Գոյության տարածք. Նարինեն և «Արցախի թագուհին»

Ուշ գիշերվա մթության ու համատարած լռության մեջ, ցածրահարկ տների արանքում փոքրիկ հացի փռի լույսերն են միայն վառ։ Ներսում միայնակ մի կին է աշխատում։ Արցախցի Նարինեն է։ Ձեռքերը խմորի վրայով արագ հետ ու առաջ է անում ու, մտքերով ընկած, հացերը մեկը մյուսի հետևից արագ-արագ վառարան ուղարկում։ «Արցախի թագուհի» հացն այսպես է «վերածնվել» Արարատի մարզի Լուսառատ գյուղում։

Սպիտակ պատի վրա «Աստված օրհնե սկսածս գործը» գրության կողքին Արցախից բերված մի փունջ ցորենի հասկն է կախված, ներքևում «Արցախի թագուհիներն» են շարված՝ պատրաստ արդեն լուսաբացին գնորդներին հասնելու։

Նարինե Բադասյանը Ստեփանակերտում էր ապրում ամուսնու ու երկու երեխաների հետ։ Նոր էին տունը վարկով գնել, որդու երազանքն էր մեծ ու հարմարավետ տուն ունենալն ու ընկերներին այդ տանը հյուրընկալելը։ Դեռ չէին հասցրել լիարժեք վայելել ու արդեն երկրորդ անգամ գաղթական դարձան։ 

Նարինեն Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից է։ Գյուղը կորցնելուց հետո ևս մեկ անգամ այնտեղ վերադառնալու, տատի, պապի շիրիմին այցելելու ու գյուղի հարազատ օդը շնչելու երազանքն այդպես էլ անկատար մնաց, բայց չէր պատկերացնում, որ արդար քրտինքով վաստակած ու ստեղծած տան դուռն էլ մի օր պետք է փակի անվերադարձ։

«Վերջին 5 տարին Ստեփանակերտի հացի փռում էի աշխատում։ Իրավիճակը ծանր էր հատկապես բլոկադայի օրերին՝ էլեկտրաէներգիայի բացակայություն, ալյուրի ու աղի պակաս, ցամաք հացի սպասող մարդիկ, որ գիշերվանից հերթ էին կանգնում փռի առաջ։ Բայց նույնիսկ այդ իրավիճակում չէինք տրտնջում, դիմանում էինք»,- հուզվում է Նարինեն։

Հիշում է՝ Արցախում բլոկադայի բարդ օրերին երկար ժամեր աշխատելուց հետո հաճախ առանց հացի էր տուն վերադառնում, որ հերթում մնացած մարդիկ գոնե մեկ հաց տուն տանեն։ Նշում է՝ աշխատել են գիշերը, աշխատել են առանց հանգստի, աշխատել են նույնիսկ կրակոցների տակ։ Ասում է՝ պատրաստ էին ամեն տեսակի զարգացման, բայց ոչ հայրենիք կորցնելուն։ Հիշում է՝ սեպտեմբերի 24-ն էր, լուրեր տարածվեցին, որ ով չհասցրեց դուրս գալ՝ ճանապարհը նորից փակվելու է։ 

«Փռից առանց հացի տուն եմ վազել, տեսնեմ՝ ամուսինս լացում է, ոնց որ թևերս կոտրվեին, բայց ցույց չտվեցի։ Հավաքվեցինք, միայն երեխաների շորերը վերցրեցինք ու լացելով տան դուռը փակեցինք։ Արդեն հասկանում էինք, որ էլ հետ չենք գալու։ Նստել ենք արագ մեքենան, ու չեմ կարողացել գոնե մեկ անգամ հետ շրջվեմ, տանս նայեմ, սիրտս ցավում էր։ Երկու հասուն մարդիկ, երեխայի պես լացելով, հեռացել ենք»,- պատմում է Նարինեն։

Ամուսինը մեքենայի հետևի նստարանները հանել է, որ կարողանան երկու ներքնակ տեղավորել, որ երեխաները ճանապարհին չհոգնեն։ Գիտեին՝ օրերով կարող է ճանապարհներին լինեն։ Հին ու մաշված «ԳԱԶ 24» մակնիշի մեքենան ընտանիքին Արարատի մարզի Լուսառատ գյուղ է հասցրել։ Հիշում են, թե ինչպես էին անցակետում թուրքերը ծաղրում իրենց։ Վիրավորանքը, ցավը չափ ու սահման չունեին։

«Եկանք Լուսառատ գյուղ, որտեղ նաև 2020-ի պատերազմից հետո էինք եկել։ Այստեղ ընտանիք կար, որի հետ արդեն հարազատացել էինք։ Այս անգամ էլ մեզ ընդունեցին, բայց ամբողջ բարեկամներով ցաք ու ցրիվ եղանք․ ծնողներս Սևանում են, քույրս՝ Եղվարդում»,- խոր հոգոց է քաշում Նարինեն։

