«Սերժ Սարգսյանի հայտարարությունը հաղորդում է հանցագործությունների կոծկման մասին, և պետք է քրեական գործ հարուցվի նրա  նկատմամբ». Արթուր Սաքունց

«Սերժ Սարգսյանի հայտարարությունը հաղորդում է հանցագործությունների կոծկման մասին, և պետք է քրեական գործ հարուցվի նրա  նկատմամբ». Արթուր Սաքունց
«Սերժ Սարգսյանի հայտարարությունը հաղորդում է հանցագործությունների կոծկման մասին, և պետք է քրեական գործ հարուցվի նրա  նկատմամբ». Արթուր Սաքունց

Օրերս Սերժ Սարգսյանը Դիլիջանում համայնքի ղեկավարների առաջ ելույթ էր ունեցել և սպառնացել, որ ով չի ուզում նոքար լինել, թող գնա աղա դառնա, գնա ուրիշ գործի: Նա նաև խնդրել էր՝ որևէ մեկը նոր տարուց հետո՝ լինի մարզպետ, լինի նախարար կամ իրեն մոտ մարդ, այդպիսի դեպքերում չմիջնորդի որևէ համայնքապետի ներելու համար: Իրավապաշտպանները հայտարարում են՝ Սերժ Սարգսյանի ելույթը հաղորդում է հանցագործության մասին, և իրավապահները ժամ առաջ պետք է զբաղվեն դրանով։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Մեդիալաբի» հարցին, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը պաշտոնյաների վարքի վերաբերյալ խնդիրները սկսեց համայնքների ղեկավարներից, այլ ոչ թե, օրինակ` կառավարության անդամներից, նշեց.

«Իմ համոզմամբ՝ ավտորիտար երկրում լայնածավալ ու համատարած օպտիմալացում է տեղի ունենում, և Սերժ Սարգսյանի՝ այդ օպտիմալացման քաղաքականության ծրագրի ամենաբազային, հիմնային կառույցները ինքնակառավարման մարմիններն են, որոնց թիվը բավական մեծ է։ Երկրորդ` ճիշտ է, համայնքները միավորվում են, բայց ռեսուրսները խոշորանալու են։ Սերժ Սարգսյանը շատ լավ տիրապետում է գողության չափերին ու սահմաններին»,-ասաց իրավապաշտպանը, հավելելով, որ չկա ոչ մի սենթ կամ դրամ, որ գտնվի ստվերում, ու Սերժ Սարգսյանը տեղյակ չլինի։ Ամբողջ տեղեկատվական համակարգը, նրա խոսքով, հիմնված է հենց այդ խնդիրը լուծելու համար, որ տիրապետի ֆինանսական հոսքերին՝ ստվերային, կոռուպցիոն և օրինական։

Արթուր Սաքունցի դիտարկմամբ՝ ուղղակի տեղի է ունենում օպտիմալացման ընթացքում հնարավոր փոփոխությունները կանխելու, միաժամանակ նոր սուբյեկտներին կառավարելու մոդելն ամրագրելու գործընթաց։

«Համայնքները կոռուպցիոն համակարգում իրենց լուրջ տեղն ունեն, որովհետև կոռուպցիան օդից չի առաջանում, այլ կոնկրետ տեղերից։ Նախարարներին ինչո՞ւ չի ասում, որովհետև նրանց անձամբ է նշանակում։ Եթե ինքը նախարարներին ասի՝ քի՛չ գողացեք, նշանակում է պատասխանատվության հարցն անմիջական է, որովհետև ինքն է նշանակում, ինքն էլ պետք է հեռացնի աշխատանքից կամ որոշակի միջոցներ ձեռնարկի։ Տեղական իշխանությունների դեպքում, այնուամենայնիվ, համայնքի ղեկավարներն ընտրվում են, և ինքը ֆորմալ առումով կարող է ասել՝ դուք համայնքի ղեկավարներին ընտրում եք, և ես չեմ կարող նրանց նկատմամբ կոնկրետ գործողություն իրականացնել։ Չնայած եթե ուզենա` ցանկացած մարդու էլ կարող է իր որոշմամբ հեռացնել, անկախ նրանից` ընտրովի պաշտո՞ն է, թե՞ նշանակովի։ Ինչպես, ասենք, ժամանակին թույլ չտվեց Գյումրիի ու Վանաձորի նախկին քաղաքապետին առաջադրվել։ Այսինքն՝ տեղական ինքնակառավարման համակարգը ևս իր հսկողության տակ է։ Նախարարների դեպքում նաև իրավական պատասխանատվությունն է անմիջական»,- ասաց Արթուր Սաքունցը։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ այս հայտարարությամբ Սերժ Սարգսյանն ուզում է դրսին, Եվրոպային ցույց տալ, թե ինքն ունակ է պայքարելու կոռուպցիայի դեմ, որպեսզի այնտեղից նորից գումարներ ստանա, Արթուր Սաքունցը նշեց, որ չի կարծում, թե Սերժ Սարգսյանը նման մտահոգություն ունի, որ դրսի համար խոսի այդ թեմայով։ Բայց եթե նույնիսկ ենթադրենք, որ այդ նպատակով է խոսել, ապա, ըստ նրա, դա այն լեզուն, բառապաշարն ու տրամաբանությունը չէ, որը կհամապատասխանի եվրոպական կառույցներին ենթադրյալ ուղերձներ հղելու համար, որովհետև ընդհանրապես որևէ ընդհանուր եզր չունի եվրոպական, ժողովրդավարական ու իրավական պետությանը բնորոշ բառապաշարի հետ։

«Եթե որևէ եվրոպացու Սերժ Սարգսյանի ելույթը թարգմանեն և ներկայացնեն, նա չի հասկանա, թե ի՛նչ է ասում, և արդյոք սա հարիր կամ թույլատրելի՞ է ժողովրդավարական երկրում, որովհետև ցանկացած ժողովրդավարական և իրավական երկրում նման հայտարարություն կատարող անձը անհապաղ հրաժարական կտար հանրային ճնշման, էլ չեմ ասում` բավական լուրջ քրեական հետապնդման ազդեցության տակ։ Ես վստահեցնում եմ, որ քիչ թե շատ ժողովրդավարական ու իրավական պետությունում որևէ պաշտոնյայի կողմից նման հայտարարությունների դեպքում գլխավոր դատախազությունն անհապաղ քննություն կսկսեր, իսկ այդ անձը ուղղակի ստիպված կլիներ հրաժարական տալ»,- ասաց իրավապաշտպանը:

Նա նաև նշեց, որ սա Սերժ Սարգսյանի կողմից հաղորդում է հանցագործությունների կոծկման մասին, և նախևառաջ պետք է քրեական գործ հարուցվի Սերժ Սարգսյանի նկատմամբ: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հենց այդ ուղղությամբ է աշխատում, քանի որ Սարգսյանը կոծկել է համայնքային ղեկավարների կողմից համայնքի բյուջեն թալանելու գործերը։

Մանե Հարությունյան

MediaLab.am