«Սա պետականության դեմ ուղղված քայլ է». Ազատ դեմոկրատները դատապարտում են ԵՏՄ անդամակցության պայմանագրի ստորագրումը

«Սա պետականության դեմ ուղղված քայլ է». Ազատ դեմոկրատները դատապարտում են ԵՏՄ անդամակցության պայմանագրի ստորագրումը
«Սա պետականության դեմ ուղղված քայլ է». Ազատ դեմոկրատները դատապարտում են ԵՏՄ անդամակցության պայմանագրի ստորագրումը

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրումը: Այս մասին ասվում է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ: Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, ստորագրելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, ՀՀ իշխանությունները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, Հայաստանի զարգացման հեռանկարը հարցականի տակ դրեցին:

Այդ պայմանագրի ստորագրմամբ Հայաստանի Հանրապետությունը կորցնում է անկախության անպիսի կարևորագույն ատրիբուտներ, ինչպիսիք են անկախ արտաքին քաղաքականություն և ինքնուրույն ֆինանսատնտեսական գործառույթ իրականացնելու հնարավորությունը։

Ակնհայտ է, որ ԵՏՄ-ն Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումների իրականացումն է և նպատակ ունի ինքնիշխանությունից զրկել նախկին հետխորհրդային երկրներին՝ դրանով իսկ համաշխարհային հանրությանը ցույց տալով իր թվացյալ ուժը։

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է ի դեմս Սերժ Սարգսյանի` ՀՀ իշխանությունների կատարած նման քայլը, քանզի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն իրական սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անկախությանն ու ինքնիշխանությանը, սա պետականության դեմ ուղղված քայլ է։

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրումը հակասում է 1990 թ. օգոստոսի 23–ին ընդունված Անկախության հռչակագրին, որում հստակ նշվում է. «Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա որոշում է իր տնտեսավարման սուբյեկտները և կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ»:

Այս պայմանագրի ստորգրումը նաև հակասահմանադրական քայլ է, քանզի ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածը հռչակում է, որ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է», իսկ ՀՀ Սահմանադրության 114–րդ հոդվածի համաձայն` «Սահմանադրության 1–ին, 2–րդ և 114–րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն»։

2013թ. սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանում Եվրասիական տնտեսական միության կողմնակիցների հիմնական փաստարկն այն էր, թե այս միությանն անդամակցելով ՀՀ-ի և ԼՂՀ-ի անվտանգությունը երաշխավորված է լինելու, սակայն հայ-ադրբեջանական սահմանին ամիսներ առաջ տեղի ունեցած դեպքերը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին բացառապես հարձակողական տիպի ռազմատեխնիկայի վաճառքը ցույց տվեցին այդ փաստարկի սնանկությունը: Ուստի անընդունելի ենք համարում այս քայլը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտնագությամբ քողարկելու միտումները, քանզի ավելի մեծ հարված ՀՀ և ԼՂՀ անվտանգությանը, քան Հայաստանի պետականության և ինքնիշխանության հիմքերի թուլացումն  է, հնարավոր չէ պատկերացնել։

Վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը կարող է լինել միայն զարգացման հեռանկար ունեցող, միջազգային հարթակում վստահություն առաջացնող Հայաստանի Հանրապետությունը` իր մարտունակ բանակով: Ցավոք, ՀՀ իշխանությունները, ստորագրելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, փաստացիորեն, հարցականի տակ դրեցին մեր պետության և՛ զարգացման հեռանկարը, և՛ միջազգային վարկն ու հեղինակությունը»։

© Medialab.am