«Բոլորը չէ, որ փողի գայթակղությանը դիմանում ն, բայց այդ դեպքերը կբացահայտվեն ու դուրս կգան արանքից». Վարազդատ Կարապետյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

– Պարո՛ն Կարապետյան, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը ներկայացրեց վիճակագրություն, ըստ որի՝ նախկինում մենաշնորհներ ունեցող գործարարները զիջել են դիրքերը, մենաշնորհները կոտրվում են: Դուք ի՞նչ եք նկատում, և ի՞նչ աշխատանք է կատարվում այս ուղղությամբ:

– Ամենակարևորն այն է, որ կառավարության մակարդակում մենաշնորհները չունեն ջատագովներ, տանիքներ: Եվ դա նշանակում է, որ այդ ոլորտներ ցանկացած մուտք ազատ է, և ցանկացած ձեռնարկություն այսօր հատկապես ներկրումների մասով ազատ է, կարող է Հայաստան ներկրել ցանկացած ապրանք: Հիմա մենք նաև պետք է հետևենք, որ այսօր շուկայում գերակա դիրք ունեցող ընկերությունները դեմպինգային ու ոչ մրցակցային գործիքներ չկիրառեն: Մնացածը շուկան ինքը կկարգավորի:

– Նախկինում մենաշնորհներ ունեցող արտոնյալները այսօր ի՞նչ դիրքեր են զբաղեցնում տնտեսությունում:

– Ինձ թվում է՝ նրանք հարմարվում են խաղի նոր կանոններին: Այսինքն՝ բոլորն էլ հասկացել են, որ Հայաստանում այս պրոցեսն անշրջելի է, և հիմա պետք է այս նոր կանոններով խաղանք ու նոր կանոններով աշխատենք: Այսինքն՝ արդար ու հավասար կանոններ բոլորի համար, ոչ մի հովանավորչություն:

– Երբ ասում եք՝ ոչ մի հովանավորչություն, բացառո՞ւմ եք, որ նոր կառավարության կողմից երբևէ կարող է հովանավորչություն լինել այս կամ այն բիզնեսի կամ գործարարի նկատմամբ:

– Ես հուսով եմ, որ նման դեպքեր չեն լինի: Չեմ բացառում, որովհետև մարդիկ միշտ էլ կարող են գայթակղվել, բայց ես վստահ եմ, որ այլևս այդօրինակ բուրգեր չեն լինի: Այսինքն՝ կազմակերպված չի լինի այդ ամենը:

– Բուրգերն այսուհետ քանդվա՞ծ են:

– Այո՛, բայց առանձին դեպքեր իհարկե կլինեն: Գիտեք, բոլորը չէ, որ փողի գայթակղությանը դիմանում են: Բայց այդ դեպքերը կբացահայտվեն ու դուրս կգան արանքից:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում հայտարարեց՝ «որևէ մեկը թող չմտածի, որ մենք կմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել»: Սա ի՞նչ ուղերձ է երկրի ղեկավարի կողմից:

– Ես կարծում եմ, որ հիմնական ուղերձն այն է, որ այն սկզբունքները, որոնք հռչակված են կառավարության կողմից, անշրջելի են, և բոլորս պետք է աշխատենք այդ սկզբունքներով: Այո՛, դա նշանակում է, որ կառավարությունը հարմարվողականություն չի դրսևորելու, և այն սկզբունքային փոփոխությունները, որոնք դրված են օրակարգում, պետք է տեղի ունենան:

– Իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը դժգոհեց կոռուպցիոն բացահայտումներից, ասաց, որ իրեն չեն գոհացնում տեմպերը: Ի՞նչ կարծիք ունեք այս բացահայտումների վերաբերյալ:

– Ես հստակ չեմ կարող պատասխանել այդ հարցին, որովհետև շատ պրոցեսներ կան, որոնք դեռևս հանրությանը հայտնի չեն: Կարծում եմ՝ մեր իրավապահ համակարգը աստիճանաբար դրանք կբացի հանրության համար: Ես չեմ կարող գնահատական տալ այս աշխատանքին, քանի որ ծավալը չեմ պատկերացնում: Հնարավոր է՝ 1000 գործ են միանգամից վարում և միայն այն գործերն են հանրայնացնում, երբ գործը վերջնականապես բացված է: Թե հիմա քանի՛ գործ են զուգահեռ վարում, դա հնարավոր չէ ասել:

– Տնտեսական հանցագործությունների վերաբերյալ կարծես կառավարության որդեգրած քաղաքականությունն այն է, որ եթե թալանածը վերադարձնեն պետությանը, նախկին պաշտոնյաները կարող են պատժից ազատվել: Դուք որքանո՞վ եք այս մոդելն ընդունելի համարում:

– Ես շատ լավ եմ վերաբերվում այդ մոդելին, դա անցումային արդարադատության սկզբունքներին համահունչ է: Եվ կարծում եմ՝ հենց այդ մոտեցումը պետք է կիրառվի Հայաստանում:

– Դա չի՞ կարող հետագայում էլ այդ հանցագործությունների կրկնության պատճառ հանդիսանալ: Մարդիկ մտածեն՝ կթալանեն, հետո եթե բռնվեն, թալանածը կվերադարձնեն ու կազատվեն պատժից:

– Կարծում եմ՝ ոչ, որովհետև ամեն դեպքում պրոցեսը ցավոտ է լինելու բոլոր նախկին գործընթացների մեջ ներգրավված մարդկանց համար: Ես նկատի ունեմ այն, որ ամեն դեպքում գումարի կամ սեփականության վերադարձը ցավոտ պրոցես է, որով պետք է անցնեն նրանք: Ես կարծում եմ, որ ընդհանրապես մեր երկրում ցանկացած գործընթաց պետք է լինի մասնակցային, հասարակությունը պետք է մասնակցի գործընթացին: Եվ այս սեփականության վերադարձի հարցը ևս ծայրաստիճան պետք է թափանցիկ լինի:

– Կառավարությունը օրենսդրական նախաձեռնություն ընդունեց, ըստ որի՝ Հայաստանում Քաղաքացու օր կնշվի: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս որոշմանը:

– Ես կարծում եմ՝ կառավարությունը բոլոր հարցերը չէ, որ կհասցնի լուծել: Ես կոչ եմ անում, որ այդ օրը մարդիկ սկսեն լուծել այն խնդիրները, որոնք կառավարությունը չի հասցրել լուծել՝ կապված հարևաններին օգնելու, երկրի մաքրության, ոտնահարված իրավունքների վերականգնման կամ այլ խնդիրների հետ:

Այսինքն՝ դա ոչ թե այն օրն է, որ մարդիկ պետք է մեծ սեղան գցեն, նստեն ուտեն և խմեն, այլ այն օրն է, որը մարդկանց պետք է հիշեցնի քաղաքացու պարտականությունների, միմյանց օգնելու ու հոգատար հանրություն լինելու մասին: Արժե նման օր ունենալ, այդ ազդանշանը պետք է անընդհատ հնչի մարդկանց ականջներում, որ քաղաքացու դերը կարևոր է հատկապես այն բոլոր հարցերում, որտեղ կառավարությունը չի հասցնում աշխատանք իրականացնել:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am