ՍԱՏՄ տեսուչները Քանաքեռ-Զեյթունի սուպերմարկետներից մեկում խախտումներ են հայտնաբերել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները շաբաթօրյա ստուգայցերն անցկացրել են Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի խոշոր խանութներում:

Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ից՝ հայտնաբերվել են խախտումներ. կորոնավիրուսի դեմ պայքարի նորմերը չեն պահպանվել սուպերմարկետներից մեկում. բացակայել է ջերմաչափման գրանցամատյանը, հաճախորդները չեն կրել դիմակներ:

Կազմվել է 1 արձանագրություն:

Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Կորոնավիրուսի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: