Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացին՝ հայտարարելով, որ պաշտոնական խաղաղության համաձայնագրի ստորագրումը հնարավոր չէ առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության։
«Առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվի»,-ասել է նա:
Ալիևի խոսքով՝ Հայաստանի Սահմանադրությունում պահպանված ձևակերպումները, որոնք հղում են անում Անկախության հռչակագրին, Բաքուն դիտարկում է որպես «տարածքային պահանջ» Ադրբեջանի նկատմամբ։
«Առանց դրա խաղաղության համաձայնագրի ստորագրում չի լինի», -ասել է նա՝ ընդգծելով, որ Սահմանադրական փոփոխությունը, իր գնահատմամբ, նախապայման է գործընթացի ավարտի համար։ Միևնույն ժամանակ Ալիևը պնդել է, որ «խաղաղությունն արդեն իսկ ձեռք է բերվել», և այժմ մնում են միայն իրավական ձևակերպումները։ Նրա խոսքով՝ կողմերը Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագրի տեքստը, իսկ սահմանին իրավիճակը «կայուն է»։
Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ Հայաստանի կողմից նախատեսվող հանրաքվեն, եթե այն հանգեցնի Սահմանադրության փոփոխության, կվերացնի վերջին խոչընդոտները պաշտոնական խաղաղության ստորագրման ճանապարհին։ Հարցազրույցում Ալիևը վստահություն է հայտնել, որ խաղաղության գործընթացը կարող է ավարտվել ընթացիկ տարվա ընթացքում։



















