Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների անցկացումը ուղերձ էր հիմնականում Իրանին ու Հայաստանին. Մուշեղ Խուդավերդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը

– Պարո՛ն Խուդավերդյան, Թուրքիայի նախագահը վերընտրվելուց հետո առաջին անգամ պաշտոնական այցով եղել է Ադրբեջանում, ձեր ընդհանրական դիտարկումներն եմ խնդրում այցի ու նախագահների հայտարարությունների մասով։

– Ավանդական այց է դա, երբ ընտրվելուց հետո առաջին այցը լինում է կա՛մ Թուրքիա, կա՛մ Ադրբեջան, որովհետև նրանք կարծում են, թե ոչ մի հարցում շեղում չունեն, շահերը նույնական են։ Հայտարարություններից պարզ է, որ Թուրքիան ու Ադրբեջանը երբեք միմյանց մենակ չեն թողնի։ Այս համատեքստում հետաքրքրական են նաև Ադրբեջան-Իրան հարաբերությունները, երբ գնալով սրվում են հարաբերությունները, ու Թուրքիայի նախագահի այցն Ադրբեջան կարելի է դիտարկել նաև այս կոնտեքստում, որ Իրանի դեմ Թուրքիան Ադրբեջանին մենակ չի թողնի։ 

Պետք է նկատել նաև, որ չնայած Էրդողանը վերընտրվեց, բայց նախարարական կազմի փոփոխությունները վկայում են այն մասին, որ արևմտամետ մարդիկ են կարևոր պաշտոնների նշանակվում, իսկ ռուսամետներն արդեն դուրս են մղվում դաշտից։

– Այսինքն՝ Թուրքիան փոխո՞ւմ է արտաքին քաղաքական վեկտորը։

– Թուրքիան շարունակում է մնալ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, բայց գիտենք, որ մինչև այս տարվա ընտրություններն Էրդողանը փորձում էր ընդգծված ռուսամետ քաղաքականություն վարել։ Չնայած մայիսի 14-ին Էրդողանը հաղթեց ընտրություններում, բայց փաստ է, որ ձայների տարբերությունը բավական փոքր էր, իսկ դա վկայում է այն մասին, որ նա այլևս լիարժեք հեղինակություն չունի Թուրքիայում։ Ակնհայտ է, որ Արևմուտքի հետ հակամարտությունում Էրդողանը պարտվում է, մյուս կողմից էլ՝ Ռուսաստանի անհաջողություններն Ուկրաինայում նպաստում են դրան։

– Պարո՛ն Խուդավերդյան, Էրդողանը Շուշիում հյուպատոսություն բացելու պատրաստակամություն է հայտնել, ըստ նրա՝ Անկարայի այդ քայլը «ուղերձ կլինի ամբողջ աշխարհի, մասնավորապես՝ Հայաստանի համար»։ Ի՞նչ ուղերձ նկատի ունի Թուրքիայի ղեկավարը։

– Ուղերձն այն է լինելու, որ Շուշին Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս է, ու հայկական կողմը փաստացի պետք է հաշվի նստի դրա հետ։ Ուղերձ են նաև նրանց համատեղ զորավարժությունները, որոնց մասին խոսեց Ադրբեջանի ղեկավարը, այդ ուղերձներն ուղղված են այն երկրներին, որոնք իրենց դեմ ինչ-որ ծրագրեր ունեն, խոսքն առաջին հերթին Հայաստանի ու Իրանի մասին է։ Այսինքն՝ Արևմուտք-Ռուսաստան լարված հարաբերությունների ֆոնին թուրք-ադրբեջանական կողմը մշտապես իրականացնում է զորավարժություններ, Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանի ու Արցախի նկատմամբ անփոփոխ է մնում։

– Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին, թեև հայկական կողմը բազմիցս հերքում է դա։

– Վերջերս Ադրբեջանի փոխվարչապետը հայտարարեց, որ այդ հարցով համաձայնության են եկել, որ Հայաստանով անցնելիք ճանապարհները՝ Ադրբեջանի արևմտյան շրջաններն ու Նախիջևանը կապող, հսկի ռուսական կողմը, ինչն ամրագրված է նոյեմբերի 9-ի հայտարարությունում, այսինքն՝ այդ միջանցքը ամեն դեպքում լինելու է: 

Ես դա կոչում եմ միջանցք, քանի որ դա չեն վերահսկելու հայկական զինված ուժերը, իսկ մի ճանապարհ, որը հսկում է այլ երկրի զինուժ, փաստացի քո երկրի ինքնիշխան տարածքը չէ։ Թուրք-ադրբեջանական տանդեմն ունի իր հստակ նպատակներն ու կարմիր գծերը, որոնց հետևողականորեն հասնելու փորձեր են արվում։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am