Նարինեն մասնագիտությամբ մանկավարժ է։ 12 տարի դպրոցում է աշխատել, հետո հանգամանքների բերումով թողել է աշխատանքն ու հացի փռում աշխատանքի անցել։ 

Լուսառատում հաջողվել է դատարկ ու քարուքանդ մի տուն գտնել։ Տանտերերն արտերկրում էին։ Տունը միայն բարի մարդկանց շնորհիվ ու միջոցներով են կարողացել բնակելի տեսքի բերել։ Կոսմետիկ վերանորոգում են արել, այստեղից-այնտեղից իրեր հավաքել ու ընտանիքը տեղավորել։ Երբ նոր էին տեղափոխվել, Նարինեի համար մի տեսակ անիրականանալի երազանք էր թվում նորից հաց թխելը, բայց փորձել է առաջ նայել:

«Գյուղում եռաֆազ հոսանք ունեցող մի տարածք գտանք ու բարերարների միջոցով կարողացանք սարքավորումները գնել։ Այսքան ցավից ու կորուստներից հետո մի դրական բան գոնե եղավ, ես կրկին հացի վառարանի կողքին եմ։ Գյուղում հաց թխողներ կային, բայց իմ «Արցախի թագուհի» հացս չկար, հիմա կա»,- ժպտում է Նարինեն։

Հացը Նարինեն դստեր անունով է Թագուհի կոչել։ Ասում է այդ հացը 4-5 օր փափուկ է մնում։ 420 գրամանոց հացը 200 դրամով է վաճառվում։

Լուսառատում էլի կան արցախցիներ, ու Նարինեի հիմնական գնորդները հենց նրանք են, թեպետ գյուղի բնակիչներն էլ արդեն սիրել են «Արցախի թագուհուն»։ Հիշում է՝ մի օր տեղացիներից մեկն իրեն հարցրեց, թե ո՞նց է անում, որ իր հացն ուտելիս ստամոքսը չի ցավում։ Նարինեն գաղտնիքը բացել է՝ խմորիչ շատ քիչ է օգտագործում։

«Այսօր ես գոնե կարողանում եմ իմ ընտանիքի օրվա հացի փողը վաստակել։ Երեք ամիս առաջ ոչինչ չունեի, միայն իմ ընտանիքին շրջապատող բարի մարդիկ ու մի փոքր հույս։ Հույս, որը չմարեց»,- ասում է Նարինեն։

Երբ հացի փուռը նոր էր բացել, առաջին օրը 30 հաց է թխել։ Երկրորդ օրն արդեն 70-ը թխեց, իսկ 2 ամիս անց արդեն օրական 150-170 հաց է թխում։ Առայժմ միայնակ է հասցնում: Թխում է ու խանութներին բաժանում։ Պատրաստ է և ուզում է ավելին թխել, ասում է՝ կհասցնի։ 

Հացի փուռը տնից մի փոքր հեռու է, 10 րոպեի ճանապարհ է մեքենայով։ Ամեն օր գիշերը ժամը 4-ին է փուռ գալիս ու սկսում թխել, որ առավոտյան անուշաբույր հացը պատրաստ լինի։ Ամուսինն է մեքենայով բերում իրեն ու հետո ինքը տուն վերադառնում՝ երեխաների մոտ։ 

«Ինձ համար դուռը փակում եմ ու էլ ոչինչ չեմ նկատում, սկսում եմ թխել։ Թխելուց էլ հաճախ մտքերով եմ ընկնում։ Իմ Արցախն եմ հիշում, իմ հաճախորդներին եմ հիշում։ Արցախում ուրախ օրեր շատ ենք ունեցել, հիշելու շատ բան կա, ու անգամ դժվար օրերին փորձում էինք միասնական լինել, իրար օգնել, որ հեշտ հաղթահարենք։ Բոլորս հավասար էինք»,- պատմում է Նարինենն ու հիշում, թե ինչպես է վերջին օրերին հացի փոխարեն ալյուր բաժանել հաճախորդներին, որովհետև լույս չկար, որ հաց թխեին, իսկ հերթում կանգնած մարդկանց չէին ուզում դատարկաձեռն տուն ճանապարհել։ 

Հիմա Նարինեն հացից բացի պատվերով նաև ժենգյալով հաց է թխում։ 

«Պապս ասում էր՝ արցախցու ճակատը պինդ ա, երևի ճիշտ էր, որ այսքանից հետո կարողանում ենք նորից ապրել ու ստեղծել»,- ասում է Նարինեն ու նորից սկսում վառարանի դռները շրխկացնել։ Արագ-արագ հացերը հանում, նորերն է վառարան ուղարկում։ Երկնքում արդեն լուսաբացի առաջին շողերն են երևում։

«Արցախի թագուհի» հացի փուռն էլի խախտում է շրջապատի լռությունն ու Արցախի համն ու հոտը տարածում շուրջբոլորը։ 

Սաթենիկ Հայրապետյան

MediaLab.am