«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը
– Պարո՛ն Կարապետյան, Ադրբեջանի նախագահը բացառել է Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերադարձը, իսկ պայմանագրի ստորագրման մասով վերահաստատել է, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից հետո միայն կստորագրի այդ պայմանագիրը: ԱՄՆ փոխնախագահի այցից առաջ կարծիքներ էին հնչում, որ այդ այցը լավ շանս է գոնե ռազմագերիների հարցի լուծման մասով, բայց ունենք այն, ինչ ունենք: Ալիևի այս հայտարարությունները պահա՞նջ, թե՞ վերջնագիր են հայկական կողմին:
– Այո՛, ճիշտ եք, որ ժամանակին՝ Վենսի այցելության շրջանակներում, ես ուղիղ գնահատական տվել եմ, որ խիստ կասկածում ու բացառում եմ, որ հնարավոր կլինի ճնշման գործիքակազմով կամ խնդրանքով պարտադրել ադրբեջանական կողմին ամերիկյան միջամտությամբ, առավել ևս՝ Վենսի միջամտությամբ ռազմագերիների վերադարձի հարց քննարկել: Իհարկե հարցը քննարկել են, բայց Ալիևի պատասխանը ակնհայտ է՝ ռազմագերիներին համեմատել է ֆաշիստների հետ, նմանեցրել է անջատողական, նացիստական ռեժիմին, սրանով նաև հայկական կողմին է մեղադրել ֆաշիստական, ագրեսոր լինելու մեջ: Այսինքն՝ սա ուղիղ մեղադրանք է նաև մեր ժողովրդի, մեր պետության դեմ: Փաստն այն է, որ գերիների վերադարձ այս պահին անհնար է, առավել ևս այս ձևաչափով:
Ինչ վերաբերում է պայմաններին, պահանջներին, բազմիցս ենք խոսել այդ մասին, միշտ ասել եմ, եթե անգամ այդ պահանջները կատարվեն, ապա Ալիևը առաջ է քաշելու նոր պահանջներ, որոնք էլի արդիական են լինելու, իմպերատիվ պահանջներ պարունակող են լինելու, օր ու ժամ է դրվելու Հայաստանի իշխանությունների վրա՝ դրանք ի կատար ածելու, որովհետև էլի հնչելու է միտքը, որ այդ պահանջները ևս պետք է կատարվեն, որպեսզի պայմանագիրը ստորագրվի:
Կա պարզ, դոգմատիկ ճշմարտություն, դա այն է, որ Հայաստանի տվյալ իշխանությունները ՀՀ Սահմանադրության փոփոխությունը լինի, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ կատարվողը լինի, կրթական համակարգի, Սփյուռքի հետ առնչվող, Ցեղասպանության ճանաչման հետ կապված ցանկացած հարց պայմանավորում են Ալիևի ուղիղ հրահանգներով ու դրանք կատարում են նրա սպառնալիքների տակ: Այսքանով հանդերձ՝ արդյոք եկե՞լ է իրական խաղաղությունը, արդյոք ամփոփվա՞ծ է խաղաղությունը, ինչպես ներկայացնում է գործող իշխանությունը, իհարկե ո՛չ, դա ինքնախաբեություն է ու սեփական ժողովրդին երևակայականը իրականության տեղ հրամցնելու քայլ:
– Այս պարագայում առարկայական ի՞նչ օգուտ տվեց Հայաստանին ԱՄՆ փոխնախագահի այցը:
– Առանց թերագնահատելու կամ գերագնահատելու այցը, այդուհանդերձ, ես գնահատում եմ որպես կարևոր այցելություն միջպետական հարաբերությունների համատեքստում, դրանք ինտենսիվ զարգացող հարաբերությունների մասին են՝ բավականին հետաքրքիր դրվագներով, բայց պետք է գործնականում տեսնենք դրանց կիրառելիությունը, որովհետև այստեղ խութեր կան՝ կապված 4 + 5 միլիարդ դոլարի ներդրման հետ, որովհետև հասկացանք, որ դա իրական ներդրում չէ, այլ՝ ընդհանուր քաղաքականության շրջանակներում վարվող ֆինանսական համագործակցություն է:
Երկրորդ՝ Ադրբեջանի հետ ևս ԱՄՆ-ն արդեն ունի ռազմավարական համագործակցություն, եթե համեմատենք դրանք, ապա ստացվում է, որ այս պահին ԱՄՆ-ի հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի հետ համահավասար ու սիմետրիկ են, ընդ որում՝ ռազմավարական հարաբերությունների շրջանակներում շատ ավելի լավ իրավիճակ է Ադրբեջանի համար, քան Հայաստանի: Որովհետև, նայեք, նաև այդ 11 միլիոն դոլարի ներդրումով V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքերի մասով խնդիր կար, որը Հայաստանին իհարկե տրամադրվում է, բայց դրանք հետախուզական ու մշտադիտարկում իրականացնող դրոններ են, այլ ոչ թե՝ ռազմական գործողություններ իրականացնող: Իսկ Ադրբեջանի հետ ռազմական տեխնիկայի ու սպառազինության պայմանագրեր են կնքել, հիմա դուք համեմատեք՝ ինչքա՞ն է սիմետրիկ:
-Պարո՛ն Կարապետյան, եթե ԱՄՆ-ն հայտարարում է, որ տարածաշրջանում խաղաղությունը իր համար առաջնահերթություն է, ինչո՞վ եք բացատրում այն, որ ռազմագերիների հարցում առարկայական արդյունք չարձանագրվեց:
– Գիտեք ինչու, ուղիղ հարց եմ տալիս ձեզ. Հայաստանի գործող իշխանության պետական մոտեցումն ինչպիսի՞ն է գերիների հարցում, գոնե մեկ անգամ լսե՞լ եք պաշտոնական հայտարարություն գերիների վերադարձի մասով, արդյոք գործող իշխանությունները ցանկանո՞ւմ են, որ նրանք վերադարձվեն, իրենց ուժերի ներածին չափով բոլոր վերպետական գործիքակազմերը կիրառե՞լ են:
Աշխարհը տեսնում է, որ հայկական կողմն ի պաշտոնե այդ մասին հայտարարություն չի անում, հետևաբար ԱՄՆ-ն ու աշխարհաքաղաքական ցանկացած այլ կենտրոն կարող է ասել, որ եթե Հայաստանի իշխանությունները որպես պահանջ, խնդրանք մեզ չեն ներկայացնում, ապա մենք ինչու պետք է ստանձնենք այդ պարտավորությունը:
Եկեք ուղիղ խոսենք, նախ՝ այս իշխանությունների համար իսկական գլխացավանք է այդ մարդկանց վերադարձը, երկրորդ՝ Ադրբեջանի համար ևս առհասարակ խնդիր է լինելու, եթե այդ մարդկանց հայրենադարձնի, որովհետև սեփական հանրությանը նա այդ մարդկանց ներկայացրել է անջատողական, ահաբեկչական ղեկավարներ, որոնք իբր մարդկության դեմ հանցանք են գործել ու կարող են իբր թե ռևանշիստական գործողություններ իրականացնել, ապա ինչպես ես այդ մարդկանց ազատ արձակում: Փաստն այն է, որ հայկական կողմը չի ցանկանում այդ մարդկանց վերադարձը, ադրբեջանականն էլ չի տա:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
















