«Ընտրատեղամասերի 85 տոկոսը անմատչելի են հաշմանդամություն ունեցող մարդկանց համար». Ավագանու ընտրություններ

«Ընտրատեղամասերի 85 տոկոսը անմատչելի են հաշմանդամություն ունեցող մարդկանց համար». Ավագանու ընտրություններ
«Ընտրատեղամասերի 85 տոկոսը անմատչելի են հաշմանդամություն ունեցող մարդկանց համար». Ավագանու ընտրություններ

Հաշմանդամություն ունեցող քաղաքացիները,ինչպես նախորդ ընտրություններում, այս անգամ եւս հիմնականում զրկված են եղել քվեարկելու հնարավորությունից: Այս մասին տեղեկացնում է «Մեդիա կենտրոնի» մամլո հաղորդագրությունը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ: 

«Մեդիա կենտրոնում հյուրընկալված «Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը տեղեկացրեց, որ անգամ տեխնիկական փոքր խնդիրները նախորդ համապետական ընտրություններից հետո չեն վերացվել:

Ինչպես նախկինում, այսօր էլ ընտրատեղամասերի 85 տոկոսը անմատչելի են հաշմանդամություն ունեցող մարդկանց համար,  9 տոկոսը հիմնականում մատչելի է, եւ միայն 6 տոկոսն է լիովին մատչելի:

Արմեն Ալավերդյանը նաեւ նկատեց, որ եթե անգամ տեղամասը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին՝ մուտքի առումով, ապա քվեախուցը հարմարեցված չի:

Ըստ «Ունիսոնի» ղեկավարի, քվեախցերը ոչ միայն պետք է իրարից մեկ մետր հեռավորության վրա գտնվեն, այլեւ պատից, որպեսզի հաշմանդամները կարողանան սայլակով մտնել քվեախուց եւ գաղտնիության պայմաններում կատարել իրենց քաղաքացիական պարտքը: Ի դեպ, Արմեն Ալավերդյանը տեղեկացրեց, որ ժամը 13-ի դրությամբ իր ունեցած տեղեկություններով քվեարկել է հաշմանդամների ընդամենը 2-3 տոկոսը: 

Արմեն Ալավերդյանը նկատել էր բավականին հետաքրքիր փաստ. չտեսնող ընտրողների համար պատրաստված կաղապարը, երբ դրվում է քվեաթերթիկի վրա, որի միջոցով բրայլյան համակարգով հավաքված քվեաթերթիկի բովանդակությունը հասանելի է դառնում կույր ընտրողին, չի համապատասխանում դրա դիմաց թռչնակի համար նախատեսված վանդակին:

Արդյունքում առաջին երկու տողի դիմաց նշում անելու տեղ ուղղակի չկա:

Բացի այդ, եթե կաղապարը շրջված է դրվում քվեաթերթիկի վրա, ապա նշումը ստացվում է ոչ թե աջ, այլ քվեաթերթիկի ձախ կողմում, ինչը մեխանիկորեն քվեաթերթիկը դարձնում է անվավեր»:

© Medialab.am