Եթե սեպտեմբերի 1-ին առաջին դասարանցին նստի էկրանի մոտ, նա արդեն դպրոցի մասին խեղաթյուրված պատկերացում կունենա․ Սերոբ Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցազրույցը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ

– Պարո՛ն Խաչատրյան, ուսումնական տարին ավարտվում է, համավարակի պատճառով Հայաստանի կրթական համակարգը նոր փորձության առաջ կանգնեց։ Ի՞նչ եք կարծում՝ ստացվե՞ց հեռավար կրթությունը։

– Քանի որ մենք, ըստ էության, պատրաստ չէինք, իհարկե, շատ մեծ ակնկալիքներ չէինք կարող ունենալ։ Այն, ինչ տեղի ունեցավ, իհարկե չենք կարող կոչել հեռավար կրթություն։

Դա հեռավար կրթություն էր արտակարգ իրավիճակում, որովհետև հեռավար կրթությունը պահանջում է նախևառաջ տեխնիկական ապահովվածություն։ Եթե դուք հեռավար կրթություն եք ուզում անել, ապա բոլորին պետք է ապահովեք տեխնիկական սարքերով, վերապատրաստեք ուսուցիչներին։ Հեռավար կրթությունը պրոֆեսիոնալ կրթություն է, որի համար պետք է ունենալ համապատասխան հմտություններ։

Այդ ամենով հանդերձ, իհարկե, պատրաստ չէինք, և այն, ինչ տեղի ունեցավ, շատ հախուռն էր։ Երկու բան տեղի ունեցավ, նախ՝ նախարարությունը ուսուցիչներին հորդորեց սկսել ամեն հնարավոր գործիքներով աշխատել, հընթացս վերապատրաստումներ արվեցին, հետո՝ բլոգով տեսադասեր նկարահանվեցին։

Ընդհանուր առմամբ, այս երկու ամսում ուսուցիչներն ու աշակերտները ավելի շատ բան սովորեցին, քան նախորդ տարիների ընթացքում։

– Ի՞նչ նկատի ունեք։

– Նկատի ունեմ, օրինակ՝ Zoom-ը օգտագործելը, տարբեր թվային գործիքների կիրառությանը սկսել տիրապետելը։ Այսինքն՝ բավական բարձրացավ տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված գրագիտությունը։ Երբ մարդը նեղ վիճակի մեջ է ընկնում, պատրաստ է ինչ-որ քայլեր անել, որ այդ վիճակում կարողանա ջրի երեսին մնալ։

Նույնն էլ մանկավարժների պարագայում է՝ երբ հայտնվեցին նեղ վիճակում, սկսեցին ինչ-որ նորարարություններ անել։ Այդ իմաստով շատ լավ է, որովհետև ես վստահ եմ, որ երբ վերադառնանք դպրոց, այս գործիքները կշարունակեն օգտագործվել։

Օրինակ՝ ես չեմ բացառում, որ որոշ ուսուցիչներ տեսադասեր սկսեն նկարահանել, որոշ ուսուցիչներ իրենց դասղեկի ժամը, ծնողական ժողովները Zoom-ով անեն և այլն։

Բայց եթե այս ամենին նայենք կրթության որակի տեսանկյունից, ապա հիմնականում աշակերտները հետընթաց ունեցան։ Իհարկե, գուցե կան երեխաներ, որոնց ավելի շատ դուր եկավ այս ձևը, բայց, ընդհանուր առմամբ, դպրոցական և միջին մասնագիտական կրթության համար բացառապես հեռավարը այդքան էլ արդյունավետ ձև չէ։

Այսինքն՝ հեռավարը այն արդյունավետությունը չունի, ինչ ունի դեմ առ դեմ հանդիպումը։ Այդ իմաստով հետընթաց ունեցանք, բայց նաև ցավալի է, որ չհաջողվեց համավարակի թվերը նվազեցնել։ Եթե այս ձևով շարունակվի նաև հաջորդ տարի, անկումը շատ ավելի խոր կլինի։

Բայց հիմա նախարարությունն ունի երեք ամիս ժամանակ պատրաստվելու համար։ Պետք է, միևնույն է՝ ամեն ինչ անել, որ վարակի տեմպը նվազի, որ գոնե առաջին դասարանում կամ կրտսեր դպրոցում դասեր անեն։

Առաջին դասարանում դասեր չանելը շատ մեծ վնաս կտա, որովհետև բոլորս էլ գիտենք, որ դպրոցական կրթության առաջին պահը շատ կարևոր է։

Եթե սեպտեմբերի 1-ին առաջին դասարանցին նստի էկրանի մոտ, նա արդեն դպրոցի մասին խեղաթյուրված պատկերացում կունենա և հետո՝ հաջորդ ուսումնական տարում, երբ գնա դպրոց, շատ դժվար է լինելու ուսուցչի համար։ Դրա համար մենք պետք է ամենաէքստրեմալ ծախսերը անենք, որ ․․․

Օրինակ՝ աշխարհի մի շարք երկրներում փորձում են ապակյա պատնեշներով տարանջատել երեխաներին։ Առաջին դասարանցիների համար մենք սա պարտադիր պետք է անենք։

Մնացածները գոնե գիտեն՝ դպրոցն ինչ է։ Կրտսեր դպրոցը ևս կարևոր է, որովհետև երեխաները այդ տարիքում օտար լեզուներ են սկսում սովորել։ Եթե հիմա ձախողենք, վաղը լուրջ խնդիրներ ենք ունենալու։

– Պաշտոնապես հայտարարվում է, որ երեխաները այս վարակը ծանր չեն տանում, թեթև է անցնում հիվանդությունը, և դրան ի պատասխան հնչում էր նաև պահանջ՝ եթե երեխաները թեթև են տանում հիվանդությունը, ուրեմն պետք է բացել դպրոցները։ Կարծում եք արժի՞ դպրոցները բացել։

– Դա բժշկական հարց է, ես չեմ համարձակվի կարծիք հայտնել։ Օրինակ՝ Շվեդիայում դպրոցները չփակեցին, աշխարհի մի շարք երկրներ կրտսեր դպրոցները բաց պահեցին, Ռուսաստանի վիճակագրությունը գիտեք՝ ինչ վատն է, բայց, միևնույն է, նրանց գյուղական դպրոցներին հնարավորություն տվեցին աշխատել, Արցախում տեսանք դաշտային դասարան։

Այսինքն՝ առողջապահության կազմակերպիչները պետք է կատարեն վերլուծություններ և պատասխանեն այդ հարցերին։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am