոխություն ենք անելու: Մենք շատ լավ գիտենք՝ ով որտեղ և ինչքան արյուն է թափել»,-հայտարարել էր Սերժ Սարգսյանը:

Փետրվարի 25-ի հայտարարությունում, ազատամարտիկները կոչ էին արել մարտական ընտկերներին հավաքվել մարտի 1-ին` մեր հայրենիքի անկախության համար պայքարած տղերքով եւ որոշել հետագա անելիքները:

«Ապօրինի իշխանությունների ջանքերով երկրում բարոյազրկվում է ամեն ինչ. եկեղեցիները եվրավերանորոգման են ենթարկվում, դպրոցական ծրագրերը օրեցօր ավելի օտարացվում, խեղաթյուրվում է ամենը, ինչը հայկական է ու ավանդական, իսկ պատերազմի հաղթանակի տարիները ներկայացվում են որպես մթի ու խավարի տարիներ,-մասնավորապես նշված էր ազատամարտիկների տարածած հայտարարության մեջ:

Հայաստանի իշխանագողերի ձեռամբ պղծվում է ամեն ինչ. վերջին ցայտուն օրինակը Երկրապահ կամավորակաների միության օտարումն էր հայ ժողովրդից` տխրահռչակ Սերժ Սարգսյանի ձեռամբ, երբ վերջինս բաժանարար գիծ գծեց իշխանության եւ հայ ժողովրդի միջեւ»:

Ելույթներից եւ կոչերից հետո, ազատամարտիկները միացան Ազատության հրապարակում մեկնարկած ընդդիմության բազամամարդ հանրահավաքին:

© Medialab.am