Իսպանիայում միգրանտներին ԵՄ անօրինական տեղափոխմամբ զբաղվող ցանց է բացահայտվել

Իսպանիայի ոստիկանությունը Մադրիդում բացահայտել է հանցավոր ցանց, որը կազմակերպել էր կեղծ փաստաթղթերով միգրանտների անօրինական մուտքը Եվրոպա։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Իսպանիայի իրավապահ մարմինների հայտարարությանը, «Ազգային ոստիկանության աշխատակիցները Մադրիդում բացահայտել են հանցավոր կազմակերպություն, որը, ենթադրաբար, կեղծ փաստաթղթերի միջոցով նպաստում էր միգրանտների անօրինական մուտքին Եվրոպա»։

Ոստիկանության տվյալներով՝ խումբը միգրանտներին տրամադրել է կեղծ կոլումբիական փաստաթղթեր, ինչը նրանց հնարավորություն է տվել ազատ տեղաշարժվել տարբեր երկրներով։ Գործողության ընթացքում ձերբակալվել է երկու անձ։

Հետաքննությունը սկսվել է մոտ մեկ տարի առաջ, երբ արձանագրվել էին դեպքեր, ըստ որոնց՝ Դոմինիկյան Հանրապետության քաղաքացիները օգտագործել էին Էկվադորում ձևակերպված կեղծ կոլումբիական փաստաթղթեր։ Քննչական տվյալներով՝ յուրաքանչյուր միգրանտ հանցավոր խմբին վճարել է շուրջ 5000 դոլար՝ իր երթուղին կազմակերպելու համար։